«Արցախի երիտասարդական թև»-ը՝ թև ու թիկունք արցախցիներին․ նորաստեղծ կազմակերպության խնդիրն արցախցիների միջև կապող օղակ դառնալն է
«Արցախի երիտասարդական թև» հասարակական կազմակերպությունն արդեն ակտիվ սկսել է ներգրավվել Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների սոցիալ-կրթական տարբեր ծրագրերում։ Գարնանը հիմնադրված այս կազմակերպությունն արդեն ունի հասցե Երևանում․ Նաիրի Զարյան 19 հասցեում կազմակերպության անդամները պատրաստ են ընդունել Արցախի ու արցախահայության խնդրով մտահոգ հայրենակիցներին, իսկ հ/կ-ին անդամակցել կարող են 18 տարեկանը լրացած անձինք։
Նախաձեռնությունը Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից բռնի տեղահանված, 44-օրյա պատերազմի մասնակից Նժդեհ Իսկանդարյանինն է։
««Արցախի երիտասարդական թև» կազմակերպության հիմնական խնդիրը տեղահանված արցախցիների միջև կապող օղակ ստեղծելն է։ Նախաձեռնելու ենք տարբեր քննարկումներ, կլոր սեղաններ լսելու ենք արցախցիներին, փորձելու ենք պաշտպանել նրանց իրավունքները տարբեր հարթակներում։
Այսօր ցավալի է արձանագրել, որ արցախցիներն ունեն տարբեր խնդիրներ, ու նույնիսկ արդեն ասվում է՝ 25 հազար արցախցիներ լքել են նաև Մայր հայրենիքը, բայց մենք փորձելու ենք այնպես անել, որ մարդիկ հաստատվեն Մայր հայրենիքում՝ հույսով, որ մի օր վերադառնալու ենք Արցախ»,- 168․am-ի հետ զրույցում նշեց կազմակերպության հիմնադիր-նախագահը՝ հավելելով, որ աշխատելու են նաև սեփական՝ թեկուզ սեղմ միջոցներով, աջակցել այն մարդկանց, որոնք նյութական միջոցների խիստ անհրաժեշտություն ունեն։
Նժդեհ Իսկանդարյանը հավատում է՝ արցախցիներն ունեն դիմադրողականություն՝ հաղթահարելու նաև այս փորձությունը ու վերադառնալու Արցախ։
«Այսօր չպետք է իրավունքի հարցը փակել (ինչն անում են իշխանությունները). հակառակը՝ մեր իշխանություններն այսօր պետք է միջազգային հարթակներում բարձրացնեն արցախցիների իրավունքները՝ և՛ սեփականության, և՛ վերադարձի մասին։ Մեր հայրենիք վերադառնալու ակնկալիքը ցանկացած արցախցու կյանքի իմաստն է դարձել. մարդիկ ապրում են հույսով, որ մի օր վերադառնալու են։ Ում հետ խոսում ենք, այդ ամեն ինչն առաջին խոսքից զգացվում է,- նշեց մեր զրուցակիցը, ապա արձագանքելով հարցին, թե ո՞ր դեպքում ինքն անձամբ կվերադառնա Արցախ, ասաց,- Ցանկացած արցախցի պետք է պաշտպանված լինի և, իհարկե, ոչ Ադրբեջանի կազմում․ միգուցե միջազգային խաղաղապահների ներկայության պարագայում, միգուցե կարգավիճակ ընձեռվի, ինչն այսօր շատ դժվար է՝ հաշվի առնելով արտաքին մարտահրավերները։ Այդ սպառնալիքներն այսօր էլ Հայաստանի առջև են ծառացել. Ադրբեջանն ու Թուրքիան նոր տարածքային պահանջներից են խոսում»։