Մեծ Բրիտանիան և Լեհաստանը կստորագրեն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը մայիսի 27-ին Լոնդոնում կստորագրեն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը։
Նշվում է, որ փաստաթուղթը կընդգրկի սահմանների պահպանության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, կոլեկտիվ պաշտպանության ուժեղացման և Եվրամիության հետ համագործակցության խորացման հարցերը։
«Այդ համաձայնագիրը խոշորագույն քայլ է Լեհաստանի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտում մեր հարաբերություններում։ Այն մեզ թույլ կտա դիմակայել ժամանակակից սպառնալիքներին անվտանգության բնագավառում, որոնք կարող են լինել պակաս տեսանելի, բայց ոչ պակաս վտանգավոր: Համաձայնագիրը նաև վերահաստատում է իմ հանձնառությունը՝ ավելի սերտորեն համագործակցելու եվրոպացի գործընկերների հետ՝ անվտանգության ամրապնդման, մեր քաղաքացիների համար հնարավորությունների ընդլայնման և կայունության ապահովման համար»,- ասել է Սթարմերը։
Նրա խոսքով՝ նախաձեռնության շրջանակում միացյալ ցամաքային զորքերը կանցկացնեն լայնածավալ համատեղ վարժանքներ՝ անօդաչու թռչող սարքերի, ռադիոէլեկտրոնային պայքարի և ինժեներական աջակցության բնագավառում օպերատիվ համատեղելիության բարձրացման, ինչպես նաև ցամաքային զորքերի զարգացման համար։
Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից հայտնել են նաև, որ Սթարմերը մտադիր է Տուսկի հետ քննարկել Եվրոպայում «հիբրիդային գրոհների աճի հարցը»։
Ավելի վաղ Սթարմերի կառավարությունը նմանատիպ համաձայնագրեր է կնքել Ֆրանսիայի և Գերմանիայի հետ:



