
Գերմանիան արգելել է իր նավահանգիստներին Ռուսաստանից հեղուկացված բնական գազի բեռներ ընդունել. FT

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը հեղուկացված բնական գազի տերմինալների Deutsche Energy Terminal (DET) պետական օպերատորից պահանջել է «չընդունել ռուսական հեղուկացված բնական գազի ոչ մի մատակարարում»: Այս մասին գրում է The Financial Times-ը՝ հղում անելով նոյեմբերի 6-ով թվագրված նախարարության նամակը։
Արգելքի մասին նախարարությունը DET-ին հայտնել է այն բանից հետո, երբ ընկերությունը կառավարությանը ծանուցել է, որ Բրունսբյուտել քաղաքի տերմինալը մտադիր է նոյեմբերի 17-ին ռուսական հեղուկացված բնական գազի բեռ ստանալ: Ըստ նախարարության նամակի՝ բեռների ընդունման արգելքը կոչված է «պաշտպանելու պետական շահերը» և կգործի «մինչև հետագա ցուցում լինի»։
Եվրոպական երկրները Ռուսաստանից հեղուկացված բնական գազ գնելու պաշտոնական արգելք չեն սահմանել՝ ի տարբերություն նավթի և ածխի։
Kpler-ի տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնությունը մեծությամբ երկրորդն է Եվրամիություն հեղուկացված բնական գազի մատակարարմամբ՝ շուրջ 20% շուկայական մասնաբաժնով:
Ռուսական գազի մեծ մասը Ֆրանսիա, Իսպանիա և Բելգիա է ուղարկվում երկարաժամկետ պայմանագրերով, իսկ Գերմանիան 2022 թ. փետրվարից ի վեր ուղղակիորեն Ռուսաստանից չի ստացել հեղուկացված բնական գազի բեռներ։