Որքանո՞վ է պաշտպանված WhatsApp հավելվածը, որի միջոցով Փաշինյանն անվտանգային հարցեր է քննարկել

Իսրայելի բանակում նոր խիստ սահմանափակումներ են մտցվել բջջային սարքերի օգտագործման հետ կապված։ Մասնավորապես, վերանայված կանոնակարգի համաձայն` փոխգնդապետից մինչև ավելի բարձր զինվորական աստիճան ունեցող սպաները ծառայողական հաղորդակցության համար պետք է օգտագործեն միայն Apple (iPhone) սմարթֆոններ։ Այսինքն, Android-սմարթֆոններն ավագ և բարձր սպայակազմին արգելվում է օգտագործել կիբերանվտանգության համատեքստում:

168.am-ի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը նախ հիշեցրեց, որ Իսրայելն աշխարհում ամենաշատ վիրուսային ծրագրեր արտադրող երկրներից է:

«Բայց ակնհայտ երևացող երկու պարզ բան կա: Առաջին, iPhone-ները մեկ մատակարար է սպասարկում, հետևում անվտանգությանը, և երկար տարիներ թարմացվում են այդ հեռախոսները: Իսկ Android-ների մատակարարները շատ են, և ամեն մեկն իր փոփոխություններն է մտցնում ծրագրի մեջ, և, բնականաբար, անվտանգային վստահելիությունը կտրուկ ընկնում է: Երկրորդ, այստեղ ներքին տեխնիկական հարց կա, այն է՝ iPhone-ն ավելի հեշտ է ստուգել գաղտնալսող ծրագրերի առկայության առումով»,- մանրամասնեց նա:

Իսկ հարցին՝ որքանո՞վ է անվտանգ, երբ ՀՀ կամ ՊՆ ղեկավարության կարևոր խոսակցությունները տեղի են ունենում WhatsApp հավելվածի միջոցով, ինչի ականատեսը մեկ անգամ չէ, որ եղել ենք, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց.

Կարդացեք նաև

«Չեմ կարող ասել, որ WhatsApp հավելվածն անվտանգ չէ, բավականին պաշտպանված է: Այսինքն, խնդիրը հավելվածը չէ, քանի որ, մեծ հաշվով, WhatsApp-ը գաղտնագրվում է, բայց մենք գիտենք նաև, որ ամերիկյան հատուկ ծառայություններն այս հավելվածին մուտք ունեն, առնվազն Ցուկերբերգը նման ակնարկ արել է տարեսկզբին:

Եվ հարցն էլի գալիս է նրան, որ եթե քո հեռախոսը պատշաճ պաշտպանված չէ և վարակված է, ինչով ուզում ես՝ գրի: Այսինքն, հարցը համալիր պաշտպանության մեջ է, իսկ ես տեղյակ չեմ՝ ի՞նչ տիպի պաշտպանություն է իրականացվում բարձրաստիճան պաշտոնյաների մոտ, որքանո՞վ են նրանց հեռախոսները վերահսկվում, զննվում և այլն:

Ամեն դեպքում, բանակի հետ կապված մի բան կարող եմ ասել՝ տասնամյակներ գոյություն ունի մի միֆ, որ ՊՆ Nokia հեռախոսներն անվտանգ են, և շատ զինվորականներ դրանք օգտագործում են: Եվ սա ամենավտանգավոր բաներից մեկն է, որովհետև այդ հեռախոսներով միայն բաց բջջային կապով են խոսում, չգաղտնագրված: Սրանից վտանգավոր բան դժվար է պատկերացնել»:

Տեսանյութեր

Լրահոս