Խաղողօրհնեք
Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի օրը՝ Սբ. Պատարագից անմիջապես հետո, կատարվում է խաղողօրհնության կարգ և ապա օրհնված ողկույզները բաժանվում է ժողովրդին:
Այս սովորույթը ոչ մի առնչություն չունի բուն տոնի հետ, այլ գալիս է շատ հին ժամանակներից: Հնուց ի վեր եկած սովորության համաձայն՝ տարվա առաջին բերքը ընծայվում էր Աստծուն: Ըստ օրենքի՝ այդ բերքերն էին ցորենը, գարին, խաղողը, թուզը, նուռը, ձիթապտուղը, մեղրը և այլն:
Այդ նվիրատվության արարողությամբ մարդիկ իրենց երախտագիտությունն էին հայտնում Աստծուն, իրենց վայելած բարիքի համար և այս կերպով նաև ապահովում առաջիկա բերքի առատության համար Աստծո օրհնությունը:
Հին Կտակարանում ևս ակնարկվում է նմանօրինակ սովորություն (Բ 0րինաց 26:1-2): Ինչպես Հրեաստանում և այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում նախաքրիստոնեական շրջանում գոյություն ունեին այդ արարողությունները: Տարվա առաջին պտուղն ու բերքը հայերը նվիրում էին տաճարին:
Այսպիսով, երբ սկսվում էին Նավասարդյան տոները, մարդիկ մեծ հանդիսավորությամբ իրենց այգու բարիքները բերում էին տաճար և ընծայում բերքի ու պտղաբերության աստվածներին:
Քրիստոնեական շրջանում տարվա բերքի խորհրդանիշ ընտրվեց խաղողը և օրհնվելու նպատակով միայն խաղողը տարվեց եկեղեցի: Այս արարողությունը հիմնականում կատարվում էր եկեղեցում: Ժամանակին այս արարողությունը տեղի էր ունենում հոգևորականի կամ այլ անձանց այգիներում: Քահանան, մկրատը աջ ձեռքում, թափորով գնում էր եկեղեցու այգին, որը դրախտ էր կոչվում: Իսկ եթե եկեղեցին այգի չուներ, գնում էր գյուղի կամ քաղաքի երեցփոխի այգին, և այնտեղ, հավատացյալների ներկայությամբ, կատարում էր անդաստան և խաղողի օրհնության արարողությունները: Այնուհետև բարեմաղթանքներ էին ասում պտուղների առատության համար: Սովորություն էր թռչուններին ևս բաժին հանել և այդ նպատակի համար օրհնված խաղողի ողկույզները կախում էին բարձր վայրերից:
Խաղողօրհնեքի ընթացքում եկեղեցում երգվում է «Փառք սուրբ խաչի» շարականը, կարդացվում է Սուրբ Գրքից հատվածներ, որոնց հաջորդում է խաղողի օրհնության համար գրված Սբ. Ներսես Շնորհալու աղոթքը: Աղոթքում հիշատակվում է, թե Աստված երրորդ օրը ստեղծեց բուսականությունը, ապա Ադամին ու Եվային պարգևեց դրախտի դյուրին ու ճոխ կյանքը: Բայց նրանք, օրինազանց գտնվելով, դրախտից արտաքսվեցին, իսկ Աստվածային օրհնությունը փոխվեց անեծքի: Սակայն Աստված մարդուն չանտեսեց. Միածնի աշխարհ գալով, անեծքի կապանքը վերացավ, և մարդիկ ձերբազատվեցին մեղքի ու մահվան ծառայությունից։
Խաղողօրհնեքի ընթացքում աղոթքներ են հղվում ոչ միայն պտղի, այլև դրա մշակողի, հողագործի և հողի համար՝ խնդրելով Արարչից առատ, բերրի, բոլոր պատահարներից ու աղետներից, խորշակահար հողմերից զերծ տարի: Աստծո օրհնությունն է հայցվում նաև պտուղը բերողների համար, որպեսզի նրանք արժանի դառնան երկնքի վարձատրությանը:
Արարողության ժամանակ սարկավագի քարոզով գոհանում ենք բարերար Աստծուց և խնդրում, որպեսզի Նա օրհնի խաղողի պտուղներն Իր սկզբնական օրհնությամբ և շնորհի մեզ որպես գինի ուրախության և կերակուր առողջության` հոգու և մարմնի: Միաժամանակ դիմում ենք Սուրբ Մարիամ Աստվածածնի բարեխոսությանը, ում միջոցով մեզ տրվեց կյանքի և անմահության Պտուղը` Հիսուս Քրիստոս: Ապա քահանան օրհնում է ժողովրդի կողմից ընծայված խաղողի ողկույզները` պտղին միացնելով Աստծո օրհնությունը, որպեսզի այդ պտուղների նյութական ճաշակմամբ մեր հոգում ընդունենք Աստծու իմանալի շնորհները: Քահանան խնդրում է նաև, որ այս աշխարհում Տիրոջ փառքի համար վայելենք այն նյութական բարիքներից, որն Ինքը շնորհեց, իսկ հանդերձյալում արժանանանք ուտել և ըմպել Տիրոջ հետ այն բերքերից, որ կան արքայության սեղանի վրա՝ ըստ Տիրոջ անսուտ խոստման:
Քրիստոսի գալստյամբ կրկին օրհնվեց մարդկային բնությունը: Սակայն բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները` Իրեն Խաղողի որթ անվանելով`ըստ այս խոսքի. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհաննես 15:1): Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց և Հորը` Մշակ, որպեսզի Հայրը էտելով որթատունկը` այն պտղաբեր անի արդարության գործում, իսկ էտված ճյուղերը հավիտենական կրակի նյութ դարձնի: Պտուղներից խաղողն էր, որ վերջին ընթրիքին գինու տեսքով ծառայեց Քրիստոսին՝ որպես Նրա սուրբ Արյան խորհրդանիշ: Վերնատանը մեր Տերը, վերցնելով գինին, օրհնեց և ասաց. «Սա՛ է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթեոս 26:28), որով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից:
Հարավային այն շրջաններում, ուր խաղողն ավելի վաղ էր հասունանում, խաղողօրհնեքը կատարվում էր Վարդավառին:
Կազմեց Կարինե Սուգիկյանը