Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Բեյրութի օդանավակայանի մերձակայքին
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Բեյրութի Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանի թռիչքավայրէջքային գոտուց մի քանի տասնյակ մետր հեռավորությամբ գտնվող տարածքին:
Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակիցը։
Ավիահարվածը հասցվել է օդանավակայանի տարածքի հարևանությամբ գտնվող Շուվայֆաթ Էլ Ամրուսիա շրջանի բազմահարկ շենքին:
Եվս երկու ավիահարված նոյեմբերի 14-ի առավոտյան հասցվել է Բեյրութի հարավային արվարձանին։
Ավելի վաղ, առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում, իսրայելական օդուժը երեք ուժգին հարված է հասցրել Շիյախի շրջանին. պայթյունների ձայները լսվել են մայրաքաղաքի կենտրոնական թաղամասերում։
Նոյեմբերի 13-ի կեսօրին իսրայելական օդուժը գրոհել է Բեյրութի հարավային արվարձանում գտնվող վեց օբյեկտի վրա։ Նոյեմբերի 13-ի ուշ երեկոյան մի շարք հարվածներ են հասցվել Բուրջ ալ Բարաջնե և Հարեթ Հրեյք շրջաններին։