
ԵԱՏՄ-ն և ԱՄԷ-ն համաձայնության են եկել առևտրի և ներդրումների ընդլայնման շուրջ

Արաբական Միացյալ Էմիրությունները և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) համաձայնության են եկել առևտրի և ներդրումների ոլորտում համագործակցության ընդլայնման շուրջ։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է ԱՄԷ արտաքին առևտրի պետնախարար Թանի բեն Ահմեդ ազ Զեյուդին։
«Սեպտեմբերին ես այցելեցի Մոսկվա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովի հետ բանակցություններ վարելու: Մենք համաձայնության եկանք առևտրի ընդլայնման և ներդրումների ավելացման շուրջ, ինչպես նաև հաստատեցինք մեր մտադրությունը շարունակել համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրի վերջնական ձևակերպման աշխատանքը», – ասել է նախարարը՝ ելույթ ունենալով Դուբայում «Հնարավորությունների աշխարհ» համաժողովի բացմանը։
Մի քանի տարվա ընթացքում ԱՄԷ-ն կնքել է ավելի քան տասը համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագիր, այդ թվում՝ Իսրայելի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Քենիայի և Թուրքիայի հետ:
Փետրվարին ազ Զեյուդին ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ երկրի իշխանությունները ԵԱՏՄ-ի հետ նմանատիպ համաձայնագիր կկնքեն մինչև 2024 թվականի վերջը։ ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որի անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Դիտորդի կարգավիճակ է տրամադրվել Կուբային, Մոլդովային և Ուզբեկստանին: