Ինչի՞ց է զգուշանում Իրանը Հայաստանում
Մինչ ԱՄՆ-ը Հարավային Կովկասում պայքարում է ազդեցության հավելյալ մակարդակի համար, շարունակելով բարձրաստիճան ինտենսիվ այցերը՝ հատկապես Հայաստանի Հանրապետություն, իրանական կողմը ևս «ձեռքերը ծալած» չի նստում։
Հուլիսի 9-ին հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։
«Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Մոհամմադ Նաջաֆին: Նախարար Պապիկյանը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին, մաղթել հաջողություններ կարևոր առաքելության մեջ: Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նախկին ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինին՝ արդյունավետ համագործակցության համար: Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում: Հուլիսի 10-ին էլ դեսպան Սոբհանին հանդիպել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին։ «Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել ճանապարհաշինության, էներգետիկ և այլ ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին։ Ընդգծվել է հատկապես Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության շուտափույթ ավարտելու անհրաժեշտությունը։ Քննարկվել են երկկրողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս»,- ասված էր նախարարության տարածած հաղորդագրությունում։
ՀՀ կառավարության փոխանցմամբ էլ, տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Հաղորդագրության համաձայն, Փաշինյանն Իրանի նախագահին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և արդյունավետ պաշտոնավարում մաղթել:
«Զրուցակիցները վերահաստատել են իրենց հավատարմությունը նախկինում միջպետական մակարդակում ձեռք բերված պայմանավորվածություններին: Կողմերը պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել»,- ասված էր պաշտոնական հաղորդագրության մեջ։
Օրերս էլ լրագրողների հետ զրույցում Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների և Հարավային Կովկասում ԱՄՆ ներգրավվածության նպատակների մասին: Նա նշել էր, թե տարածաշրջանում խաղաղությանը որևէ այլընտրանք գոյություն չունի, պետք է խաղաղություն հաստատվի տարածաշրջանում:
«Մենք գտնում ենք, որ տարածաշրջանի խնդիրները պետք է տարածաշրջանի ներսում լուծվեն: Ցանկացած լարված իրավիճակ, ցանկացած պատերազմ եթե տեղի ունենա տարածաշրջանում, դրա ազդեցությունը, հետևանքները լինելու են տարածաշրջանում ապրող ժողովուրդների վրա: Ուստի, երբ ասում ենք՝ 3+3, դա տարածաշրջանի երկրների և այն երկրների, որոնք իրար հետ ունեն հակամարտություն, այդ շրջանակում ընդգրկում է, որի շրջանակում մենք պետք է հասնենք հարատև խաղաղության»,- ասել էր դեսպան Սոբհանին։
Անդրադառնալով նրան, որ ԱՄՆ-ը ակտիվացրել է իր ջանքերը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր կնքելու հարցում, դեսպանն ասել էր. «Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, մենք նրան չենք վստահում: Երբ մեծ սատանան ոտք է դնում տարածաշրջան, նա այլ նպատակներ է հետապնդում: Նրանք փոխանակ հենվեն տարածաշրջանի ժողովուրդների խաղաղության, անվտանգության և հանգիստ ապրելու վրա, այլ նպատակներ են հետապնդում: Եթե նրանք ցանկանում են շրջանցել և դուրս թողնել այս բանակցություններից որոշ երկրների, դա նշանակում է, որ նրանց ցանկությունն ինքնատիպ չէ: Մենք ցանկանում ենք, որ համապարփակ խաղաղություն տիրի»:
«168 Ժամ»-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը կարևորեց հայ-իրանական շփումները հատկապես այս փուլում, երբ ԱՄՆ-ը ակտիվ է, իսկ Իրանում նոր նախագահ ընտրվեց, ինչը որոշակի անորոշություն է հաղորդում հարաբերություններին։ Ըստ նրա՝ չնայած այն հանգամանքին, որ Իրանի քաղաքականությունը թելադրում է Գերագույն հոգևոր առաջնորդը, նախագահի մակարդակով աշխատանքը պետք չէ թերագնահատել, այն ևս կարևոր է, ուստի Իրանի համար կարևոր է ընտրությունից հետո շփումը հայկական կողմի հետ։
Նրա կարծիքով, պատահական չեն նաև դեսպանի հանդիպումները, որը պայմանավորված է՝ ինչպես ռեգիոնալ զարգացումներով Հայաստան-Ադրբեջան հարթությունում, այնպես էլ՝ աշխարհաքաղաքական։
«Իրանում ՀՀ-ի հետ հարաբերությունները հռչակել են ռազմավարական, ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը հայտարարվել է կարմիր գիծ, ուստի թե սահմանազատման գործընթացը, թե բանակցությունները համաձայնագրի ստորագրման համար, թե ԱՄՆ ջանքերը՝ ռեգիոնից դուրս թողնել Ռուսաստանին, Իրանին, Չինաստանին, Իրանից պահանջում են էլ ավելի զգոն աշխատանք ռեգիոնում և ՀՀ-ի հետ հարաբերություններում դիմակայելու ԱՄՆ քաղաքականությանը։ Այս ուղղությամբ կա ինտենսիվ աշխատանք նաև ՌԴ-Իրան հարաբերություններում, և Իրանում այնուամենայնիվ հույս ունեն, որ ռեգիոնալ հարթակներում հնարավոր կլինի լուծել ռեգիոնալ հարցերը՝ ավելի լավ հասկանալով ու զսպելով բոլոր մարտահրավերները»,- նշեց վերլուծաբանը։
Նա կարևորեց նաև ՀՀ քաղաքականությունը։ Նրա խոսքով, յուրաքանչյուր երկիր ինքնիշխան է իր արտաքին քաղաքականության, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում։ «Սակայն ՀՀ-ի համար Իրանը հուսալի գործընկեր է, որը, բացի այդ, կիսում է նույն մարտահրավերները, հետապնդում նույն շահերը և ռեգիոնալ խնդիրները պատկերացնում շատ ավելի հստակ, քան արտատարածաշրջանային ուժերը»,- ասաց նա։
Վերլուծաբանը գտնում է, որ նորընտիր նախագահը շարունակելու է նույն ռեգիոնալ քաղաքականությունը, ինչ նախորդ նախագահը, և, ինչպես որ Իրանի համար վերջին ողբերգական իրադարձություններից հետո հայտարարեց ԻԻՀ հոգևոր առաջնորդը։ «Հայաստանի և ռեգիոնի մասով ոչինչ չի փոխվելու»,- ասաց Բարզեգարը։
Ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին մեզ հետ զրույցում ասաց, որ ՀՀ իշխանությունների և ԱՄՆ-ի ակտիվ հարաբերությունները, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հրավեր-մասնակցությունը չեն կարող Իրանին չմտահոգել։ Ուստի, ըստ նրա, Իրանի դեսպանի ակտիվ հանդիպումները և ընդհանրապես ԻԻՀ ղեկավարության ուշադրությունը ՀՀ-ի ուղղությամբ պատահական չէ։
«Դա պայմանավորված է՝ ինչպես գլոբալ դիմակայությամբ, Անդրկովկասում ԱՄՆ ազդեցության ընդլայնմամբ, թիրախների հստակեցմամբ, որոնց թվում Իրանն է, ինչպես նաև ՀՀ-ի քաղաքականությամբ, որքան էլ իրանական ուղղությամբ հայկական կողմը որոշակի զգուշություն է ցուցաբերում։ Չնայած այդ զգուշությանը, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խորանում են կամ գոնե դրա մասին հայտարարություններ են հնչում։ Միևնույն ժամանակ Իրանը քիչ-քիչ է ներքաշվում ռեգիոնալ զարգացումներին, ավելի դանդաղ է գործում, թեև հաստատուն ու վստահ։ Սակայն չլուծված հակամարտությունից և միջնորդող երկրի ջանքերից ռեգիոնում շատ բան է կախված, քանի որ միջնորդի կարգավիճակ երկրին տալիս են հակամարտող, այսինքն՝ ռեգիոնալ երկրները, կատարելով նման ընտրություն։ Ուստի առաջիկա օրերն այդ իմաստով ևս ուշագրավ կլինեն՝ հաշվի առնելով Վաշինգտոնում Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպումը»,- ասաց նա։