Խաբեության նոր տեսակ՝ «փող փոխանցեք, օգնությունն առաքենք». Սամվել Մարտիրոսյանը հորդորում է՝ գոնե «Գուգլով» փնտրեն ծառայության հասցեն
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ևս կարող են դառնալ խաբեբաների զոհը, որոնք տարբեր հնարքներով զբաղվում են դրամաշորթությամբ։ Վերջին մի քանի օրերի ընթացքում արցախահայերից շատերը գրառումներ են անում, որ մարդիկ ավելի ուշադիր լինեն անծանոթ զանգերին, հաղորդագրություններին, որոնք օգնություն են առաջարկում և օգնությունն առաքելու համար առաքման գումար պահանջում՝ տրամադրելով տարբեր հաշվեհամարներ։
Օրինակ, Արցախից բռնի տեղահանված կանանցից մեկին զանգահարել են անծանոթ համարով և ասել, թե իբր օգնություն են տալիս՝ լվացքի մեքենա, սառնարան, հեռուստացույց և սնունդ, հետո հավելել, որ ապրանքը պետք է վերցնեն Գորիսից, և ունեն ընդամենը մեկ օր։ Երբ կինն ասել է, թե իրեն հարմար չէ հասնել Գորիս, առաջարկել են փոխանցել 40.000 ՀՀ դրամ, և իրենք կառաքեն։
Համացանցում կինը տեղադրել է իրեն զանգահարողի հեռախոսահամարը և հորդորել՝ զգուշանալ։
168.am-ի հետ զրույցում տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց՝ այդ հեռախոսահամարի տեղադրումը համացանցում իմաստ չունի, քանի որ տարբեր համարներից կարող են զանգահարել։ Առաջին հերթին՝ պետք է դիմել ոստիկանությանը։
«Մեկ պարզ կանոն կա, որին, չգիտես ինչու, մարդիկ չեն հետևում, որպեսզի չդառնան խաբեության զոհ։ Եթե զանգահարում են ու ասում, որ ապրանքը կառաքեն, սա ենթադրում է ինչ-որ կոնկրետ ծառայություն, այսինքն՝ տվյալ ծառայությունը հասցե ունի, ու պետք է «գուգլով» փնտրեն, հասցեն համեմատեն ու առհասարակ հասկանան՝ նման ծառայություն կա՞, թե՞ ոչ։
Նաև պետք է իմանալ, որ օգնությունն առաքելու համար երբեք գումար չեն պահանջում»,- նշեց Սամվել Մարտիրոսյանը։
Ըստ մասնագետի, այսօրվա տեխնոլոգիաների զարգացման մակարդակը ենթադրում է, որ մարդիկ իրավունք չունեն ասելու, որ չեն կարող կամ չեն հասկանում։
«Եթե մարդիկ որևէ բան չեն հասկանում, ուրեմն՝ չպետք է անեն։ Կենտրոնացած այս խնդրի դեմն առնել հնարավոր չէ, ցավոք, նույն սխեմայով աշխատում են նաև List.am-ում։ Երեք տարի է, մարդկանց զգուշացումներ եմ անում, բայց միայն երեկ երկու հոգի են գրել, որ տուժել են։
Ամեն ինչ շատ պարզ է, օրինակ, եթե որևէ դեղի մասին չգիտես, չես խմում՝ հետո հասկանաս՝ ինչ է լինելու, գոնե խմելուց առաջ բժշկի ես դիմում»,- շեշտեց Սամվել Մարտիրոսյանը։