«Մեքենաները համայնքային սեփականություն են, դրանց ճակատագիրը որոշում է համայնքի ավագանին». Ճարտարի համայնքապետ
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության որոշ համայնքների ղեկավարներ գտնվում են տնային կալանքում, մասնավորապես՝ Ասկերանի, Մարտակերտի, Ստեփանակերտի քաղաքապետերը։
ՀՀ իրավապահ համակարգն այս մարդկանց մեղադրում է պետությանը վնաս հասցնելու, փաստաթղթեր կեղծելու մեջ։ Հարցն այն է, որ այս քաղաքապետերը համայնքի սեփականությունը համարվող մեքենաներ են բերել Արցախից սեպտեմբերի 19-ից հետո, երբ Ադրբեջանն էթնիկ զտման էր ենթարկում արցախահայերին, նրանք ստիպված էին այդ մեքենաներով իրենց ու համայնքից մի քանի այլ ընտանիքների տեղափոխել Հայաստան՝ փրկելով ցեղասպանությունից։ Համայնքների ավագանու որոշմամբ այդ մեքենաները մնալու էին համայնքապետերի տնօրինության տակ՝ որպես համայնքապետարանի սեփականություն։ Սակայն հետագայում Հայաստան վերադառնալուց հետո ոչ ավագանու կայացրած որոշումը, և ոչ էլ այլ հանգամանքներ հիմք չդարձան ՀՀ իրավապահ մարմինների համար, որ քրեական հետապնդում չսկսեին այդ երեք համայնքների ղեկավարների հանդեպ, չկալանավորեին, ապա կալանքը տնային կալանքով չփոխարինեին:
168.am-ի հետ զրույցում Մարտունու շրջանի Ճարտար համայնքի ղեկավար Վլադիկ Հովհաննիսյանն ասաց, որ ինքն էլ նախորդ տարի սեպտեմբերին համայնքին պատկանող մեքենայով է դուրս եկել Ճարտարից, մեքենան որևէ բան չի արել, այն այդպես էլ մնում է՝ որպես համայնքապետարանի սեփականություն։
«Մեքենաները համայնքային սեփականություն են, դրանց ճակատագիրը որոշում է համայնքի ավագանին, եթե, իհարկե, հին օրենքը մնում է ու չեն որոշել օրենք փոխել։ Բայց այս ամենին մի կարգավորում պետք է լինի օրենքի սահմաններում, չթողնեն այդպես մնա, հետո մարդկանց մեղադրանքներ ներկայացնեն։
Բայց դե, ես ի՞նչ կարող եմ ասել, այս հարցերը Հայաստանն ու ՀՀ իշխանությունն է որոշում։ Դե, արցախահայերից շատերը Բագրատ սրբազանի հետ փողոց են դուրս եկել, իշխանությունը համարում է, որ այս ամենն ուղղված է Հայաստանի դեմ, դրա համար էլ այդպես են վարվել նրանց հետ»,- նշեց Ճարտարի համայնքապետը։
Նրա խոսքով՝ հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի բոլոր համայնքների ավագանին հավաքվի ու այդ հարցին լուծում տա, հստակ որոշում ստորագրի, որպեսզի նման խնդիրներ չլինեն։
«Դե, Արցախը տալուց հետո, հիմա ՀՀ իշխանությունը որոշել է տների փոխհատուցում տալ, ինչ-որ բաներ անի։ Մենք դեռևս ծրագրի համար չենք դիմել, իհարկե իրատեսական չէ, որ առաջարկված գումարով արցախահայերը կկարողանան բնակարան ձեռք բերել, բայց չգիտեմ ինչ ասեմ, գուցե Հայաստանն այդքան է կարողանում, այդքանով է օգնում»,- հավելեց մեր զրուցակիցը։
Վլադիկ Հովհաննիսյանը որոշ տեղեկություններ փոխանցեց նաև ճարտարցիների մասին, ըստ այդմ, բնակիչների հիմնական մասը մնացել է Հայաստանում, նրանք բնակություն են հաստատել տարբեր վայրերում, սակայն Հայաստանից գնացողներ էլ են եղել։
«Գնացողների հստակ թիվ չեմ կարող ասել, որովհետև Ճարտարում 4 հազարից ավելի բնակչություն կար։ Ոչ բոլորի հետ է հաջողվում կապ հաստատել»,- եզրափակեց Վլադիկ Հովհաննիսյանը։