Ինձ կաշկանդում է միայն այն, որ էս մարդը՝ Աշոտյանը, նստած է ու նստած է ինձ գաղտնալսելու արդյունքում. նա երբեք ինձ փաստաբան չի առաջարկել. Արմեն Աշոտյանի գործով առանցքային վկա
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ վերջապես Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով հանրային մեղադրողները և դատավորն ու Արմեն Աշոտյանի պաշտպանները հնարավորություն ունեցան հարցաքննել առանցքային վկա Կարեն Ակոպյանին, որի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու արդյունքում էլ արդեն 1 տարի 2 ամիս կալանավորված է Արմեն Աշոտյանը։
Վկայի հարցաքննությունը, ավելի ճիշտ` դրա արդյունքները հանրային մեղադրողների համար, դժվար է ասել՝ անակնկա՞լ էին, թե՞ ոչ, բայց, որ լույս սփռեցին այս գործի վրա ու քանդեցին մեղադրանքի կողմի փաստարկները, ակնհայտ է։
Կարեն Ակոպյանին նախ հարցաքննեցին հանրային մեղադրողները։
Վկան ամենասկզբից էլ նշեց, որ Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) աշխատակիցների համար հյուրանոցային համարներ կամ հանգստյան տուն ձեռք բերելու հարցը միշտ էլ ակտուալ է եղել, և ԵՊԲՀ աշխատակիցները ժամանակ առ ժամանակ բարձրացրել են այդ հարցը։ Կարեն Ակոպյանը, ով նշված ժամանակահատվածում եղել է բուհ-ի աշխատակազմի ղեկավարը, ասաց` աշխատակիցների համար հյուրանոցային համարներ ձեռք բերելու նախաձեռնությամբ ինքն է հանդես եկել, ինքն է գնացել նշված համալիրը տեսնելու, եկել է ու տեղեկացրել Մարթա Սիմոնյանին, ով այդ պահին զբաղեցրել է արհկոմի նախագահի պաշտոնը։
«Դուք անընդհատ շեշտում եք, որ սենյակները ձեռք են բերվել բուհ-ի փողերով, բայց դրանք բուհ-ի փողերը չեն, այլ արհկոմինը, ինչը գոյանում է աշխատակիցների աշխատավարձից»,- հանրային մեղադրողներին դիմելով՝ ասաց նա։
Երբ հարց հնչեց, թե արդյո՞ք արհկոմի նախագահի ընտրությունների ժամանակ բուհ-ի ղեկավարության կողմից միջամտություն եղել է, Կարեն Ակոպյանը բացառեց դա` նշելով, որ միջամտություն չի եղել ո՛չ արհկոմի նախագահի ընտրության ժամանակ, և ո՛չ էլ արհմիության գումարները ծախսելիս։
Վերջինս նշեց` հանրային մեղադրողների հարցերն իրեն խճճում են, և դրանք միտված չեն ճշմարտությունը բացահայտելուն, այլ նպատակ ունեն հիմնավորել մեղադրանքը։
Ի պատասխան դատախազներից մեկի հարցի, թե արդյո՞ք գործարքն ինչ-որ մեկի համար է արվել, Կարեն Ակոպյանը պատասխանեց` ոչ, երբեք։
Հաջորդ հարցը վերաբերում էր գաղտնալսման մեջ հնչող վկայի այն խոսքին, թե ինքը մեղավոր է։ Վկան չհերքեց, որ նման բան է ասել։
«Ասել եմ ու հիմա էլ եմ ասում` մեղավոր եմ, որ Մարթային տարա, ցույց տվեցի այդ հյուրանոցը, որովհետև ես եմ տեսել ու հավանել այն։ Ընկերոջս հետ հարբած խոսել եմ, չեմ էլ հիշում` ինչ եմ խոսել, կապել եք այս գործի հետ։ Այո՛, մեղավոր եմ, որովհետև եթե ես այդ հյուրանոցը ցույց չտայի, միգուցե էս ամեն ինչը չլիներ էլ։ Ես Մարթային շատ բանի տեղ եմ ցույց տվել, ինչի համար փոշմանել եմ, որովհետև վնասել եմ իրեն, բայց այդ մասին ես դատարանում չեմ խոսի։ Դրանք անձնական թեմաներ են»,- ասաց Կարեն Ակոպյանը՝ հավելելով, որ արհեստակցական միության նախագահի պաշտոնը նույնպես ինքն է առաջարկել Մարթա Սիմոնյանին։
Առհասարակ հանրային մեղադրողները բավականին լարված էին, երբեմն հունից դուրս էին գալիս, ծավալուն մեջբերումներ անում վկայի գաղտնալսման սղագրությունից, սակայն չէին ձևակերպում հարցը, բայց ակնկալում էին հստակ պատասխան։
Հարց հնչեց նաև այն մասին, թե արդյո՞ք Արմեն Աշոտյանը որևէ հարցով օգնել կամ հովանավորել է վկային։
«Այո՛, եղել է։ Ո՞նց չի եղել։ Հարսանիքիս համար բավականին մեծ գումար էր պետք, Արմեն Աշոտյանը դա արել է, օգնել է»,- ասաց նա։
Դատախազը, սակայն, հարցը մանրամասնեց` եղե՞լ է, որ Արմեն Աշոտյանն ասած լինի` անենք այս գործարքը, դու խնդիր չես ունենա, վկան պատասխանեց` ոչ, չի եղել, ընդհակառակը, ինքն է ասել` գույքը մեզ պետք է։
Հանրային մեղադրողը սակայն չնահանջեց` կա՞ բան, որ Ձեզ կաշկանդում է։ Նման հարց ուղղեց նա Կարեն Ակոպյանին։
«Միակ բանը, որ ինձ կաշկանդում է, այն է, որ այս մարդը (Արմեն Աշոտյանը.- Գ.Ս.) նստած է ու նստած է ինձ գաղտնալսելու արդյունքում»,- ասաց վկան։
Կարեն Ակոպյանը նաև նշեց` ինքը համոզված է եղել, որ Արմեն Աշոտյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսվել է նրա հրապարակային ելույթների համար։
«Ես երկար ժամանակ համոզված եմ եղել, որ Արմեն Աշոտյանի լայվերի պատճառով եղավ այս ամենը։ Ու ես ու Մարթան դրա համար նեղված ենք եղել իրենից։ Դրա համար ես փորձում էի իրեն հանդիպել»,- ասաց վկան։
Ակնհայտ էր սակայն, որ հանրային մեղադրողների խնդիրն իրենց համար ցանկալի պատասխաններ լսելն էր, ինչը զայրացրեց վկային։ Նա դատավորին խնդրեց դատախազներին թույլ չտալ իրեն ընդհատել, ասաց, որ հանրային մեղադրողներն իրեն ընդհատում են բոլոր այն դեպքերում, երբ իր պատասխանը նրանց սրտով չէ։ Ապա հայտարարվեց մեկ ժամ ընդմիջում։
Ընդմիջումից հետո հարցաքննությունը շարունակվեց, և Կարեն Ակոպյանը պնդեց` իրենց համար շոկ է եղել, որ կալանավորել են Մարթա Սիմոնյանին։
«Անկեղծ պիտի խոսեմ։ Ես Արմեն Աշոտյանին ասում էի, որ մի օր իր լայվերի համար ուրիշ ձև են վրեժ լուծելու, ինչը և եղավ, ու նրան ասել եմ` դե, քանի որ խնդիրը քաղաքական է, դու էլ քաղաքական լուծում տուր։ Ասել է` չեմ կարող։ Աշոտյանն ասաց` գնացեք, սուտ էլ գրեք, իմ դեմ ցուցմունք տվեք, ոնց կարողանում եք, ձեզ պաշտպանեք, ես հակառակը չեմ ասի։ Միայն թե այդ աղջիկը չնստի։ Ձեզ անկեղծ ասեմ` եթե ինձ ասեին` գրի՛ր, որ Աշոտյանն է քեզ ու Մարթային ստիպել, որ էս գործարքն անեիք, դա ճիշտ չէր, բայց ես դա էլ կանեի, միայն թե Մարթան չնստեր»,- գաղտնալսման դրվագների վերաբերյալ այդ մեկնաբանությունը տվեց վկան։
Հարցին` այսինքն՝ ինքը պատրաստ էր սուտ ցուցմո՞ւնք տալ, Կարեն Ակոպյանը պատասխանեց` խոսքը չի գնացել սուտ ցուցմունքի մասին։
«Կրկնում եմ, խոսքն այն մասին է, որ Աշոտյանն ասել է` գնացեք, ձեր երևակայությանը զոռ տվեք, ինչ ուզում եք՝ ասեք, գրեք, ձեզնից չեմ նեղանա, փրկեք ձեզ: Ես Աշոտյանին ասել եմ՝ դու գիտեիր, որ քո լայվերի համար մուռն ուրիշ տեղից են հանելու, դե գնա քաղաքական լուծում տուր, նա ասել է` չեմ կարող։ Աշոտյանն ինձ ասաց` ես ձեզ ասե՞լ եմ` գնացեք, էդ գույքն առեք, չէ։ Բայց դուք կարող եք գնալ ու ասել, որ ես եմ ձեզ ստիպել»,- ասաց վկան։
Վերջինս նկատեց` եթե խնդիրը գույքն է, ուրեմն ինքն է մեղավոր, գույքն ինքն է առաջարկել ձեռք բերել։
«Ես ամեն ինչ արել եմ, որ ինձ էլ տանեն, նստեցնեն, մենակ էդ աղջիկը` Մարթան, չնստի, չեն տարել։ Անգամ 5 անգամ հեռախոս եմ փոխել, չեն նստեցրել, որովհետև Մարթան ավելի հարմար տարբերակ էր Աշոտյանին ճնշելու համար»,- ասաց Կարեն Ակոպյանը` հավելելով, որ ինքը հիմա որևէ շփում չունի Մարթա Սիմոնյանի ու նրա ամուսնու հետ։
Վկան նաև կտրականապես հերքեց, որ Արմեն Աշոտյանն իրեն առաջարկել է օգտվել իր պաշտպանի ծառայություններից:
Կարեն Ակոպյանը նշեց՝ այս քրեական վարույթը բացասաբար է անդրադարձել նաև իր ընտանիքի վրա։
«Ձայնագրություն են արել, դրել են ինտերնետ իմ ընտանեկան խոսակցությունները, դպրոցում երեխեքը ձեռք էին առնում աղջկաս, իմ ու կնոջս խոսակցությունները, ամոթ չի՞, ի՞նչ պետք էր հրապարակել, որ երեխայիս ձայնը ճանաչեին։ Իմ երեխան բուլինգի է ենթարկվել։ Նրան ամեն տեղ ասում էին` պապադ տարավ, Աշոտյանին նստեցրեց»,- ասաց վկան։
Հանրային մեղադրողները երբեմն փորձում էին խեղաթյուրված ներկայացնել գաղտնալսման բովանդակությունը։ Մի դրվագում վկան զայրացավ` դուք սխալ եք ասում, ես ձայնագրությունը լսել եմ, ես չեմ ասել` Արմենը խաղեր է տալիս։
Դատավորից հետո վկային հարցեր ուղղեց նաև պաշտպանության կողմը։ Հետաքրքիր էր, որ պաշտպանական կողմը համբերատարությամբ լսում էր ժամեր տևած մեղադրանքի կողմի հարցաքննությունը, բայց երբ հերթը հասավ պաշտպանների կողմից հարցաքննությանը, հանրային մեղադրողները 5 րոպեի ընթացքում մի քանի անգամ ընդհատեցին նրանց, առարկություն ներկայացրեցին՝ վերջիններիս հորդորելով իրենց տված հարցերը կրկին չտալ վկային: Խնդրի վերաբերյալ Արմեն Աշոտյանը նույնպես դիրքորոշում հայտնեց:
Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝ վկայի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ նիստին։