
Իրաքյան դիմադրությունը հայտնել է իսրայելական 2 օբյեկտի վրա հարձակումներ իրականացնելու մասին

«Իրաքի իսլամական դիմադրություն» շարժման ռազմականացված կազմավորումները հայտարարել են Իսրայելի տարածքում գտնվող 2 օբյեկտի հարվածելու մասին։ Այս մասին հաղորդում է Middle East Monitor հարթակը։
Նշվում է, որ ըստ խմբավորման հայտարարության՝ օբյեկտներից մեկը գտնվել է Իսրայելի կենտրոնական, մյուսը՝ հյուսիսային հատվածում։«Իրաքի իսլամական դիմադրությունը» նշել է, որ հարձակումներ է իրականացնում Իսրայելի տարածքում՝ «Պաղեստինի և Լիբանանի ժողովուրդների աջակցության նպատակով՝ ի պատասխան քաղաքացիական բնակչության, ներառյալ երեխաների, կանանց և տարեցների սպանությունների»։
Ըստ խմբավորման՝ նոյեմբերի 13-ին անօդաչու թռչող սարքերով թիրախավորվել է Իսրայելի կենտրոնական հատվածում գտնվող մի օբյեկտ։
Մեկ այլ հայտարարության մեջ շարժումը նշել է, որ հինգշաբթի (նոյեմբերի 14-ի) առավոտից Իսրայելի հյուսիսում հարձակման է ենթարկվել կենսականորեն կարևոր թիրախ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։ Հարձակումների արդյունավետության մասին տեղեկատվություն չի հաղորդվում։
Հայտարարության մեջ նշվում է, որ «հարձակումները կշարունակվեն, իսկ դրանց ինտենսիվությունը կաճի»:
Իրաքում շիաների կազմավորումները մեծացրել են իրենց ակտիվությունը Մերձավոր Արևելքում իրադրության սրման ֆոնին։