«Բախումը, վաղ թե ուշ, լինելու է. Հայաստանին օգտագործում են. օգտվողն Ադրբեջանն է». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանն այն կարծիքին է, որ Ռուսաստանի դեմ Հայաստանի իշխանությունների դեմարշով Հայաստանն արտաքին քաղաքական դերակատարների կողմից դարձավ ոչ ընկալելի, ոչ կանխատեսելի երկիր, իսկ Ռուսաստանը Հարավային Կովկասում իր դիրքը պահպանելու առումով հաջողությամբ աշխատում է Ադրբեջանի հետ:
«ՌԴ նախագահի այցն Ադրբեջան պետական այց էր, որով, ի թիվս այլ հարցերի, ՌԴ-ն ցույց տվեց, որ Հարավային Կովկասում իր դերակատարման պահպանման կամ բարձրացման հարցը միայն Հայաստանի միջոցով լուծվող չէ: Այլ բան էր, որ մինչև 2018 թվականը կային դաշնակցային հարաբերություններ, այստեղ կար հենարան Հայաստան, որը դրա դիմաց ստանում էր անվտանգություն, տնտեսական հարաբերություններ, քաղաքական աջակցություն և այլն: Իսկ այս պարագայում ՌԴ-ն ցույց է տալիս, որ այս ռեգիոնում իր դիրքը պահպանելու տեսանկյունից նույնը հաջող կարող է անել Ադրբեջանի հետ՝ ավելի փոխշահավետ դաշտում, և, բնականաբար, այս իրավիճակում օգտվողը դառնալու է Ադրբեջանը»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Նա նկատեց՝ Արևմուտքի տարբեր երկրներ Հայաստանին օգտագործում են ընդդեմ Ռուսաստանի իրենց մարտավարական խնդիրների համար.
«Նրանց համար կարևոր չէ, թե Հայաստանի հետ ինչ կլինի: Որքան էլ դա դժբախտություն է հայ ժողովրդի համար, միջազգային հարաբերություններում դա, ցավոք, սովորական երևույթ է, երբ յուրաքանչյուրն իր խնդիրն ունի, յուրաքանչյուրը նայում է՝ ով ինչ ծառայություն է փորձում վաճառել, և հիմա Հայաստանում մի իշխանություն է, որը վաճառում է ամեն ինչ՝ արժանապատվությունից մինչև Հայաստանի պետականություն: Որքան էլ դա հարգանքի արժանի չէ, և նույնիսկ օգտվողները հարգանք չեն դրսևորում, որքան էլ գլուխն են շոյում, գովում են, բայց նրանց համար հասկանալի է, որ այս իշխանության ծառայությունն իրենք են այս պահին գնել, վաղը կարող է երկրորդ կամ երրորդ պետությունը գնել՝ ավելի լավ պայմաններով, և այդ նույն իշխանությունն այդ հակաբարոյական կեցվածքն ընդունի իրենց նկատմամբ»:
Պատգամավորը կարծում է, որ առանց միջնորդական ներկայության՝ հայ-ադրբեջանական գործընթացում Հայաստանը, նույնիսկ ամենալավ կառավարության դեպքում, չի կարող պարզապես հաջողել.
«Պատկերացրեք կենցաղային մի իրավիճակ, երբ բակում երկու մարդ վիճել են, մեկը հաղթել է, մյուսին ծեծել է, ջարդել է, ոտքի կանգնելիս՝ մի հատ էլ է խփել, հիմա այդ երկուսը պետք է գնան, նստեն, ինչ-որ բանի շուրջ իրար հետ խոսեն, հասկանալի է, չէ՞, որ ծեծ կերած, ջարդված, այս պահին էլ գետնին գտնվողը չի կարող իրեն ծեծողի հետ հավասար հարաբերությունների մեջ գտնվել, պատիվ պահանջել: Առհասարակ, միջնորդական դերերի նպատակը բալանսավորում ստեղծելն է: Այսինքն՝ ոչ միայն լուծումներ բերելն է, ոչ միայն կողմերին բանակցությունների սեղանի շուրջ պահելն է և ռազմական գործողություններ թույլ չտալն է, այլև դրանք ունեն բալանսավորող դեր, որպեսզի ընկածն ու վերևում կանգնածն անընդհատ ծեծողի և ծեծվողի դերում չլինեն:
Երբ Հայաստանի իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի մյուս դերակատարները մի կողմում լինեն, Հայաստանն այդ նույն ընկածի կարգավիճակում է և չի կարող ակնկալել որևէ շահեկան բան ստանալ»:
Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ նույնիսկ ամենապարզ իրավիճակում գործող իշխանությունը մեր երկրի համար բերելու է աղետ և ողբերգություն:
«Արցախը հանձնած իշխանությունը որևէ խնդիր ունի Անկախության հռչակագիրը Սահմանադրությունից դուրս թողնելո՞ւ: Հայաստանի իշխանությունն այդ խնդիրը չունի:
Ավելին, ես կարծում եմ, որ Սահմանադրության փոփոխության հարցը Հայաստանի իշխանությունն արհեստականորեն է բերել առաջին պլան՝ փորձելով ստեղծել գլխավոր խոչընդոտ, հետագայում շատ հեշտ ձևով այդ խնդիրը լուծելու է: Այս պահին փաշինյանական իշխանության հայտարարությունների հիմքում նախընտրական տրամաբանությունն է, որովհետև ցանկացած քայլի առումով իշխանությունը փորձում է հասկանալ հանրային հնարավոր ռեակցիան: Հիմա ինտենսիվ աշխատում են ստանալու մի փաստաթուղթ Ադրբեջանից, որտեղ կարող է որևէ հղում լինել խաղաղությանը: Այսօր խաղաղության պայմանագրի համատեքստում քննարկվող հարցերից հիմնական երկուսը դուրս են եկել, և ստեղծված իրավիճակից տպավորություն կա, որ բոլոր կնճռոտ թեմաները դուրս են բերվում, և վաղն այդ պայմանագիրը դառնալու է կենացների, լավագույն բարեմաղթանքների մասին փաստաթուղթ, ստորագրվելու է, Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները փորձելու են դրանից իրենցը քաշել: Ադրբեջանն ամրագրելու է այն, ինչ այդ պահին գոյություն ունի և ինչն ինքն արել է ուժի կիրառման միջոցով, Հայաստանի իշխանության նպատակն է՝ ունենալ մի փաստաթուղթ, որի վրա գրված է՝ խաղաղության պայմանագիր, և դա ծախել հասարակությանը: Նույնիսկ այդ դատարկ, անբովանդակ թղթի միջոցով փորձելու է իր վերարտադրությունն ապահովել հաջորդ ընտրություններում»,-ընդգծեց նա:
Պատգամավորը նկատեց՝ գուցե Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումը հետաձգվի, եթե Փաշինյանը հերթական զիջումներն անի և Ադրբեջանին բավարարի, բայց ըստ նրա՝ այդ բախումը, վաղ թե ուշ, լինելու է. «Դա լինելու է նրա համար, որ Թուրքիայի և Ադրբեջանի պլաններում Հայաստան պետության գոյություն չկա, կամ կա, եթե պետք է ամբողջությամբ գտնվի իրենց կառավարման տիրույթում»:
Հարցին՝ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում ո՞վ է օժանդակելու Հայաստանին, նա պատասխանեց.
«Օժանդակում են այն երկրներին, որոնք ուզում են պայքարել կամ դիմադրել: Հայաստանի իշխանությունը ցույց է տվել, որ իր սուվերենության, իր տարածքային ամբողջականության, իր պետականության համար չի ուզում պայքարել: Երբ այդ երկիրը չի ուզում պայքարել, իր փոխարեն ոչ ոք չի գալու և այդ պայքարը չի առաջնորդելու:
Միգուցե վատ օրինակ եմ բերում, բայց նայեք ուկրաինական ճգնաժամը. Ակնհայտ է, չէ՞, որ ամբողջ արևմտյան բլոկն աջակցում է Ուկրաինային, որովհետև Ուկրաինան պայքար է տանում: Հիմա, եթե ուկրաինացիները զանգվածային ձևով նահանջեին, չկռվեին, ոչինչ չանեին, 50 չէ՝ թող 100 երկիր աջակցեր, չէին կարող մարտ վարել: Աջակցում են նրանց, ովքեր ուզում են կռվել: Հայաստանի իշխանությունը, 6 տարի է՝ ջարդում է իր ուժային համակարգը, իր անվտանգությունն ապահովող ինստիտուտները, որևէ առողջ բանականություն չի դրսևորում իր երկրի անվտանգության ապահովման տեսանկյունից, և այստեղ երբ մենք քննարկում ենք, թե ով կգա կօգնի և արդյո՞ք տարբեր դաշինքներ և երկրներ Հայաստանին օգնություն կցուցաբերեն, այս դեպքում իմաստ էլ չունի դա քննարկել»:
Անդրադառնալով ընդդիմության անելիքներին, նա հետևյալն ասաց.
«Երբ կա մահաբեր իշխանություն, այդ պայմաններում ակնկալիքն ընդդիմադիր շարժումներից է: Այս տարիների ընթացքում իրավիճակը ցույց է տվել, որ բազմաթիվ ալիքներ են եղել այս իշխանության դեմ, տարբեր փուլերում որոշակի ուժային փոփոխություններ են տեղի ունեցել, բայց մինչև այս պահը փաստացի չի հաջողվել հասնել այս իշխանության հեռացմանը: Եղել են իրավիճակներ, երբ դրանք պրոցեսներ են կանգնեցրել, պրոցեսներ են դանդաղեցրել Հայաստանի գլխին կախված, այսինքն՝ ես չեմ ուզում համարել, որ այն, ինչոր եղել է պայքարի տարբեր փուլերում, որևէ բանի չի ծառայել»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում