Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որպեսզի մեծ զիջումներ ստանա Հայաստանից Ստորագրված կանոնակարգը չպետք է գաղտնի պահեն. Ռուբեն Գալչյան

ՀՀ արտգործնախարարությունն այսօր պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն ավարտել են համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայնեցման աշխատանքը։

«2024թ. ապրիլի 19-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արձանագրությանը համապատասխան՝ Հանձնաժողովներն ավարտել են համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայնեցման աշխատանքը:2024 թ. օգոստոսի 30-ին Հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը համապատասխան կերպով ստորագրվել է:

Ներկա պահին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը սկսել են ներպետական ընթացակարգերի իրականացումը»,-նշված է ԱԳՆ հաղորդագրությունում։

Սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը պետք էստորագրվեր դեռևս հուլիսի 1-ին, սակայն անհայտ պատճառներով նշված ժամանակում չստորագրվեց:

Կարդացեք նաև

ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալչյանի խոսքով՝ քանի դեռ չի հանրայնացվել կանոնակարգիբովանդակությունը, որևէ մեկը չի կարող ասել, թե հաջորդիվ ի՞նչ գործընթացներ են տեղի ունենալու՝ Վայոց ձորում, Սյունիքում կամ այլ վայրում տեղի կունենա՞ սահմանազատման գործընթաց, թե՞ ոչ։

«Երբ բացահայտվի կանոնկարգը, և հստակ հասկանանք, թե այնտեղ ինչ է գրված՝ ընդհանուր եզրակացություններ կարող ենք անել, իսկ առանց բովանդակության ոչինչ չենք կարող ասել։ Բայց եթե նույնիսկ այդ կանոնակարգում գրված լինի, որ Ադրբեջանը մեզ է վերադարձնելու բոլոր այն բարձունքները, որոնք 2021 թվականի մայիսի 12-ից օկուպացրել է, միևնույն է՝ դրա հավանականությունը շատ քիչ է։ Ինչո՞ւ եմ այդպես կարծում՝ բացի այն գործընթացները, որոնք այսօր Ադրբեջանն իրականացնում է Հայաստանի դեմ, նաև սեպտեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են, շատ հնարավոր է՝ այդ ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանը չվավերացնի այդ կանոնակարգը՝ մերժի։ Իսկ դա ի՞նչ կնշանակի, որ կրկին կանգնելու ենք այս նույն իրավիճակի առաջ»,-168.am-ի հետ զրույցում նշեց քարտեզագետը։

Նա վստահ է՝ Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որպեսզի մեծ զիջումներ ստանա Հայաստանից. բոլոր միտումներն ակնհայտ են։

«Բազմիցս ասել եմ, որ ՀՀ իշխանությունը որևէ բան չպետք է անի, մինչև այդ կանոնակարգը վերջնականապես Ադրբեջանը չվավերացնի։ Եվս մեկ անգամ հորդորում եմ՝ սահմանագծման աշխատանքներ չանեն մյուս տարածքներում, մինչև այդ կանոնակարգը չվավերացվի, Տավուշի մարզում ևս չպետք է սահմանագծում անեին։

Ադրբեջանը հայկական կողմին շտապեցրեց, որպեսզի Տավուշում էլ օգտվի, բայց դրանով հանդերձ՝ Տավուշի որոշ հատվածների հարցը շարունակումէ առկախված մնալ, օրինակ, ճանապարհներ կան, որոնք մտնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, հետո կրկին դուրս գալիս հայկական կողմի վերահսկողության տակ, սա էլ մի խնդիր է, որն առանձին լուծում պետք է ունենա»,-հավելեց մեր զրուցակիցը։

Նա հույս հայտնեց, որ հայկական կողմը որևէ քայլի չի գնա, մինչև կանոնակարգը վերջնականապես Ադրբեջանի խորհրդարանը չվավերացնի, իսկ հայկական կողմից եթե հողային հարցեր լինեն սահմանագծման ընթացքում, պետք է անպայման հանրաքվե իրականացվի։

«Տավուշում Ադրբեջանի նկրտումները բոլորովին այլ էին, ինչ պահանջել են՝ ստացել են։ Կիրանցի կամուրջը վերցնելուց հետո, հիմա մարդկանց համար 15 կմ-ով ճանապարհը երկարել է, եթե նոր կամուրջ կառուցեն՝ 1 կմ-ով կերկարի։

Այդ կանոնակարգը, որը պետք է գնա մեր ԱԺ, այնուհետև՝Սահմանադրական դատարան՝ վավերացվելու, մինչև ՍԴ հասնելը պետք է հանրայնացվի, որպեսզի ժողովուրդը տեսնի, թե ինչ է ընդունվել։ Այդ կանոնակարգը, կարծում եմ՝ չպետք է գաղտնի պահեն»,-եզրափակեց Ռուբեն Գալչյանը։

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 15-ին ԱԳՆ-ից հայտնել էին, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

«Հանդիպման ընթացքում Հանձնաժողովները, 2024թ. ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրության համաձայն, քննարկել են կատարված աշխատանքները և, հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում հստակեցված կոորդինատները, ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թվականի տեղագրական քարտեզի համաձայն, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979 թվականին, համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) -Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի առանձին հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը»,-հայտնել էին ԱԳՆ-ից:

Տեսանյութեր

Լրահոս