«Տնտեսած վառելափայտն արդեն օգտագործված է, գազիֆիկացումը մեծ խնդիր է, այն ունի ռազմավարական նշանակություն». Խնածախի գյուղապետ
Սյունիքի մարզի սահմանամերձ Խնածախ գյուղը մասամբ է գազիֆիկացված, 12 բնակիչների տունն է գազիֆիկացված, մնացածը զրկված են դրանից։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ Արման Գաբրիելյանը, այս խնդրի մասին բարձրաձայնել էր իր ֆեյսբուքյան էջում. «Գազ կա գյուղում, բայց տները գազաֆիկացնելու համար որոշ ընտանիքներից Գազպրոմը 500.000֏ է պահանջում։ Արդյո՞ք պետությունը չի կարողանում լուծել այս խնդիրը:
Կլինի՞ Երևանի ծախսերի ընդամենը 3%-ը հատկացնենք այս գյուղին ու տաք ձմեռ ապահովենք սահմանապահ մարդկանց»։
168.am-ի հետ զրույցում Խնածախի գյուղապետ Սեյրան Միրզոյանն էլ հաստատեց, որ գյուղում գազիֆիկացման խնդիր կա, նշելով, որ 12 ընտանիք է օգտվում գազից, մյուս բնակիչները գազ չունեն՝ տները տաքացնում են փայտի վառարաններով։
«Գազի խողովակները տներից հեռու են, մինչև խողովակները մարդիկ բերեն հասցնեն իրենց տներ, 250-300 հազար դրամ է անհրաժեշտ։ Այս պահի դրությամբ տնտեսված ինչքան վառելափայտ կա, գյուղում օգտագործված է, նույնիսկ բնակիչներ են եղել, եկել գումար են խնդրել, որպեսզի կարողանանք այդ ընտանիքներին օգնենք։
Իսկապես գյուղում գազիֆիկացումը մեծ խնդիր է, եթե այն լուծվեր, լավ կլիներ»,- նշեց Սեյրան Միրզոյանը։
Ըստ գյուղապետի, դեռևս չեն հաշվարկել, թե որքան գումար է անհրաժեշտ ամբողջ գյուղը գազիֆիկացնելու համար, մասնագետի հետ միասին պետք է անեն հաշվարկները։
«Մեր բնակիչները մինչ օրս վառելափայտը բերում էին Արցախից, այնտեղից մատչելի գներով բերվում էր, մարդիկ կարողանում էին այդ խնդիրը լուծել: Բայց Արցախը շրջափակելուց հետո փայտ չի մտել գյուղ։ Մարդիկ հնարավորություն էլ չունեն փայտ գնելու, մեկ մետր փայտը մարդկանց վրա մինչև 28 հազար դրամ նստում է»,- շեշտեց նա։
Գոյւղապետի խոսքով՝ Խնածախի գազիֆիկացումն ունի նաև ռազմավարական նշանակություն, քանի որ մարդիկ կմնան ու կապրեն գյուղում։
«Այս պահի դրությամբ, անկախ այն հանգամանքից, ով գյուղից դուրս է գալիս, առաջին խնդիրը մատնանշում են ջեռուցումն ու ջրի խնդիրը։ Մեր գյուղը, բացի գազից, ունի նաև ջրի խնդիր, որը մինչ օրս չի լուծվել։ Մարդիկ մի քանի անասուն պահելով՝ գոնե կարողանում էին իրենց ընտանիքները պահել, բայց հիմա, երբ մարդը չի կարողանում իր տունը ջեռուցել, նա կմնա՞ գյուղում, իհարկե չի մնա։ Ջրի խնդիր մեր գյուղը միշտ էլ ունեցել է, մինչ օրս այդ խնդրին լուծում չի տրվել»,- ընդգծեց Սեյրան Միրզոյանը։
Ինչ վերաբերում է թշնամու սադրանքներին, Խնածախի գյուղապետը փոխանցեց՝ օր է լինում թշնամին կրակում է, օր էլ լինում է՝ չի կրակում, փոփոխական է։
«Որ ասեմ՝ կրակոցներ չկան, սուտ կլինի, բայց ընդհանուր գյուղի վրա չեն կրակում, կրակում են հայկական դիրքերի վրա»,- եզրափակեց Սեյրան Միրզոյանը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 18-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով հայկական զորքերը հետ քաշվեցին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բարենպաստ դիրքերից, և դրանք հանձնվեցին թշնամուն, երկու մարզերում էլ խաղաղ բնակիչները հայտնվեցին թշնամու թիրախում։ Այդ գյուղերից մեկը Խնածախն է, որը գտնվում է ուղիղ թշնամու նշանառության տակ։