Բաժիններ՝

Սա կապիտալի փախուստ է. տնտեսագետ

«Ակնհայտ է, որ արտաքին գործոնները, որոնք հիմնականում պայմանավորված էին ռուս-ուկրաինական պատերազմով, աստիճանաբար թուլանում են»,- 168.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն այսպես արձագանքեց պաշտոնական վերջին վիճակագրության ցուցանիշներին, որոնք փաստում են՝ բանկերի միջոցով դրամական փոխանցումների հոսքը Հայաստան զգալիորեն նվազել է։

Վիճակագրության համաձայն՝ 2023թ. հունվար-մայիսին Հայաստան է փոխանցվել 2 մլրդ 480 մլն դոլար, իսկ 2024թ. նույն ժամանակահատվածում փոխանցումները կազմել են 2 մլրդ 88 մլն՝ 392 մլն դոլարով պակաս։

Տնտեսագետը հավելեց՝ այս տարվա երեք ամիսների տվյալներն արդեն վկայում են՝ օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը ևս էապես նվազել է․ «Այսինքն՝ սա կապիտալի փախուստ է, որը, ըստ էության, մեկ այլ կարևոր գործոնի՝ տնտեսական անվտանգության աճող սպառնալիքների հետևանքն է։ Այս տարի, օրինակ, նկատելիորեն ավելի շատ օտարերկրյա կապիտալ ՀՀ-ից գնացել է, քան եկել։

Սրանք փաստեր են, որոնք կոծկվում են օրվա իշխանությունների կողմից, որովհետև սա մի իշխանություն է, որը թշնամուն ամեն ինչ զիջելու դիմաց խոստանում էր լավ կյանք, ներդրումներ, երկարաժամկետ կայուն զարգացում, բայց մենք տեսնում ենք, որ զիջումներն ու անվտանգային աճող սպառնալիքները բերում են նաև տնտեսական լուրջ խնդիրների, և այսպես շարունակվելու դեպքում՝ մենք ունենալու ենք ռազմավարական լուրջ մարտահրավերներ նաև տնտեսական դաշտում»։

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ պակասող ներդրումների, դրամական փոխանցումների ֆոնին փորձ է արվում իրավիճակը շտկել հարկային բեռի ավելացմամբ, հաճախ՝ հարկային տեռորով։

«Ներդրումները կրճատվում են, տնտեսական ակտիվությունը գնալով թուլանում է (այս տարվա մայիսին՝ նախորդ տարվա մայիսի համեմատ, ընդամենը 5 տոկոս աճ ունենք), պետական պարտքն է աննախադեպ ավելանում (այս իշխանության կառավարման նախորդ վեց տարիներին պետական պարտքն աճել է շուրջ 5,5 միլիարդ ԱՄՆ դոլարով կամ 80 տոկոսով), և այլն, ու հարկային բեռի ավելացումով փորձում են կոմպենսացնել այդ նվազող տնտեսության էֆեկտը։ Վերջինս իր հերթին՝ բերում է նոր դժվարություններ՝ հատկապես փոքր ու միջին բիզնեսի համար»,- պարզաբանեց տնտեսագետը։

Դիտարկմանը, որ, ամեն դեպքում, Արևմուտքից հայտարարություններ են հնչում, թե իրենք գործում են, աջակցում են, որ տարածաշրջանում բարձրանա ՀՀ դիմակայունությունը, Թադևոս Ավետիսյանն արձագանքեց՝ խոստումները մի բան են, իրականությունը՝ մեկ այլ։

«Արևմուտքն այդքան խոստանում է, իսկ մենք չենք տեսնում արևմտյան ներդրումների առատ հոսք, կամ այն արտոնյալ ռեժիմները, որոնցով իրենք սատարում են այլ երկրներին։ Այդ արտոնյալ ռեժիմների արդյունքում մենք կունենայինք արտահանման աճ դեպի նույն այդ երկրներ։ Մինչդեռ հակառակը՝ մենք տեսնում ենք, որ հատկապես վերջին երեք տարիներին մեր տնտեսական կախվածությունն էլ ավելի է մեծանում ԵԱՏՄ անդամ-երկրներից ու հատկապես ՌԴ-ից, ինչը նաև պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի ստեղծած իրավիճակով։

Այսօր մեր արտաքին առևտրաշրջանառության 60 տոկոսից ավելին վերաբերում է հենց ՌԴ-ի հետ առևտրաշրջանառությանը․ մինչ այս իշխանությունը՝ առավելագույնը 30-40 տոկոսն էր առնչվում։ Այսօր էլ ներդրումների առումով մեր հիմնական գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, դրամական փոխանցումների առյուծի բաժինը ՌԴ-ից է, և արտահանման հիմնական մասն ուղղվում է ՌԴ։ Այսինքն՝ այս խոստումների ֆոնին փաստացի իրավիճակը բոլորովին այլ է,- հավելեց Թադևոս Ավետիսյանը՝ շեշտելով, որ տնտեսության մեջ փաստագրումներն են կարևոր, ոչ թե խոստումներն ու սպասումները,- Ի դեպ, սին սպասումներ ձևավորելը վտանգավոր է, քանի որ, երբ սպասումները կյանքի չեն կոչվում, անորոշություններն են աճում, հետևաբար՝ նաև ռիսկերը»։

Տեսանյութեր

Լրահոս