Ավելի համոզիչ սուտ հորինեք, թմրանյութերի թեման ոնց որ չի աշխատում Սամվել Շահրամանյանի մեքենայի հետ կապված պատմության մեջ. Ռոման Երիցյանը փաստեր է ներկայացնում, իսկ Արգիշտի Քյարամյանն ասելիք չունի
Հունիսի 7-ին ՀՀ Քննչական կոմիտեի (ՔԿ) քննիչները՝ բավականին տպավորիչ կազմով, նաև պարեկների ներգրավվածությամբ, գնացել էին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենք՝ առգրավելու համար Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող, բայց նրա օգնական Աշոտ Դանիելյանի կողմից շահագործվող ծառայողական ավտոմեքենան:
Այդ օրն ավտոմեքենան տանել չհաջողվեց, և մի քանի ժամ Արցախի ներկայացուցչությունում մնալուց, Աշոտ Դանիելյանին, նրա փաստաբանին համոզելու ապարդյուն փորձերից հետո, որ բացեն դարպասները, քննիչներն ուշ գիշերով հեռացան ձեռնունայն՝ իհարկե, կաշկանդվելով նաև լրագրողների ներկայությունից: Մի քանի ժամ տևող ողջ գործընթացն իրականացվում էր ուղիղ եթերում:
Աշոտ Դանիելյանի շահերի պաշտպան, փաստաբան Ռոման Երիցյանի խոսքով՝ գործընթացն ապօրինի էր, քանի որ Արցախի ներկայացուցչության շենքին հարող տարածքը հանդիսանում է բնակարան և ունի սեփականության գրանցման վկայական:
«Քննիչները պատրաստվում են առգրավում իրականացնել բնակարանից՝ առանց դատարանի որոշման»,- հունիսի 7-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ռոման Երիցյանը:
Ինչևէ, հունիսի 21-ին քննիչները, հատուկջոկատային դիմակավորված ծառայողների հետ միասին, կրկին եկան Արցախի ներկայացուցչություն և դարպասները կրկին փակ գտան: Ռոման Երիցյանի խոսքով՝ չսպասելով անգամ 7 րոպե որոշակի ճշտումներ կատարելու համար, ջարդեցին դարպասները, քանդեցին մեքենայի անիվներն ու տարան այն:
168.am-ն անդրադարձել է թեմային, հունիսի 21-ին նախորդող իրադարձություններին և ՔԿ քննիչների ջանասիրության շարժառիթին: Ուշագրավ է, որ թե՛ հունիսի 7-ին, թե՛ հունիսի 21-ին Աշոտ Դանիելյանի շահերի ներկայացուցիչ Ռոման Երիցյանն ասել էր՝ մեքենայի հետ կապված խնդիրը կապ ունի թմրամիջոցների հետ առնչվող քրեական վարույթի հետ:
Երեկ թմրանյութերի հետ կապված թեման կրկին շրջանառվեց:
«Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան առգրավվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործի շրջանակներում»,- երեկ ԶԼՄ-ներից մեկի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ասել էին ՀՀ Քննչական կոմիտեից:
Թմրանյութերի թեման, իհարկե, շահեկան է այս ամոթալի պատմությունն արդարության շղարշով վարագուրելու համար, թեպետ բոլորն են հասկանում՝ Արցախի նախագահի և համայնքապետերի շուրջ կատարվող իրադարձություններն ունեն կոնկրետ նպատակ՝ արցախայությանը զրկել գլխից՝ դրանով իսկ զերծ պահելով այս իշխանությունների վարած քաղաքականության դեմ իրականացվող բողոքի ակցիաներից: Դե, իսկ պատկերացրեք, թե այդ համատեքստում ի՜նչ ազդեցություն կարող է ունենալ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի անունը թմրանյութերի շրջանառության քրեական վարույթի հետ կապելը, որքան էլ որ վերջինս, անգամ, եթե այդ վարույթում տեղ գտած փաստերը հաստատվեն, որևէ կապ չունենա նշված գործի հետ:
168.am-ի հետ զրույցում Ռոման Երիցյանն անդրադարձավ թեմայի նախապատմությանը, ասաց՝ թմրանյութերի հետ կապված պատմությունը ծագել է 2024թ. փետրվարի 20-ին, երբ Աշոտ Դանիելյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, և վերջինս ձերբակալվել է, սակայն հետագայում դատարանը նրա ձերբակալելու որոշումը ճանաչել է ոչ իրավաչափ՝ ըստ էության արձանագրելով, որ Աշոտ Դանիելյանն ապօրինի է զրկվել ազատությունից:
«Գործով որևէ մեկը մեղադրյալի կարգավիճակ չունի: Ի սկզբանե միայն Աշոտ Դանիելյանին են հարցաքննել՝ մեղադրյալի իրավունքներից օգտվող վկայի կարգավիճակում, բայց հետագայում նրա նկատմամբ կայացրել են քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որոշում, որը հավասարազոր է դատարանի կողմից կայացված արդարացման դատավճռի»,- ասաց Ռոման Երիցյանը:
Նրա խոսքով՝ այդ գործի շրջանակներում առաջին անգամ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան ստուգման են տարել հենց 2024թ. փետրվարի 20-ին, սակայն քննությանը հետաքրքրող ոչինչ չեն հայտնաբերել, դատարանի որոշմամբ՝ զննությամբ մեքենան լրիվության խուզարկել են, սակայն քննությանը հետաքրքրող ոչ մի տվյալ չեն հայտնաբերել: Որևէ տվյալ չեն հայտնաբերել նաև Աշոտ Դանիելյանի բնակարանի խուզարկության արդյունքում:
«Որպես հետևանք՝ մեր միջնորդության հիման վրա քննիչը մեզ վերադարձրել է մեքենան, որովհետև մեքենայի զննությամբ, ինչպես ասացի, քննությանը հետաքրքրող որևէ բան չի հայտնաբերվել, և ըստ էության մեքենայի՝ իրենց տնօրինության տակ գտնվելու հիմքերը բացակայում էին»,- ասաց փաստաբանը՝ հավելելով՝ մեքենան վերադարձնելուց հետո չեն ասել, որ մեքենան կրկին տանելու անհրաժեշտություն է լինելու:
Հարցին՝ ի՞նչ կարգավիճակ ունի Սամվել Շահրամանյանն այս վարույթի շրջանակներում, Ռոման Երիցյանը պատասխանեց՝ որևէ կարգավիճակ Արցախի նախագահը չունի և չի կարող ունենալ, քանի որ նա այս վարույթի հետ առնչություն ունի այնքանով, որ Աշոտ Դանիելյանը նախագահի՝ հասարակական հիմունքներով օգնականն է:
Պատասխանելով նշված ավտոմեքենայի պատկանելության հարցին՝ պաշտպանն ասաց՝ այն սեփականության իրավունքով պատկանում է պետությանը՝ Արցախի Հանրապետությանը: Վերջինս նկատեց՝ իր համար անհասկանալի է, թե ինչու է այս փուլում կրկին շրջանառվում թմրանյութերի հետ կապված թեման:
«Ընդամենը կարող եմ նշել՝ մեքենան թմրանյութերի հետ կապված վարույթի հետ առնչություն չունի: Մեզ համար մինչև հիմա անհասկանալի է՝ ինչու են առգրավել այդ ավտոմեքենան, եթե մեկ անգամ խուզարկել են, ոչինչ չեն հայտնաբերել ու այն վերադարձրել են: Երկրորդ հարցն է ծագում՝ այս 20 օրվա ընթացքում քննությանը հետաքրքրող տվյալ՝ կապված ավտոմեքենայի հետ, պարզվե՞լ է, թե՞ ոչ: Եթե չի պարզվել, ապա ինչո՞ւ ավտոմեքենան մինչև հիմա չեն վերադարձնում»,- տարակուսում է Ռոման Երիցյանը:
Վերջինս նաև նկատում է՝ իր փաստաբանական գործունեության մեջ առաջին անգամ է առնչվում մասկի-շոուի միջոցով մեքենան առգրավելու երևույթի հետ այն դեպքում, երբ իրենք մշտապես ասել են՝ պատրաստակամ են մեքենան տրամադրել, եթե իրենց պատճառաբանեն՝ ինչ նպատակով են ուզում մեքենան վերցնել, այլ ոչ թե մտացածին առիթներ հորինեն:
Ռոման Երիցյանը կրկին պնդում է՝ քրեադատավարական կոպիտ խախտումներով է կատարվել մեքենայի առգրավումը՝ սկսած նրանից, որ չի եղել դատարանի որոշում բնակարան համարվող տարածքից առգրավում կատարելու համար, վերջացրած այն հանգամանքով, որ մեքենան առգրավել են՝ բռնի ուժ կիրառելով, և սա այն դեպքում, երբ իրենք պատրաստակամ են եղել մեքենան ներկայացնել ուր հարկն է:
«Փոխարենը՝ ՔԿ քննիչները, օգտվելով նախագահ Շարհամանյանի՝ Սարգիս Գալստյանի հետ առերեսման գտնվելու հանգամանքից, չեն սպասել և բռնի ուժ կիրառելով՝ առգրավել են ավտոմեքենան»,- ասաց փաստաբանը:
Նա հիշեցրեց նաև, որ Սամվել Շահրամանյանը հրապարակել է իր և ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի բովանդակությունը, որը տեղի է ունեցել վերջինիս նախաձեռնությամբ:
«Վերջինս Արցախի նախագահին տեղեկացրել է, որ իրեն սխալ են զեկուցել, թե իբր այդ ավտոմեքենան արդեն իսկ գտնվում էր ՔԿ քննիչների տիրապետության տակ, և քննիչներն ընդամենն իրենց թերությունները շտկելու նպատակով են Արգիշտի Քյարամյանից գաղտնի այդ գործողությունները ձեռնարկել: Նախագահն այդ զրույցի ընթացքում պատրաստակամություն է հայտնել ցանկացած ժամանակ մեքենան տեղափոխել այն հատված, որտեղ որ նրանց անհրաժեշտ է, բայց նաև խնդրել է իրեն պարզաբանել՝ ինչ նպատակով են առհասարակ ուզում վերցնել մեքենան: Կարծես թե պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո Սամվել Շահրամանյանն իրազեկվում է, որ մի խումբ մարդիկ մուտք են գործել Արցախի Հանրապետության ներկայացուցչություն և դարպասները ջարդելով՝ առգրավել ավտոմեքենան»,- ասաց Ռոման Երիցյանը:
Մենք հիշեցնենք, որ հունիսի 7-ի և հունիսի 21-ի արանքում եղել է հունիսի 13-ը, երբ Սամվել Շահրամանյանը դատարանի բակում լրագրողների հետ զրույցում, թեև իրեն բնորոշ զուսպ ոճով, բայց բավականին կոշտ հայտարարություններ հնչեցրեց ՀՀ գործող իշխանությունների ու, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի ասածների վերաբերյալ: Հետո տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ:
168.am-ը նաև Քննչական կոմիտեից ցանկացավ ճշտել՝ ինչո՞վ էր պայմանավորված փետրվարի 20-ին մեքենան առգրավելուց, խուզարկելուց, ոչինչ չհայտնաբերելուց հետո ևս մի անգամ ամիսներ անց այն կրկին թմրանյութերի գործի շրջանակում առգրավելու անհրաժեշտությունը:
ՔԿ-ն այս առնչությամբ նոր ասելիք չուներ: Ուժի մեջ էր հունիսի 21-ին ԶԼՄ-ներին տրված պարզաբանումը՝ «Մեքենայի առգրավումը որոշակի գործողությունների անհրաժեշտությամբ է պայմանավորված»:
Ռոման Երիցյանը մեզ հետ զրույցում կրկին ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Սարգիս Գալստյանի հետ նախագահ Շահրամանյանի առերեսումը կատարվել է այն ժամանակ, երբ իրականացվում էր մեքենայի առգրավում դատավարական գործողությունը:
«Այսինքն՝ նրանք ընդամենը ցանկացել են զբաղեցնել Արցախի Հանրապետության նախագահին: Առերեսման առիթն իբրև թե Սամվել Շահրամանյանի և Սարգիս Գալստյանի ցուցմունքների միջև եղած հակասությունն է, որն իրականում գոյություն չի ունեցել: Ասեմ ավելին, այդ առերեսման ընթացքում նախագահը պնդել է իր ցուցմունքը, իսկ Սարգիս Գալստյանը հաստատել է նախագահի ցուցմունքի իրավաչափությունը՝ հաստատելով, որ ինքը համաձայն է Արցախի նախագահի տված ցուցմունքի հետ: Բայց ամեն դեպքում նշեմ, որ ի սկզբանե այդ ցուցմունքների միջև հակասություն չի եղել, և այդ հարցաքննությունն ընդամենը կրել է ձևական բնույթ»,- ասաց Ռոման Երիցյանը՝ պնդելով, որ այս ամենի նպատակն արցախցիների նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելն է, նրանց ճնշելը. Այլ որակում՝ թե՛ իրավական, և թե՛ բարոյական առումով, լինել չի կարող:
Այնպես որ, ինչպես թատրոնի մեծ տեսաբան Ստանիսլավսկին կասեր, «Не верю»: Ավելի համոզիչ սուտ հորինեք, պարոնայք, թմրանյութերի թեման ոնց որ չի աշխատում: