Ամստերդամում բերման է ենթարկվել շուրջ 300 պաղեստինամետ ցուցարար
Ամստերդամում իսրայելական «Մաքաբի» ակումբի երկրպագուների վրա հարձակումից գրեթե մեկ շաբաթ անց Նիդեռլանդների ոստիկանությունը ձերբակալել է շուրջ 300 պաղեստինամետ ցուցարարի, որոնք չեն ենթարկվել Նիդեռլանդների մայրաքաղաքում զանգվածային հավաքների արգելքին, որը սահմանվել էր հարձակումից հետո: Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
«Ոստիկանությունը 281 մարդու է ձերբակալել «Դամ» հրապարակում անցկացված ցույցի ժամանակ», – հաղորդագրության մեջ նշել է ոստիկանությունը։
Իրավապահները հավաքվածներին կարգադրել են հեռանալ, բայց շատերը չեն ենթարկվել: «Ոմանք հեռացան կամավոր, մնացած ցուցարարներին շրջապատեցին ոստիկանները», – հավելել են ոստիկանությունում՝ պարզաբանելով, որ նրանց մի մասին ավտոբուսներով տեղափոխել են կենտրոնից հեռու գտնվող շրջաններ, մյուս մասին տարել են ոստիկանական բաժանմունքներ։
Ակցիայի մասնակիցներից մի քանիսը ձերբակալությունների ժամանակ կատաղի դիմադրություն են ցույց տվել։Սա արդեն թվով երրորդ պաղեստինամետ հանրահավաքն է Ամստերդամում նոյեմբերի 7-ին իսրայելցի երկրպագուների վրա հարձակումից հետո։
Նոյեմբերի 7-ին Ամստերդամում դիմակավորված անձինք իսրայելցի երկրպագուների վրա են հարձակվել Եվրոպայի լիգայի մրցախաղից հետո, որն անցկացվել է «Այաքս»-ի և «Մաքաբի»-ի միջև: Հարձակվողները նաև փորձել են ներխուժել հյուրանոցներ, որտեղ իսրայելցիներ են եղել:
Նոյեմբերի 11-ին պաղեստինամետ ցուցարարներն անկարգություններ էին կազմակերպել Ամստերդամի արևմտյան շրջանում։