Ֆրանսիան բոյկոտել է COP29-ը «գաղութների» վերաբերյալ Ալիևի մեկնաբանություններից հետո

Ֆրանսիայի՝ կլիմայի հարցերով բարձրաստիճան պաշտոնյան չի մասնակցի Բաքվում COP29 կլիմայի շուրջ բանակցություններին այն բանից հետո, երբ Ադրբեջանի երկրի նախագահը Ֆրանսիային մեղադրել է իր անդրծովյան տարածքներում կլիմայի փոփոխության հետ կապված մտահոգությունները «դաժանորեն» ճնշելու մեջ: Այս մասին հաղորդում է POLITICO-ն։ 

«Հանրապետության նախագահի և վարչապետի հետ քննարկումից հետո ես հաջորդ շաբաթ չեմ մեկնի Բաքու», – նոյեմբերի 13-ին Ֆրանսիայի Սենատում ասել է Ֆրանսիայի էկոլոգիական անցման նախարար Անյես Պանիե-Ռունաշերը՝ դատապարտելով Ադրբեջանի արտահայտությունները որպես «անընդունելի» և «անհիմն»։

«Ադրբեջանը կլիմայի փոփոխության դեմ պայքարը գործիք է դարձնում իր ոչ արժանապատիվ անձնական օրակարգի համար», – հայտարարել է Պանիե-Ռունաշերը:

Ֆրանսիայի կլիմայի նախարարի չներկայանալը նշանակում է, որ Փարիզը ոչ մի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցչի չի ուղարկի Բաքու. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես բաց կթողնի միջոցառումը։

Ֆրանսիայի այս որոշումը նշանակում է, որ 2015 թվականի Փարիզի համաձայնագրի կնքումից ի վեր առաջին անգամ կլիմայական փոփոխությունների շուրջ համաժողովը տեղի կունենա առանց Ֆրանսիայի բարձրաստիճան ղեկավարության:

Նոյեմբերի 14-ի առավոտյան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փոքր կղզիների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ քննադատել էր Ֆրանսիային և Նիդեռլանդներին իրենց «նեոգաղութատիրության» համար, որը կապել էր կլիմայի փոփոխության հետ:

«Ֆրանսիայի և Նիդեռլանդների, այսպես կոչված, անդրծովյան տարածքները, մասնավորապես Կարիբյան ավազանում և Խաղաղ օվկիանոսում, կլիմայի փոփոխության հետևանքով ամենաշատ տուժածներից են։ Այս համայնքների ձայները հաճախ դաժանորեն ճնշվում են ռեժիմների կողմից», – ասել է Ալիևը COP29-ի շրջանակներում անցկացվող զարգացող փոքր կղզի պետությունների ղեկավարների գագաթնաժողովում։

Ադրբեջանի նախագահը պնդել է, որ Ֆրանսիան «շրջակա միջավայրի քայքայում» է առաջացրել այն տարածքներում, որոնք անվանել է «գաղութներ»՝ վկայակոչելով Ֆրանսիական Պոլինեզիայում և Ալժիրում միջուկային փորձարկումները։ Նա նաև մեղադրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կառավարությանը այս տարվա սկզբին Նոր Կալեդոնիայում տեղի ունեցած բռնությունների համար պատասխանատու լինելու մեջ. ցույցերի ընթացքում բախումների ժամանակ Նոր Կալեդոնիայում 13 մարդ է զոհվել։Նիդեռլանդները նույնպես արձագանքել է Ալիևի մեկնաբանություններին։

Նիդեռլանդների արտգործնախարարության խոսնակը POLITICO-ին հայտնել է, որ գերատեսչությունը «կտրականապես» մերժում է Ադրբեջանի ղեկավարի նիդեռլանդական անդրծովյան տարածքներում «ռեպրեսիայի վերաբերյալ չհիմնավորված տեսակետները»։

COP29-ը՝ ՄԱԿ-ի կլիմայական փոփոխությունների շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովը, Ադրբեջանում մեկնարկել է նոյեմբերի 11-ին։ Այն կտևի մինչև նոյեմբերի 22-ը։  Ադրբեջանը քննադատության է ենթարկվել տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից՝ հանածո վառելիքի ոլորտում ներդրումները շարունակելու պատճառով։ Ըստ հրապարակման՝ Բաքուն շարունակում է նոր գործարքներ կնքել նույնիսկ համաժողովի անցկացման ընթացքում։

Տեսանյութեր

Լրահոս