«Շուտ ենք ոգևորվում՝ Թուրքիան անում է այն, ինչը նպաստում է Ադրբեջանի այս պահի քաղաքականությանը». Նուբար Չալըմյան

Երեկ տարածվեց թուրք հաղորդավարուհի Սենա Ալկանի գրառումը X սոցցանցում, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները` Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը, հուլիսի 30-ին հանդիպելու են հայ-թուրքական սահմանին։

Ըստ նրա` հանդիպումը կկայանա առավոտյան հայկական կողմում, ցերեկը՝ թուրքական:
Ռուբինյանի և Քըլըչի հանդիպումը նախատեսված էր դեռևս հուլիսի 3-ին, սակայն հետո թուրքական կողմը հրաժարվեց դրանից։

Այս հայտարարությունից հետո ՀՀ ԱԳՆ-ն հաստատեց, որ հուլիսի 30-ին Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումը։

Այսօր առավոտյան արդեն մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ Հայաստանի պատվիրակների ավտոմեքենաները Մարգարայի նոր վերանորոգված անցակետում են, որտեղնախատեսված է Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը։

Կարդացեք նաև

Ինչ սպասել այս հանդիպումից, հատկապես այն դեպքում, երբ Թուրքիայի պահանջներն ուղղված Հայաստանին՝ շարունակում են օրակարգում մնալ, այդ թվում՝ ՀՀ սահմանադրությունը փոխելու հարցը։

168.amի հետ զրույցում ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Նուբար Չալըմյանն անդրադառնալով հարցին՝ ասաց, որ նման իրավիճակում, անշուշտ, Թուրքիան ուշի ուշով հետևում է հայ-ադրբեջանական հարաբերությունների ընթացքին։

«Մի կողմից ասում են՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում դրական տեղաշարժեր կան, բայց մյուս կողմից՝ մենք գնահատում ենք, որ Ադրբեջանը բնականաբար նոր պահանջներ է առաջ քաշում՝ օգտվելով վերջին շրջանում մեր կողմից արված զիջումներից։ Բնականաբար, նրանք հակված չեն դեռևս իրենց պահանջները չկատարելու դեպքում կնքել խաղաղության պայմանագիր։ Թուրքիան՝ որպես Ադրբեջանի մեծ եղբայրը, սպասում է դրան՝ երբ հայ-ադրբեջանական հարաբերություններում դրական տեղաշարժեր լինեն, այդ ժամանակ նա կակտիվացնի իր հարաբերությունները Հայաստանի հետ։

Մենք առհասարակ մեր հարևանների դիրքորոշումներից շուտ ենք ոգևորվում, և մեզ թվում է, թե ամեն ինչ լավ է գնում, իսկ մեր հարևանները դրանից օգտվելով՝ խորամանկում են։ Ի վերջո, պետք է հիշել մեկ պարզ բան՝ մի նայեք, թե մարդիկ ինչ են խոսում, այլ նայեք նրանց քայլերին։ Այսինքն՝ Թուրքիան անում է այն, ինչը նպաստում է Ադրբեջանի այս պահի քաղաքականությանը»,- նշեց Նուբար Չալըմյանը։

Մեր զրուցակիցն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այսօր խոսվում է խաղաղության պայմանագրի ստորագրման մասին, այն պարագայում, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել։ Ավելին՝ Ադրբեջանը դե ֆակտո չի ճանաչել Հայաստանի անկախությունը, նույնն էլ՝ Հայաստանը։ Թուրքիան ճանաչել է Հայաստանի անկախությունը 1991 թվականի դեկտեմբերին, սակայն դե յուրե դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել։

«Կարծում եմ՝ նախ պետք է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, ինչ ձևով էլ որ լինեն դրանք՝ դեսպանների մակարդակով կամ ժամանակավոր առաքելությունների մակարդակով։ Այսինքն՝ դե յուրե պետք է ճանաչեն միմյանց, որից հետո, կարծում եմ՝ արդեն խոսք կլինի խաղաղության այմանագրի մասին։ Ի վերջո, այդ պայմանագիրը պետությունների միջև ստորագրվում է այն ժամանակ, երբ նրանց միջև կան որոշակի հարաբերություններ։ Ես զարմանում եմ, թե ինչու ենք մենք այսքան ոգևորվել ու ասում, թե ինչու Ադրբեջանը չի արագացնում Հայաստանի հետ կնքելու խաղաղության պայմանագիրը։ Պետք է նախ պահանջ դրվի դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սրա մասին որևէ մեկը չի խոսում»,- հավելեց միջազգայնագետը։

Ինչ վերաբերում է Թուրքիայի պահանջին՝ ՀՀ սահմանադրությունը փոխելու վերաբերյալ, Նուբար Չալըմյանը կարծիքով՝ ի սկզբանե Սահմանադրությունում չպետք է ներառվեր Արցախը Հայաստանին միավորվելու հարցը, այլ պետք է Արցախը դիտարկվեր՝ որպես առանձին միավոր, այս պարագայում թշնամիներն օգտվեցին և կոնֆլիկտը դարձրեցին հայ-ադրբեջանական։

Գուցե դիվանագիտական այդ նրբությունները նկատի ունենալով՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվեց Արցախի Հանրապետության անկախությունը:

Գուցե այդ նկատառումով էր, որ թեև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցում էին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ու արտգործնախարարները (1997-ի գարնանից դադարեցվել են եռակողմ ձևաչափով բանակցությունները, ինչով դադարեցվել է նաև Արցախի ուղղակի մասնակցությունը), այդուհանդերձ բանակցությունների ընթացքին մանրամասն տեղեկացվում էին Արցախի իշխանությունները, իսկ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում էին նրանց հետ կամ Երևանում կամ Ստեփանակերտում:

Այդուամենայնիվ, միջազգայնագետ Նուբար Չալըմյանի կարծիքով.

«1988 թվականին, երբ Արցախյան շարժումը սկսվեց, այն պետք է տեղի ունենար Արցախում առհասարակ և պահանջը լիներ ոչ թե ՀՀ-ին վերամիավորվելը, այլ՝ որպես անկախ պետականություն ունեցող երկիր։ Այդ դեպքում կոնֆլիկտը չէր տեղափովի ՀՀ դաշտ, և Հայաստանն ավելի շատ կարող էր օգնել Արցախին։ Իսկ այս պարագայում սրանից Ադրբեջանը շահեց՝ խնդրին տալով հայ-ադրբեջանական կոնֆլիկտ»,- եզրափակեց Նուբար Չալըմյանը։

Տեսանյութեր

Լրահոս