Ի՞նչ է ոսկրի քաղցկեղը, ինչո՞ւ են երեխաները ռիսկի գոտում, որո՞նք են ախտանշանները

Հարցազրույց Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, ուռուցքաբան-օրթոպեդ Ալեքսանդր Սեինյանի հետ։

Բժի՛շկ, ինչի՞ հետևանքով է առաջանում ոսկրի քաղցկեղ։

– Կան առաջնային և երկրորդային ուռուցքներ։ Առաջնայինները սկզբից առաջանում են ոսկրում, իսկ երկրորդայինը մետաստազիկ ուռուցքներն են։ Բոլոր քաղցկեղները, ի վերջո, մետաստազավորվում են ոսկրային համակարգը՝ համարվելով երկրորդային ոսկրային ախտահարումներ կամ մետաստազներ։

Առաջացման պատճառը, ցավոք, ոչ ոք չգիտի, հատկապես առաջնային ոսկրային ուռուցքների մասին է խոսքը։ Չգիտենք՝ ինչից է առաջանում։

Կարդացեք նաև

Մետաստազները բոլոր ուռուցքային հիվանդությունների դեպքո՞ւմ են հայտնվում ոսկրում։

– Այո՛։ Բոլոր քաղցկեղներն, ի վերջո, մետաստազավորվում են ոսկրային համակարգ՝ լինի կրծքագեղձի, թոքի, երիկամի քաղցկեղ, թե մելանոմա։

Ոսկրային ուռուցքները, տեղյակ եմ, շատ են տարածված երեխաների շրջանում։ Անգամ բժիշկները թիրախային տարիք են նշում՝ 7-15 տարեկան երեխաներ և 10-30 տարեկան երիտասարդներ։ Ինչո՞ւ է այդպես։

Տարիքային խումբն ավելի լայն է, մոտավորապես 25 տարեկան։ Առաջնային ոսկրային ուռուցքները հանդիպում են հիմնականում երեխաների մոտ և համարվում են լուրջ, չար և վտանգավոր ուռուցքներ։

Դեռևս պարզ չէ, թե ինչո՞ւ են այդ ուռուցքներն առաջանում առավելապես երեխաների մոտ։

Ոսկրի առաջնային ուռուցքների դեպքում դեր ունի՞ ժառանգականությունը։

– Բնականաբար, կա այդ ռիսկի գործոնը։ Բայց շատ հիվանդների մոտ, հավատացեք, ժառանգականության գործոնն ուղղակի բացակայում է։ Ո՛չ տատը, ո՛չ պապը, ո՛չ ծնողներն այդ խնդիրը չեն ունենում, բայց երեխան ունենում է ոսկրային չարորակ ուռուցք։

Ի՞նչ ախտանշաններ պետք է լինեն երեխաների մոտ, որ ծնողերը հասկանան՝ ուռուցքային օջախ կա։

– Ախտանշաններից է ցավը։ Առանց ցավի որևիցե ուռուցքային գոյացություն չի լինում, առավելապես չարորակ ուռուցքները։

Լինում է նաև վերջույթի ֆունկցիայի խանգարում։ Կարող է մի փոքր ջերմություն ունենա երեխան։ Միշտ հորդորում ենք ծնողներին, որ մի փոքր ուշադիր լինեն այդ առումով, և եթե գանգատները շարունակվում են, պարտադիր դիմեն բժշկի։

Հավատացեք, որևէ այլ լուրջ ախտանշան, այդ հիվանդությունները, ցավոք, չունեն։

Հասարակության շրջանում շատ տարածված է արտահայտությունը, թե՝ հոդերս ցավում են։ Այդ ցավը կարո՞ղ է հուշել ոսկրի ուռուցքի մասին։

– Չէ։ Յուրահատուկ որևէ ցավ չի լինում։ Կարող է ուռածություն էլ առաջանա։ Եվ եթե գանգատները երկար ժամանակ շարունակվում են, խնդրում ենք դիմել բժշկի։

– Իսկ եթե երեխան չի աճում, կարո՞ղ է դա կապ ունենալ հիվանդության հետ։

– Չի բացառվում, որ աճման մեջ է ինչ-որ մի բան խախտվում,  և ուռուցքային բջիջները սկսում են շատ արագ ակտիվանալ։

Բուժման ի՞նչ եղանակներ են կիրառվում։

– Երեխաների դեպքում բուժման ամբողջ կոմպլեքսն օգտագործվում է, այսինքն՝ քիմիոթերապիա, վիրահատական և ճառագայթային բուժում։ Քանի որ հիմա դեղորայքային բուժումը բավականին առաջ է գնացել, առաջացել են իմունոթերապևտիկ դեղորայքային բուժումներ, քիմիոթերապևտիկ պրեպարատներ։ Ի դեպ, ինչն է հետաքրքիր. երեխաների մոտ շատ լավ ենթարկվում են բուժման այդ ուռուցքները, այն դեպքում, որ մեծահասակի մոտ նույն ուռուցքը կարող է ընդհանրապես չենթարկվել որևէ բուժման։ Իսկ երեխաների մոտ լավ արդյունքի ենք հասնում, ուռուցքը բավականին լուրջ ձևով փոքրանում է, որից հետո արդեն գալիս է վիրահատական պահը, ապա շարունակվում է քիմիոթերապիան։ Կան ուռուցքներ, որոնց ժամանակ նաև ճառագայթային բուժում է կատարվում։

– Հնարավո՞ր է՝ տարիներ անց կրկնվի։

– Միանշանակ։ Վտանգը միշտ կա, դրա համար երեխաներին 5 տարի պահում ենք հսկողության ներքո։ Վիրահատությունից հետո, երբ անգամ ուռուցք չի լինում, թոքերն են հետազոտվում, որովհետև թիրախը համարվում են թոքերը։ Այդ տիպի ուռուցքներն ախտահարում են թոքերը, այնտեղ խնդիրներ են առաջանում։ Ունեցել ենք դեպքեր, երբ 10-15 տարի հետո հիվանդությունը կրկնվել է։

– Հայաստանում ավելի շատ ոսկրի առաջնայի՞ն, թե՞ երկրորդային ուռուցքներ են տարածված։

Առաջնային ուռուցքները շատ քիչ են։ Ուռուցքային բոլոր հիվանդությունների մեջ առաջնային ոսկրային ուռուցքները կազմում են ընդամենը 2-2,5 տոկոս։ Երեխաների մոտ հիմա ավելի շատ են հանդիպում, քան մեծահասակների։ Ասեմ, որ մեծահասակների մոտ առաջնային ոսկրային ուռուցքներ գրեթե չենք հանդիպում։

Երեխաների դեպքում տարվա մեջ կարող է 5-11 հիվանդ լինի։ Բնականաբար, հաճախ հանդիպում են մետաստազիկ, երկրորդային բնույթի ուռուցքները։

– Այն մարդիկ, ովքեր կոտրվածքների կամ այլ պատճառով մետաղական իմպլանտ են կրում, իրենք ևս հակվա՞ծ են այդ հիվանդությանը։

– Կան տրավմատիկ կոտրվածքներ, և դրանք որևէ խնդիր չեն առաջացնում, բայց կան ախտաբանական կոտրվածքներ, որոնք լինում են առաջնային և երկրորդային ուռուցքների ժամանակ և կոչվում են ախտաբանական կոտրվածք։ Բնականաբար, դրանք պետք է վիրահատվեն, որովհետև կոտրված ոտքով հիվանդին անկողնում պահելը դժվար է՝ պարզ պատճառով, որ կոտրվածքը, ի վերջո, չի կպնելու։ Ախտաբանական կոտրվածքները չեն կպնում։ Դրա համար վիրահատում ենք, իմպլանտներ, ուրիշ մետաղական կոնստրուկցիաներ են օգտագործվում։

Կա՞ն կանխարգելիչ միջոցառումներ, որ կարելի է կիրառել՝ հիվանդությանը չբախվելու համար։

– Երկրորդային ուռուցքների ժամանակ կան կանխարգելիչ միջոցառումներ. ամեն տարի կատարել սցինտիգրաֆիա։ Սա մի հետազոտություն է, որը ցույց է տալիս, թե ի՞նչ վիճակում է ոսկրային համակարգը։ Պետք է կատարել նաև պոլիօրգանային համակարգչային տոմոգրաֆիա։

Առաջնային ուռուցքների ժամանակ նման պրոֆիլակտիկ նպատակով տանել երեխային ու ամեն տարի հետազոտել՝ մի քիչ լուրջ չէ։ Գանգատների դեպքում ուղղակի պետք է դիմել բժշկի, կանխարգելում չկա։

– Ոսկրային ուռուցքները ո՞ր ոսկրերում են ավելի շատ տեղակայվում։

– Երկար խողովակավոր ոսկորներն են հիմնականում. ազդոսկր, բազկոսկր, մեծ ոլոք, փոքր ոլոք։ Լինում է նաև կոնքի ոսկրերում, թիակոսկրում։

– Հաճախ օգտագործում ենք դեղորայք, որ ոսկրերն ամուր լինեն։ Կարո՞ղ են այդ դեղամիջոցներն օգնել խուսափել ուռուցքային հիվանդությունից։

Ցավոք սրտի, ոչ։ Օստեոպարոզի ժամանակ օգտագործվող այդ դեղամիջոցները նույնն են, ինչ օգտագործում ենք երկրորդային ուռուցքների պրոֆիլակտիկայի ժամանակ։ Բիսֆոսֆոնատներն են։ Ուղղակի օստեոպարոզի ժամանակ այդ դեղորայքը շատ ավելի թույլ է, քան ուռուցքային հիվանդությունների ժամանակ ենք օգտագործում։ Կանխարգելել հնարավոր չէ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031