Թուրքը Ճարտար էր մտել, ասում էին՝ եթե բենզին չունեք՝ կտանք, միայն գնացեք այստեղից. Ճարտարի համայնքապետ

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար քաղաքը, ինչպես և ամբողջ Արցախը,  իր պատմության այս ողջ ընթացքում երբեք չէր դատարկվել:  Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած 24-ժամյա ռազմական գործողությունների արդյունքում Ճարտարի ու ողջ Արցախի բնակչությունը բռնի տեղահանվեց։

Սեպտեմբերի 23-ին Ճարտարի համայնքապետ Վլադիկ Հովհաննիսյանը 168.am հետ զրույցում ասել էր, որ Ստեփանակերտի ու գյուղերի միջև որևէ կապ չկա, չգիտեն, թե որտեղ ինչ է  կատարվում։ Ինչ վերաբերում է Ճարտարից դուրս գալուն, համայնքապետն ասել էր, որ դուրս չի գա, տղաներին դուրս կհանի, բայց ինքը կմնա։ Սակայն սեպտեմբերի 23-ից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց, և նա ստիպված էր մյուս բնակիչների հետ միասին՝ թողնել  Ճարտարը։

168.am-ի հետ զրույցում Վլադիկ Հովհաննիսյանը պատմեց, որ սեպտեմբերի 23-ից հետո համատարած բոլորին հանում էին Արցախից, քանի որ թշնամին արդեն մտել էր գյուղերը՝ կանգնել անզեն բնակիչների տների առջև։

«Իրավիճակը շատ վտանգավոր էր, համատարած բոլորը դուրս էին գալիս։ Մեր համայնքում վերջին օրերին քիչ մարդ էր մնացել։ Մի քանի հոգով բոլորին հանեցինք, վերջում մենք էլ դուրս եկանք, մնայինք՝ ի՞նչ անեինք, որ մարդ չէր մնացել։ Թուրքն արդեն մոտեցել էր մեր տներին, նրանց մի մասն էլ Ճարտար էր մտել։ Հիմա, երբ Ադրբեջանն ասում է, որ իրենք չեն ստիպել, որ արցախահայերը դուրս գան՝ ստում են, Ճարտար մտած թուրքերն ասում էին՝ ձեզ ոչինչ չենք անի, դուրս եկեք, գնացեք, ավելին՝ շահագրգռված էին, ասում էին՝ եթե բենզին չունեք, մենք կտանք, թողեք-գնացեք»,- նշեց Վլադիկ Հովհաննիսյանը։

Կարդացեք նաև

Մեր զրուցակցի խոսքով՝ հնարավոր բան չէ, որ արցախահայերն Արցախում ապրեն Ադրբեջանի անձնագրերով, հնարավոր կլինի միայն մեկ դեպքում՝ եթե ինքնավարություն տրվի, մնացած բոլոր դեպքերում որևէ արցախցի չի վերցնի Ադրբեջանի անձնագիր։

«Եթե մի քիչ էլ այսպես շարունակեն՝ Արցախի ու արցախահայության հարցը չարծարծեն, արցախահայերն ամեն մեկը մի տեղում կհարմարվի ու այդպես կապրի։ Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսած, երբ բլոկադայի ենթարկեց Արցախը, այնպես արեցին, որ արցախահայերը շատ վատ վիճակում հայտնվեն, ուղղակի զզվեն ու դուրս գան։

Եթե այսպես շարունակվի՝ Արցախն էլ է հայտնվելու այն կարգավիճակում, ինչ հայկական մնացած տարածքները։ Գուցե երգերում ու բանաստեղծություններում հիշեն, ու վերջ՝ հայի ճակատագիր է, չգիտեմ»,- նշեց Ճարտարի համայնքապետը։

Ըստ նրա՝ Ճարտարից դուրս գալը բոլորի համար անսպասելի է եղել, ոչ մի բնակիչ որևէ բան չի վերցրել, ով մեքենա է ունեցել, նստել ու դուրս է եկել։

Նա մեզ փոխանցեց, որ  այսօր ճարտարցիները բնակություն են հաստատել ամբողջ Հայաստանի տարբեր բնակավայրերում, մեկը՝ վարձով, մյուսը՝ ժամանակավոր կացարանում, մեկն էլ՝ բարեկամի տանը։ Բնակիչների մի մասի հետ կապը պահում է։

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շուրջ 10 ամիս Ադրբեջանի կեղծ «բնապահպանները» փակեցին Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։ Ամիսներ շարունակ 120 հազար խաղաղ բնակիչներ շրջափակման մեջ էին՝ մատնված սովի ու անմարդկային պայմաններում ապրելուն հարկադրված: 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն հարձակվեց Արցախի վրա և 24-ժամյա անդադար ռազմական գործողություններից հետո ընդամենը հաշված օրերի ընթացքում ցեղասպանության ու էթնիկ զտման վտանգի ներքո պարտադրեց խաղաղ բնակիչներին լքել իրենց հայրենի բնակավայրերը։ Այս ընթացքում խաղաղ բնակիչների շրջանում Ադրբեջանն իրականացրեց բազմաթիվ սպանություններ, այդ թվում՝ նաև երեխաների։ Այսօր Ադրբեջանն ամբողջությամբ օկուպացրել է Արցախի Հանրապետությունը:

Տեսանյութեր

Լրահոս