Մենք խնդիր չունենք միմյանց միջև. բերեք ավարտենք այս հարցը. «Գյումրի» ԲԿ-ում տեղի ունեցած միջադեպի մասին լուրերը երկուստեք հերքում են
2023թ. գարնանը 168.am-ը տեղեկացրել էր մի արտառոց երևույթի մասին. Հիպոկրատի երդում տված, մարդու կյանքի հետ գործ ունեցող բժիշկները չեն խորշում հենց հիվանդանոցում ծեծկռտուք կազմակերպել:
Ավելի ճիշտ, 30 հոգով հարձակվել բժիշկների վրա ու ավերել բաժանմունքը: Խոսքը «Մարտունի» ԲԿ-ում տեղի ունեցած խայտառակ միջադեպի մասին էր, երբ բժշկական կենտրոնի վիրաբուժական ծառայության ղեկավարը ԲԿ էր կանչել իր համագյուղացիների ընկերներին, որոնց թիվը մոտ 3 տասնյակ էր եղել, ու ծեծի են ենթարկել բժիշկներին: Տուժել էին նաև բուժքույրերը:
Թեպետ իրավապահները տեղյակ էին դեպքից, անգամ ինչ-որ ուսումնասիրություն սկսվեց, բայց թեման ծածկադմբոց արվեց, գործն էլ փակվեց. տուժող «չկար»:
Առհասարակ մարզերում տուն-տնով գործը կոծկելու արատավոր պրակտիկան այնպես է արմատավորվել, որ անգամ բացահայտ հանցագործությունները իրավապահ մարմինների գործուն մասնակցությամբ մնում են անպատիժ:
Բժշկական կենտրոնում տեղի ունեցած հայհոյախառն վիճաբանության, ապա՝ ծեծկռտուքի հերթական ահազանգը 168.am-ը ստացավ Գյումրիից, ավելի կոնկրետ՝ «Գյումրի» Բժշկական կենտրոնից:
Բժշկական կենտրոնի՝ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս, իսկ ավելի ստույգ՝ հուլիսի 18-ին, ամենօրյա առավոտյան խորհրդակցության (пятиминутка) ժամանակ Գյումրի ԲԿ-ի կազմի մեջ մտնող Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում աշխատանքային հարցերի շուրջ վիճաբանել են հիվանդանոցի փոխտնօրեն Կարեն Գևորգյանն ու նույն հիվանդանոցի 60-ամյա բժիշկ Համիկ Բագրատյանը:
Հայհոյանքներով ուղեկցված լեզվակռիվը, սակայն, պարզվում է, շարունակություն է ունեցել:
«Երբ пятиминутка-ից հետո Համիկ Բագրատյանը գնում է վիրակապարան՝ հիվանդ երեխաներին ընդունելու, «Գյումրի» ԲԿ-ի փոխտնօրեն Կարեն Գևորգյանը, Շիրակի նախկին մարզպետ, ապա ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի՝ նույն հիվանդանոցում աշխատող բարեկամի հետ մտնում է վիրակապարան, և կոնկրետ Կարեն Գևորգյանը ծեծի է ենթարկում 60-ամյա բժշկին»,- ասաց ԲԿ-ի մեր աղբյուրը՝ հավելելով՝ ամբողջ հիվանդանոցը, Գյումրին տեղյակ են՝ ինչ է եղել:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, բացի բուժանձնակազմից, այնտեղ եղել են նաև երեխաներ ու նրանց ծնողները, բայց «փոխտնօրենը մոլի ՔՊ-ական է, ներկայանում է՝ որպես Նիկոլ Փաշինյանի հավատարիմ մարդկանցից մեկն ու ասում է՝ հիվանդանոցի հաջորդ տնօրենն ինքն է լինելու, քանի որ Կարեն Սարուխանյանի մտերիմ ընկերն է: Ո՞վ ռիսկ կանի՝ բարձրաձայնի»:
«Առհասարակ Կարեն Գևորգյանը հայտնի է իր բռնկուն բնավորությամբ, դեռ երբ Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրենն էր: Այդտեղ նույնպես բժշկական անձնակազմի հետ նա խնդիրներ ուներ»,- ասաց մեր աղբյուրը:
168.am-ի հետ զրույցում, սակայն, Համիկ Բագրատյանը խուսափեց մանրամասներ հայտնել միջադեպից:
«Ընդհանրապես ոչ մի բան չկա, ոչ մի խնդիր չկա: Մենք խնդիր չունենք միմյանց միջև: Բերեք ավարտենք այս հարցը»,- ասաց բժիշկը:
Հարցին՝ լուծվե՞լ է խնդիրը, Համիկ Բագրատյանը պատասխանեց՝ լուծված է ամեն ինչ, խնդիր չկա բացարձակ, չի եղել, չի էլ լինի:
Ապա բժիշկն ասաց, որ շատ հարցերի պատասխանել չի կարող, զբաղված է, բայց ևս մեկ անգամ կրկնեց՝ «ոչ ես խնդիր ունեմ իր հետ, ոչ էլ ինքը՝ ինձ հետ: Ոչ մի խնդիր մեր մեջ չի եղել: Խնդրում եմ՝ ավարտենք, հա՞…»:
Բնականաբար, միջադեպի մասին տեղեկությունը հերքեց նաև «Գյումրի» ԲԿ-ի փոխտնօրեն Կարեն Գևորգյանը:
«Նման բան չի եղել, հարգելիս, անակնկալի եկա: Ի սեր Աստծո, ոչինչ չի եղել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Գևորգյանը: