ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք. «Համատարած է՝ ընտանիքներով, գերդաստանով մտնում են այս «բուրգի» մեջ և դառնում խաբեության զոհ». Սամվել Մարտիրոսյան
Հայ հասարակության տարբեր շերտեր հերթական զեղծարարության զոհ են դարձել։ Համացանցում գործում է, այսպես կոչված, «բուրգ», որտեղ մարդկանց կոչ են անում գումարներ դնել և արդյունքում ստանալ ավելի խոշոր գումար։
Խաղի սխեման գործում է հետևյալ կերպ՝ մարդը, որը, ենթադրենք, խաղի մեջ դնում է 1000 դոլար, այդ գումարին ամեն օր տոկոսներ են գալիս, և իբրև թե ամիսներ անց մարդը կարող է իր գումարի եռակին ու քառակին ստանալ։ Ավելին՝ «բուրգում» ներգրավված մեկ անձը կարող է այնտեղ ներգրավվել այլ անձանց ևս, դրա դիմաց կրկին տոկոսներ ստանալով։
Ահա այս «բուրգում» տասնյակ քաղաքացիներ գումարներ են դրել, որը կորցրել են։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ սովորաբար այդ «բուրգերը» նույն երկրում չեն անում։
«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ գրեթե անհույս է, որ կգտնեն դրա հետևում կանգնած անձանց, ինչ-որ փոքր շանս կա, բայց շատ քիչ է, որովհետև դրա հետևում կանգնած են վարժված ու լավ «պարապած» դեմքեր։ Նրանք բոլոր սխեմաները շատ լավ հաշվարկել են։
Այս ամենից խուսափելը շատ պարզ է, արդեն տարիներ շարունակ տարին մեկ, մի քանի նման «բուրգ» պայթում է։ Նախ մարդիկ առաջին հերթին չպետք է հավատան գերշահույթին։ Տեսեք, այստեղ պարզ հաշվարկ կա՝ բանկային ավանդները միջինում 10 տոկոս եկամտաբերություն ունեն տարեկան, ինչ-որ ռիսկային ներդրումները կարող են 20-25 տոկոս եկամուտ բերել։ «Բուրգերը» մարդկանց առաջարկում են օրը 1-3 տոկոս, սա աննորմալ երևույթ է և մարդկանց համար պետք է ազդակ լինի, որ խաբեություն է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Սամվել Մարտիրոսյանը։
Ըստ Սամվել Մարտիրոսյանի, այդ խարդախությանը զոհ են գնում՝ ինչպես երիտասարդները, այնպես էլ՝ մեծահասակները։
«Համատարած է, ընտանիքներով, գերդաստանով մտնում են այս ամենի մեջ։ Երբ այդ «բուրգում» մարդ են ներգրավում, տոկոսն ավելանում է, դրա համար խնամի-ծանոթ-բարեկամով մտնում են դրա մեջ։
Իրականում մարդկանց պետք է իրազեկել, կարող եմ նաև ասել, որ ոստիկանությունը շաբաթներ առաջ զգուշացրել էր, Կենտրոնական բանկն է զգուշացնում պարբերաբար, սակայն մարդիկ սովորաբար չեն կարդում, չեն լսում։ Բայց երբ բարեկամն, օրինակ, ասում է՝ այսքան փող եմ դրել ու այսքան շահույթ եմ ստացել, նրան ուշադիր լսում են։
Դրա համար ամբողջ աշխարհում այս խնդիրը կա, ու շատ բաներ չենք կարողանում անել, որովհետև համացանցում է, այստեղ չէ»,- ընդգծեց Սամվել Մարտիրոսյանը։
Նշենք, որ այս խնդրին անդրադարձել է նաև Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Առկա են ֆինանսական բուրգեր, որոնցից որոշները գայթակղում են մարդկանց` առաջարկելով ահռելի շահութաբերություն` սնելով հիմնականում կրիպտոակտիվների շուրջ եղած միստիկ եկամտաբերության մասին միֆերով: Իրականում շահույթ չկար ու չէր կարող լինել, այն մարդիկ, ում ինչ-որ գումար տվել էին, արել էին իր իսկ կողմից ներգրավված այլ մարդկանց հաշվին: Մեկի փողը մյուսին տալով ու ասելով՝ էլի մարդ բեր… հիմա ամեն ինչ փլուզվեց, բայց մարդկանցից էլի փող քաշելու սխեման այլակերպվել է:
Հիմա ասում են` փող տվեք մի քիչ, վերականգնենք, փաստաբան վարձեք` վերականգնենք, ու նման բաներ: Սիրելի հայրենակիցներ, արդեն իսկ տուժած մարդիկ, մի՛ հավատացեք ու մի՛ տրվեք սադրանքների:
Այստեղ անելիք ունի ոստիկանությունը, որն արդեն օրեր առաջ զգուշացրել էր այս մասին: Եթե շանս լինի բացահայտեն, գուցե գումարների վերադարձի շանս լինի, բայց դա գրեթե անհնար է:
Նման բուրգեր կան ու լինելու են: Մի՛ վստահեք ձեր դժվար աշխատած գումարները անծանոթ խարդախներին:
Հ.Գ. Եթե չեք կարողանում կանխիկացնել, դիմե՛ք ոստիկանություն, որպեսզի կարողանան վարույթ նախաձեռնել ու այս պահին գոնե արգելափակել»:

