Հնդկաստանն առաջին անգամ տիեզերական զորավարժություններ է անցկացրել
Հնդկաստանն անցկացրել է պատմության մեջ առաջին «Antariksha Abhyas – 2024» տիեզերական զորավարժությունները: Ինչպես հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարությունը, դրանք ուղղված են տիեզերքում մարտական գործողությունների իրականացման համար երկրի զինված ուժերի պատրաստվածության բարձրացմանը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ըստ նախարարության տվյալների՝ եռօրյա զորավարժությունների նպատակն է ապահովել «տիեզերական միջոցների և ծառայությունների ավելի խորն ըմբռնումը և պատկերացում կազմել տիեզերական սեգմենտներից շահագրգիռ կողմերի կախվածության մասին», ինչպես նաև բացահայտել «գործողություններ իրականացնելիս տիեզերական ծառայությունների տրամադրման մերժման կամ դրանց աշխատանքի խափանման դեպքում» խոցելիությունը։
«Antariksha Abhyas – 2024»-ին (հինդիից թարգմանաբար՝ «Զորավարժություններ Երկրի երկնքում») մասնակցել են Հնդկաստանի Պաշտպանական տիեզերական գործակալության և նրա ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հնդկաստանի ռազմաօդային և ցամաքային ուժերի և ռազմածովային նավատորմի զինծառայողներ։
Զորավարժությունների շրջանակներում անցկացվել են քննարկումներ տիեզերական նորագույն տեխնոլոգիաների, ինչպես նաև Հնդկաստանի տիեզերական ծրագրերի վերաբերյալ։Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետ գեներալ Անիլ Չաուհանի խոսքով՝ «տիեզերքը, որը մի ժամանակ համարվում էր վերջին սահմանը, այժմ Հնդկաստանի պաշտպանության և անվտանգության ապահովման կարևորագույն միջոցն է»:
Չաուհանը խոստովանել է, որ տիեզերքը դառնում է ավելի ու ավելի ծանրաբեռնված, մրցակցային և առևտրային տարածություն, ինչի առնչությամբ կարևոր է այնտեղ ապահովել Հնդկաստանի ազգային շահերը` նորարարությունների զարգացման և առաջավոր տեխնոլոգիաների և արդի համակարգերի մշակման հաշվին: