Հայաստանը վերագրվում է պատմական ժանրին․ «ժողովրդավարական» ճանապարհով
«Այս ֆորումը պետք է արձանագրի բոլորիս հավաքական կամքը, ամրացնի ու զարգացնի ժողովրդավարությունը Հայաստանում: Դրա համար պետք է արձանագրենք, թե ինչ է տեղի ունեցել ժողովրդավարության այն օրակարգի հետ, որ մենք ունեցել ենք 7 տարի առաջ: Ընտրությունների կեղծիք արտահայտությունը, կարծում եմ, արդեն վերագրված է պատմական ժանրին: Օրինակ, երբ որևէ ճանապարհ տասնյակ տարիներ կիսավեր վիճակում է ու հանկարծ այդ ճանապարհը հիմնանորոգվում է, դա մարդկանց համար նորություն է ընդամենը 1 շաբաթ, մեկ շաբաթից հետո այն արդեն առօրեականանում է, ու դրանով ոչ ոքի չես զարմացնի կամ ուրախացնի»,- «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ընթացքում ունեցած ելույթում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Իհարկե, մեղմ ասած, ծիծաղելի է, որ հունիսի 12-ին Երևանում տեղի ունեցած արյունալի իրադարձություններից, խաղաղ ցուցարարների ուղղությամբ լուսաձայնային նռնակներ նետելուց ընդամենը երկու շաբաթ անց այդ ամենի հեղինակը մասնակցում է «Ժողովրդավարության հայկական ֆորում» անվանումով միջոցառմանը։ Ինչպես որ ծիծաղ են առաջացնում այդ նույն միջոցառման ընթացքում հնչած արևմտյան դեսպանների գովասանքի խոսքերը «հայկական ժողովրդավարության» մասին։
Մյուս կողմից, իհարկե, հասկանալի է, որ այս ամենը ոչ թե ժողովրդավարության, այլ գլոբալ աշխարհաքաղաքականության մասին է, որի շահերը սպասարկողներին ցանկացած դեսպան պատրաստ է հումանիզմի մրցանակ շնորհել, եթե անգամ շնորհվողը թաթախված է արյան մեջ։
Բայց Նիկոլ Փաշինյանի ելույթը հետաքրքիր է ոչ թե ժողովրդավարության ծաղրի, այլ դրա հիմքում դրված տրամաբանության առումով։ Նա ասում է, որ եթե որևէ դրական փոփոխություն է տեղի ունենում, դա մարդկանց համար նորություն է համարվում ընդամենը 1 շաբաթ՝ դրանից հետո դառնալով առօրեականություն։ Փաշինյանն այս տրամաբանությունը ներկայացնում է իր իշխանության կողմից կատարված դրական ձեռքբերումների համատեքստում։ Ընդհանուր առմամբ, նա իրավացի է։ Բայց նույն այդ տրամաբանությունը՝ փոփոխություն-առօրեականություն կապը, շատ ավելի ողբերգական արտահայտությամբ դրսևորվում է նաև իր իշխանության արձանագրած բացասական զարգացումների դեպքում, որոնց մասին, իհարկե, Փաշինյանը լռում է։
44-օրյա պատերազմում կրած ողբերգական պարտությունը, նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան մարդկանց համար ողբերգություն դարձավ եթե ոչ՝ մեկ շաբաթ, ապա՝ առավելագույնը մեկ ամիս՝ դրանից հետո դառնալով առօրեականություն։ Հայաստանի ինքնիշխան տարածքների հանձնումը, Գորիս-Կապան ավտոճանապարհի նվիրումն Ադրբեջանին, ադրբեջանական զինուժի կողմից 200 քառակուսի կիլոմետր տարածքի բռնազավթումը սթրեսային ազդեցություն ունեցավ մեկ կամ մի քանի շաբաթներ, դրանից հետո դառնալով առօրեականություն։ Արցախի շրջափակումը, 120 հազար մեր հայրենակիցներին սովամահության մատնելու Ադրբեջանի ոճրագործությունը նույն կերպ հանրությանը հուզեց, լավագույն դեպքում, շաբաթներ, կարճ ժամանակ անց դառնալով առօրեականություն, որովհետև դրանից առաջ արդեն առօրեականություն էր դարձել Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու նորությունը։
Նույն տրամաբանությունը գործեց արդեն նաև Արցախի հանձնման ժամանակ՝ մի քանի շաբաթ խախտելով մարդկանց անդորրը, ապա՝ սահուն կերպով դառնալով առօրեականություն։
Բայց Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «դրական առօրեականության» ու աղետների հանցավոր մոռացության մեջ կա սկզբունքային տարբերություն։ Իշխանական քարոզչությունը՝ հենց Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իրականում թույլ չի տալիս, որ մարդիկ մոռանան անգամ մի քանի հարյուր մետրանոց ճանապարհի վերանորոգումը կամ փռված ասֆալտը, քարոզչամիջոցների տասնյակ ռեպորտաժներին զուգահեռ՝ դրանց մասին կառավարության ամեն նիստին խոսում է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ Ի տարբերություն դրա, իրական ողբերգությունների պարագայում նույն իշխանական քարոզչությունը, կրկին Փաշինյանի գլխավորությամբ, անում է ճիշտ հակառակը՝ բոլոր հնարավոր միջոցներով նպաստելով համազգային աղետների մոռացումին։ Նիկոլ Փաշինյանն ազատ ամբիոն է փնտրում՝ խոսելու «կյանքը վայելելու», «իրական Հայաստանի», «երջանիկ լինելու» մասին։ Բոլոր այդ կաղապարների տարածման նպատակն իրականում Արցախի հանձնման ու մնացած ողբերգությունների մոռացումն է։ Այսինքն՝ առօրեականացումն ու համակերպումը։
«Ընտրությունների կեղծիք արտահայտությունը, կարծում եմ, արդեն վերագրված է պատմական ժանրին»,- ժողովրդավարության գծով ինդուլգենցիաներ տրամադրող օտարերկրյա դեսպանների ներկայությամբ խամաճիկաբար ու սեփական խամաճիկների ներկայությամբ ճոռոմաբար հայտարարում է Նիկոլ Փաշինյանը։
Եվ քանի որ նա այդ մասին խոսում է «Ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում՝ տասնյակ թիկնապահների զգոն հայացքի ներքո, որևէ մեկը չի ընդհատում ու հանուն ճշմարտության չի ուղղում՝ ասելով, որ նույն այդ ժամանակահատվածում պատմական ժանրին են վերագրվել նաև «Արցախ», «Արցախի մեր հայրենակիցներ», «Արցախի ինքնորոշման իրավունք», «հայկական երկու հանրապետություններ» արտահայտությունները։ Ու նաև այդ լռության պատճառով Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր անհոգնել ընթացքը նաև Հայաստանի Հանրապետությունը պատմական ժանրին վերագրելու ուղղությամբ։
Հարություն Ավետիսյան