Ինչո՞ւ են ոսկրային ուռուցքները հաճախ հանդիպում երեխաների մոտ, որքանո՞վ է վտանգավոր Յուինգի սարկոման

Ոսկրերի քաղցկեղը կարող է սկսվել մարմնի ցանկացած ոսկորից։ Առաջացման պատճառների, վտանգավոր տեսակների, բուժման եղանակների մասին զրուցել ենք Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ամբուլատոր ծառայության գծով տնօրենի տեղակալ, օնկոօրթոպեդ Ալեքսանդր Սեինյանի հետ։

Քանի՞ տեսակի են լինում ոսկրային ուռուցքները։

– Տեսակները բավականին շատ են, բայց կառանձնացնեմ ամենաշատ հանդիպողները։ Ե՛վ բարորակ, և՛ չարորակ ոսկրային ուռուցքները հիմնականում հանդիպում են երեխաների մոտ։ Վաղ մանկական տարիքում հաճախ հանդիպողներից կարող եմ առանձնացնել Օստեոգեն և Յուինգի սարկոմաները։

Ինչո՞վ է պայմանավորված ոսկրի ուռուցքների՝ երեխաների մոտ հաճախ հանդիպելը։

Կարդացեք նաև

– Հարցին չեմ կարող պատասխանել։ Ամբողջ աշխարհն է այդ հարցն իրեն տալիս, սակայն դեռ պարզ չէ, թե ինչի՞ց են առաջանում այդ ուռուցքները։ Ամենայն հավանականությամբ, երեխայի աճի ընթացքում ինչ-որ բան խախտվում է։

Եթե խոսենք Յուինգի սարկոմայից, ապա կա՞ն ախտանշաններ, որոնք կհուշեն խնդրի առկայության մասին։

– Ախտանշանները շատ քիչ են, հիմնականում լինում է մի փոքր ուռածություն և շատ չնչին ցավ՝ ոտքին կամ ձեռքին, բայց կարող է մարմնի ցանկացած հատվածում հանդիպել։ Իսկ թե ի՞նչը կապ ունի ուռուցքի առաջացման հետ՝ հայտնի չէ։

– Իսկ ինչպե՞ս է բուժվում Յուինգի սարկոման։

– Նախ ամենակարևորը, պետք է ախտորոշել այդ հիվանդությունը։ Երեխաները հետազոտվում են, որից հետո պարտադիր կատարվում է բիոպսիա, և, եթե ունենում ենք պատասխան՝ Յուինգի սարկոմա, այդ ժամանակ սկսվում է դեղորայքային բուժումը՝ քիմիոթերապիան, հետո գալիս է առաջին վիրահատական կամ ճառագայթային բուժումը, որից հետո նորից շարունակվում է քիմիոթերապիայի կուրսը։

Վերջնական բուժում հնարավո՞ր է։

– Մի քիչ դժվար է այդ հարցին պատասխանել։ Սակայն, այո՛, կարող է լինել վերջնական բուժում։ Մենք ունեցել ենք մի քանի դեպք, երբ երեխաները բուժումը վաղուց ավարտել են, առողջ են, պարզապես գտնվում են հսկողության ներքո։ Բայց լինում են դեպքեր, երբ թվում է՝ լավ արդյունքի ես հասնում, սակայն գնում է հիվանդության պրոգրես և ամենը շատ վատ է ավարտվում։

– Ոսկրային ուռուցքներն ունե՞ն կրկնվելու հավանականություն։

– Կրկնվելու, մետաստազավորվելու։ Կարելի է ասել՝ Յունիգի սարկոման միակ ոսկրային ուռուցքներից է, որ նաև մետաստատիկ ախտահարում է ոսկրային համակարգը։

Լինում են առաջնային և երկրորդային ոսկրային ուռուցքներ։

– Այո։ Առաջնային ուռուցքներից են Յուինգի և Օստեոգեն սարկոմաները, իսկ երկրորդայինները արդեն մետաստազներն են, այսինքն՝ եթե այլ օրգանում քաղցկեղ կա, մետաստազները հայտնվում են ոսկորում։ Դա արդեն համարվում է երկրորդային ոսկրային ուռուցք։

– Այսինքն, օրգանիզմում առկա բոլոր ուռուցքների դեպքում մետաստազնե՞ր են լինում ոսկրերում։

– Այո։ Բոլոր ուռուցքներն անխտիր մետաստազավորվում են ոսկրային համակարգ. մեկը՝ շուտ, մյուսը՝ ուշ։ Օրինակ, կրծքագեղձի և թոքի քաղցկեղի ախտահարման առաջնային օջախը համարվում է ոսկորը։

– Ոսկրային ուռուցքների դեպքում թիրախում հենց թոքերն են, ինչո՞ւ։

– Այո, առաջինն ախտահարվում է թոքային հյուսվածքը, որովհետև իրենց մետաստազավորման մեխանիզմը հեմատոգեն է։ Կան ոսկրային և փափուկ հյուսվածքային ուռուցքներ։ Փափուկ հյուսվածքների մեջ էլ կան բավականին չար ուռուցքներ՝ սարկոմաներ, բայց դրանք շատ ավելի վատ են ենթարկվում բուժման, քան ոսկրայինները։

Ժառանգականությունը կապ ունի՞։

– Ե՛վ կարելի է ասել՝ ունի, և՛ չունի, որովհետև կան հիվանդներ, որոնք նշում են իրենց ընտանիքում ժառանգականության մասին, և կան ընտանիքներ, որտեղ երեխան հիվանդ է ու ժառանգականություն չկա։

Վերջույթներում առկա ցավը կարո՞ղ է հուշել ոսկրային ուռուցքի մասին։

Միայն ցավով մի քիչ դժվար է ախտորոշել։ Կարող են գնալ պոլիկլինիկա, կատարել սոնոգրաֆիա կամ ռենտգեն՝ հասկանալու խնդիրը, բայց այնպես չէ, որ 100 տոկոսով պետք է ուռուցք լինի։

– Պատահե՞լ է, որ հոդերի ցավով դիմեն բժշկի՝ պարզվի՝ սարկոմա է։

– Երբ բոլոր հոդերն են ցավում, դա քիչ է նման ուռուցքային հիվանդության, բայց եթե մեկ հոդի ցավ է, կարող է նաև ոսկրային ուռուցք լինել։

Լինում են դեպքեր, որ հիվանդը ո՛չ ցավեր ունի, ո՛չ էլ ուռածություն կա, բայց ոտքը կամ ձեռքը կոտրում է, դա կոչվում է ախտաբանական կոտրվածք։ Ռենտգենից հետո նոր ախտորոշվում է, որ այնտեղ կար ուռուցք և դրա պատճառով է կոտրվել վերջույթը։

Կան տրավմատիկ և ախտաբանական կոտրվածքներ և ախտաբանականն այն է, երբ ոսկորը առանց որևէ տրավմայի կոտրվել է։

– Որ ասում են՝ ոսկորը փխրուն է, կոտրվում է, կապ ունի՞ սրա հետ։

– Այդ փխրունությունն ապահովում է ոսկրային ուռուցքը, որը փխրեցնում է ոսկրային հյուսվածքը, ոսկորն այն աստիճանի է թուլանում, որ տեղի է ունենում ախտաբանական կոտրվածք։

 -Տարիքի հետ բոլորի ոսկորները թուլանում են։

– Չեք կարող այդպես ասել։ Ավելի հաճախ կանանց մոտ հանդիպում է օստեոպարոզ հիվանդությունը, որը հորմոնալ խախտումների հետևանքով է լինում, բայց եթե երեխաների մոտ օստեոպարոզ լինի՝ դա պետք է պատճառ ունենա։

– Երեխաների դեպքում կարո՞ղ է վիտամինների պակասը կապ ունենալ։

Չեմ կարող ասել։ Ամբողջ աշխարհում այդ հարցն է, թե ոսկրային ուռուցքներն ինչո՞ւ են առաջանում երեխաների մոտ։ Հիմնականում կարող է կալցիումն էլ, վիտամին D-ն էլ նորմալ լինի, բայց ոսկրային ուռուցք լինի։

– Էրիթրոցիտների նստեցման բարձր արագությունը կապ ունի՞ ոսկրի ուռուցքի հետ։

– Չէ։ Էրիթրոցիտների նստեցման արագությունը զգայուն, ոչ ճշգրիտ մեթոդ է այդ առումով, որովհետև կարող է բարձրանալ ցանկացած բորբոքումից։ Ու եթե առաջանում է ոսկրային ուռուցք, կողքը, բնականաբար, կա բորբոքում, և նստեցման արագությունը մի փոքր բարդ կարող է լինել նորմայից։

– Ո՞ր դեպքում են կատարում վիրահատություն։

– Հիմնականում վիրահատություն կատարում են բարորակ հիվանդությունների ժամանակ, որը բուժման միակ մեթոդն է։ Չարորակների դեպքում էլ են վիրահատություն կատարում, սակայն ի սկզբանե պետք է հիվանդը քիմիոթերապիա ստացած լինի։ Քիմիոթերապիան նախ փոքրացնում է ուռուցքի չափսերը, որը շատ կարևոր է, իջեցնում է նաև ուռուցքի ագրեսիվությունը, սարքում ոչ ագրեսիվ, որից հետո կարելի է գնալ վիրահատական բուժման, որովհետև եթե չարորակ ուռուցքը վիրահատենք առանց քիմիոթերապիայի, մետաստազավորման և կրկնողության տոկոսը մի քանի անգամ բարձրանում է։

Վիրահատությունից հետո հնարավոր է, որ այլևս չկրկնվի՞։

– Ունեցել ենք դեպքեր, որ ուղղակի չի կրկնվել։

Էնդոպրոթեզավորում կատարվո՞ւմ է։

– Ոչ միայն էնդոպրոթեզավորում, կարող է կատարվել նաև ամպուտացիա։ Լինում են դեպքեր, երբ ուղղակի վերջույթը չես կարողանում պահպանել և շատ ավելի լավ կլինի հիվանդի համար՝ կատարել ամպուտացիա։ Իսկ էնդոպրոթեզավորումը բավականին ակտուալ է հիմա։ Երկար օգտագործելու առումով մեծ կապ ունի քաշը։ Էնդոպրոթեզով բոլոր հիվանդներին զգուշացնում ենք, որ քաշը չավելացնեն։

Եթե զբաղվում են սպորտով՝ բնականաբար քիչ է ծառայելու։

Մի շարք հիվանդություններ կանխելու դեպքում խորհուրդ են տալիս սոնոգրաֆիա կատարել։ Ոսկրի ուռուցքների հայտնաբերման դեպքում ի՞նչ հետազոտություն կատարեն։

– Ռենտգեն։ Դա ոսկրային ուռուցքը ախտորոշելու սկզբնական փուլն է։ Կան հատուկ նախանշաններ, որոնք կարող են խոսել այն մասին, որ ոսկրում կա ուռուցք։ Այս ամենից հետո հետազոտությունները խորանում են, հիվանդն ուղեգրվում է մասնագետի մոտ, կատարվում է ԿՏ, ՄՌՏ քննություն և այլն։

Ո՞ր հատվածները պետք է ռենտգեն անեն։

– Այն հատվածը, որը ցավ է պատճառում։ Յուինգի և Օստեոգեն սարկոմաների «սիրելի» տեղը ազդոսկրի ստորին և վերին երրորդականն է։

Օստեոգեն սարկոման հաճախ հանդիպում է ազդոսկրի ստորին երրորդականում, Յուինգինը կարող է հանդիպել ամեն տեղ՝ կողոսկրերում, ողնաշարում, վերջույթներում, գանգի ոսկրերում։

– Ինքնաբուժության դեպքերի հաճա՞խ եք հանդիպում։ Օրինակ, յոդով փորձեն ցավող հատվածը բուժել, նոր դիմեն բժշկի։

– Խորհուրդ չենք տալիս, որովհետև յոդը նախ ունի տաքացնելու հատկություն, իսկ ուռուցքաբանությունում խստիվ արգելվում է տաքացնել ուռուցքը։ Կարող են յոդ օգտագործել, եթե համոզված են, որ այդտեղ սալջարդ է, և ինչ-որ տեղ կարելի է հատվածքը տաքացնել, ցավերից ազատվել։

Լիպոմաները և ոսկրի ուռուցքներն իրար հետ կապ ունե՞ն։

– Լիպոմաները համարվում են փափուկ հյուսվածքային ուռուցքներ, սակայն կան դեպքեր, երբ լիպոման հանդիպում է ոսկրի մեջ՝ կոչվում է ներոսկրային լիպոմա։ Մի քանի դեպք ունեցել ենք։ Բուժումը վիրահատական է։ Եթե լիպոման փոքր է, չի խանգարում, կարելի է ոչ մի բան չանել, պահել հիվանդին հսկողության տակ, իսկ եթե նշվում է, որ ուռուցքը սկսել է ինտենսիվ մեծանալ, շտապ պետք է գնալ վիրահատության, որովհետև նույն լիպոման հետագայում կարող է դառնալ լիպոսարկոմա։ Այն փոխում է տեսակն ու դառնում չարորակ գոյացություն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031