Երեք օրը մեկ ենք կարողանում մի թաղամասին խմելու ջուր տանք. Գազիֆիկացման ու խմելու ջրի խնդիրը Խնածախում չի լուծվել

Սյունիքի մարզի սահմանամերձ Խնածախ գյուղն ունի ոչ միայն անվտանգային, այլև խմելու ջրի ու գազիֆիկացման խնդիրներ։ Գյուղում մարդիկ խմելու ջուր երեքը օրը մեկ են ունենում, իսկ գազ գյուղից միայն 12 տուն ունի, մյուսների համար այն դեռ անհասանելի է, քանի որ մինչև տներ գազ մտցնելը, ըստ նախնական հաշվարկների՝ յուրաքանչյուր տան համար անհրաժեշտ է 250-300 հազար դրամ։ Գյուղի միակ դպրոցը ևս գազիֆիկացված չէ, ձմռանը դասասենյակները տաքացվում են փայտի վառարաններով։

Երկու խնդիրների լուծումն էլ, ըստ Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանի՝ կախված է մեծ ֆինանսներից։

«Այս երկու խնդիրներն ինչպես կային, այդպես էլ մնացել են, դեռևս հարցերի լուծում չկա։

Երեք օրը մեկ կարողանում ենք մի թաղամասին խմելու ջուր տանք, այսպես՝ տարիներ շարունակ, լուծումը դեռ չենք տեսնում, սպասում ենք։

Կարծում եմ՝ խնդիրն ընդհանուր կախված է ֆինանսներից, ջրի համար նախահաշվարկ ու նախագծում արել ենք, պետք է Կենտրոնական բանկը փոխանցում կատարի, որպեսզի շինարարը սկսի աշխատել։ Սակայն առաջընթաց չկա, հարցը նույն ձևով շարունակում է մնալ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Սեյրան Միրզոյանը։

Նրա խոսքով՝ մեծ ֆինանսներ են պահանջվում, քանի որ կոյուղու հարց էլ կա, որը պետք է զուգահեռաբար արվի ջրագծի կառուցման հետ։

Ինչ վերաբերում է գյուղի ոռոգման ջրին, ապա, ըստ մեր զրուցակցի, այն բերում են կողքի գյուղից ու հասանելի է գյուղի 30 տոկոսին, բայց դա էլ լիարժեք չէ։ Մարդիկ չարչարվելով մի կերպ են կարողանում ջուրը հասցնել իրենց հողատարածք։

«Ոռոգման ջրի խնդիրն է խանգարում, որպեսզի մարդիկ գյուղում գյուղատնտեսությամբ զբաղվեն։ Բնակիչները ձորերում թեթև տնամերձեր ունեն, աղբյուրներից գնացող ջրերով կարողանում են մի կերպ ոռոգել»,- նշեց Խնածախի վարչական ղեկավարը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի ֆեյսբուքյան օգտատերերը կոչ էին արել դրամահավաք իրականացնել ու լուծել Խնածախի գազիֆիկացման հարցը, նույնիսկ կոչ էին արել Երևանին տրամադրվող ֆինանսական ծախսերի 30 տոկոսն ուղղել գյուղին՝ գազիֆիկացնել, որպեսզի մարդիկ չլքեն այն։

Դեռևս նախորդ տարի, Խնածախի վարչական ղեկավարը 168.am-ին ասել էր, որ գյուղի գազիֆիկացումն ունի ռազմավարական նշանակություն, ուստի հարցը պետք է լուծվի։

Խնածախում թշնամու թիրախի տակ բնակիչները առանց գազի ու խմելու ջրի ապրում են՝ ֆինանսների բացակայության պատճառով, սակայն ԱԺ-ում ու պետական բոլոր գերատեսչություններում գրեթե ամեն ամիս ստանում են պարգևավճար. իշխանության ներկայացուցիչների համար ֆինանսական խնդիր չկա։

Տեսանյութեր

Լրահոս