«Գործը քննչականում է. անտեր ենք, ով ինչ ուզում՝ անում է. ժողովրդավար երկրում մարդուն չեն ծեծի խնդիրներ բարձրաձայնելու համար». Մասիս Զեյնալյան
Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Մասիս Զեյնալյանի և Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի եղբոր՝ Սասուն Ղուլունցի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ գործն ուղարկվել է Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության Գորիսի քննչական բաժին:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մասիս Զեյնալյանը և մանրամասնեց՝ իր և Սասուն Ղուլունցի միջև վիճաբանություն է եղել, որի ընթացքում համայնքապետի եղբայրը բռունցքով հարվածել է իրեն։
«Այստեղ անտեր ենք, ով ինչ ուզում՝ անում է։ Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ ես 2021 թվականից հետո ժողովրդի կողմից ընտրվել եմ Տեղ համայնքի ավագանու անդամ ու համայնքային շատ հարցեր եմ բարձրաձայնել, որը, ինչպես տեսնում եք՝ այս մարդկանց սրտով չէ։ Այս մարդիկ անձնականն ու համայնքային հարցերը չեն տարբերակում, դրա համար համայնքային հարցերը դարձնում են անձնական։
Մենք՝ որպես համագյուղացիներ, երբեք խնդիրներ չենք ունեցել, ինքս շինարար մարդ եմ, իրենց հետ կապ էլ չեմ ունեցել։ Իմ կապն իրենց հետ այնքանով է, որ ավագանու անդամ եմ՝ համայնքին առնչվող հարցեր եմ բարձրաձայնում։
Հոկտեմբերի 15-ին մեր ավագանու հերթական նիստն էր, բազմիցս ասել եմ, որ մեր երկրում ինստիտուտները չեն գործում, այդ թվում՝ մեր համայնքապետարանում եղած հանձնաժողովը։ Հողի նշանակություն են փոխում, հողօգտագործման շինարարական հանձնաժողով կա, որը պետք է հանձնաժողովի բոլոր անդամներին կանչի ու որոշում կայացնի, բայց, չգիտես՝ ինչու, առանց իրենց է որոշում կայացնում»,- նշեց Մասիս Զեյնալյանը։
Նրա խոսքով՝ Տեղ համայնքում հողերը մաս-մաս են արել, կարգը փոխում ու մեջ-մեջ են անում, չգիտեն էլ՝ ո՞ւմ են անհատույց տալիս։
Մասիս Զեյնալյանը նաև հույս ունի, որ իրավական համակարգը հաշվի չի առնի, թե ով է Տեղ համայնքի համայնքապետի եղբայրը, և արդարացի քննություն կիրականացնի, քանի որ օրենքը բոլորի համար պետք է հավասար լինի՝ անկախ այն հանգամանքից՝ ՔՊ-ակա՞ն է նրա թիմակիցը, թե՞ շարքային քաղաքացի։
«Ես այսքան տարի ապրում եմ այս գյուղում, երբեք համայնքապետի կամ նրա մերձավոր շրջանակների հետ որևէ խնդիր չեմ ունեցել։ Նիկոլ Փաշինյանին երևի ամեն օր զեկուցում են, որ մենք ապրում ենք ժողովրդավար երկրում, բայց ժողովրդավար երկրում մարդուն չեն ծեծի խնդիրներ բարձրաձայնելու համար։
Հիմա եթե մի մարդ հանցագործություն է անում, ոստիկանություն գնալուց հո չի՞ խոստովանելու, որ հանցագործություն է արել, հիմա համայնքապետն ու իր եղբայրն ինչքան ուզում են՝ թող հերքեն, դրանից իրականությունը չի փոխվելու»,- հավելեց նա։