Ռուսաստանում ուժեղացվել է սահմանային հսկողությունը Աֆրիկայում էբոլայի բռնկման պատճառով
Ռուսաստանի սահմանային անցակետերում ուժեղացվել է սանիտարական հսկողությունը Աֆրիկայի երկրներում էբոլա տենդի բռնկման պատճառով: Այդ մասին հաղորդել է «Ռոսպոտրեբնադզոր»-ը։
«Պետական սահմանի անցակետերում ուժեղացվել է այն քաղաքացիների առողջական վիճակի սանիտարակարանտինային հսկողությունը, որոնք ժամանում են վարակի բարձր ռիսկ ունեցող տարածաշրջաններից։ Ռիսկերը գնահատելու և նվազագույնի հասցնելու համար օգտագործվում է նաև «Պերիմետր» ավտոմատացված տեղեկատվական համակարգը», – ասվում է հայտարարության մեջ։
Էբոլա վիրուսի «Բոնդիբուգյո» շտամի բռնկումը տեղի է ունեցել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Ուգանդայում՝ մայիսի կեսերին։ Գրեթե անմիջապես Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արտակարգ դրություն հայտարարեց, քանի որ այն վտանգ է ներկայացնում այլ երկրների համար։ Վերջին տվյալների համաձայն՝ վարակման կասկածելի դեպքերի թիվը գերազանցել է 900-ը, այդ թվում՝ 101-ը հաստատվել է։ Մահացել է առնվազն 221 մարդ։
Վիրուսը փոխանցվում է վայրի կենդանիներից, ապա տարածվում մարդկանց շրջանում։ Հիվանդության առաջին ախտանշաններն են տենդը, մկանային կծկումները, ցեֆալգիան և կոկորդի ցավը։ Դրան հաջորդում են երիկամների և լյարդի ֆունկցիաների խանգարումները, իսկ առանձին դեպքերում սկսվում է ներքին և արտաքին արյունահոսություն։



