Բլինքենի զանգն Ալիևին, ԱՄՆ շտապողականությունն ու Հարավային Կովկասից չհեռանալու ՌԴ որոշումը․ ինչո՞ւ է Բլինքենը զանգահարել Ալիևին
ԱՄՆ երկու փոխպետքարտուղարների գրեթե միաժամանակ Երևան կատարած այցերից հետո հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Իլհամ Ալիևին։ Պետդեպարտամենտի փոխանցմամբ, Բլինքենը շեշտել է խաղաղության համաձայնագրի ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի շարունակական առաջընթացը և ընդգծել համաձայնագրի անհապաղ կնքման կարևորությունը՝ վերահաստատելով այդ ուղղությամբ ԱՄՆ աջակցությունը։
Ադրբեջանի նախագահի գրասենյակն իր հերթին հաղորդել է, որ խաղաղության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից Ալիևն ընդգծել է «Հայաստանում Սահմանադրության, համապատասխան օրենքների և ներքին նորմատիվ իրավական ակտերի հիման վրա Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներին վերջ տալու կարևորությունը»։
Ադրբեջանի նախագահը նաև ասել է, որ «ժամանակն է պաշտոնապես դադարեցնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրան առնչվող բոլոր կառույցների գործունեությունը, որպեսզի ամբողջությամբ փակվի անցյալի մնացորդ հակամարտության էջը»։
Սրան զուգահեռ՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է․ «Մենք շատ կառուցողական առաջարկներ ենք ուղարկել ադրբեջանական կողմին, և պատրաստ ենք դրանք վերջնական տեսքի բերել և պայմանագիրը կնքել առաջիկա ամսվա ընթացքում, ինչպես արդեն առաջարկել ենք։ Ցավոք, մինչ օրս այդ առաջարկին ադրբեջանական կողմից պատասխան չենք ստացել: Ավելին, Ադրբեջանն առաջ է քաշում նոր խնդիրներ, ինչն առնվազն հարցեր է առաջացնում մեր և ավելի լայն տարածաշրջանում խաղաղության վերջնական նպատակի հարցում նրանց անկեղծության վերաբերյալ»։
Գնահատելով ԱՄՆ ակտիվությունը վերջին երկու շաբաթների ընթացքում Հարավային Կովկասում, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ փոխպետքարտուղարների այցն ու Բլինքենի զանգն Ալիևին իսկապես պետք է դիտարկել մեկ փաթեթի մեջ, քանի որ ԱՄՆ-ը ցանկանում է ամեն կերպ մասնակիցը դառնալ գործընթացին, ձեռք բերել գերակա ազդեցություն ռեգիոնում՝ այն վերածելով հակառուսական գոտու։
«Կողմերը մոտենում են ստորագրմանը, և ԱՄՆ-ը անհանգստանում է, փորձում է իր մասնաբաժինն ունենալ այս գործընթացում, հետագայում ստանալով նաև ազդեցություն ապաշրջափակվելիք ճանապարհների նկատմամբ, որոնց մասին բաց տեքստով խոսում է ԱՄՆ Պետքարտուղարությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տարասովը։
Նա հիշեցրեց փոխպետքարտուղար Օ՛Բրայենի այն հայտարարությունը ՀՀ-ում, որ ԱՄՆ-ը ոգևորում է. Միացյալ Նահանգները խրախուսում է Ադրբեջանին և Հայաստանին ավարտին հասցնել խաղաղ համաձայնագիրը առաջիկա շաբաթների ընթացքում և անընդունելի է համարում մանևրները կողմերից համաձայնության հասնելու համար:
«Օ՛Բրայենը կոչ էր արել նոր պահանջներ ներկայացնելու քաղաքականությունը, ինչը, կարծում եմ՝ ինչ-որ տեղ ուղղված էր նաև երկու կողմերին, քանի որ նա նաև խոսել էր ապաշրջափակման մասին՝ ասելով, որ Կենտրոնական Ասիայից դեպի Միջերկրական ծով առևտրային ուղի կառուցելու համար պատմական հնարավորություն է ստեղծվել, որը տեղի կունենա այն դեպքում, եթե խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Ի դեպ, այս ճանապարհը, որը ներառում է նաև Զանգեզուրի ճանապարհը կամ միջանցքը, դիտարկվում է՝ որպես Ռուսաստանի ու Իրանի ազդեցության դեմ պրոյեկտ։ Հենց դա էր պատճառը, որ ԱՄՆ-ը, Բրիտանիան ամեն կերպ աշխատեցին, որպեսզի Ադրբեջանը Նախիջևանին կապող իրանական երթուղին չգործարկվի, նման ուղիղ հայտարարություններ էր արել նույն Օ՛Բրայենը։ Կարծում եմ՝ դա շատ էական է հասկանալու համար ԱՄՆ շահերն ու դրանցից բխող քայլերը»,- ասաց վերլուծաբանը։
Ըստ Տարասովի, ներկայումս ԱՄՆ-ն ուղիղ մասնակցություն չունի հայ-ադրբեջանական բանակցություններին։
«Թեև ես այն համոզմանն եմ, որ ՀՀ բոլոր առանցքային քայլերը, այդ թվում՝ հայտարարությունը, որ համաձայնագիրը կարող է ստորագրվել առաջիկա մեկ ամսվա և առաջիկա շաբաթների ընթացքում, քննարկված է ամերիկյան կողմի հետ։ Ըստ էության, օրերս Երևանում նույնպիսի հայտարարություն արեց նաև ԱՄՆ պետքարտուղարի օգնականը։ Ուստի Երևանի միջոցով կա մասնակցություն գործընթացին անուղղակի կերպով, սակայն ԱՄՆ-ին ավելին է հարկավոր, որի համար, կարծում եմ՝ Բլինքենը զանգահարեց Ալիևին և փորձեց հավասարակշռել ԱՄՆ ջանքերը և ակտիվությունը կողմերի նկատմամբ, քանի որ Հայաստանին խոստացել են ռազմավարական գործընկերություն, սա, բնականաբար, խնդիր է դիտարկվում Ադրբեջանից, որի համար հարկավոր է գործընթաց Ադրբեջանի ուղղությամբ։ Պետք է նշել, որ ԱՄՆ-ի քայլերում որոշակի շտապողականություն կա, պայմանավորված ԱՄՆ նախագահական ընտրություններով»,- տեղի ունեցողն այսպես բացատրեց վերլուծաբանը։
Տարասովը չի գտնում, թե կոչն Ադրբեջանին՝ անհապաղ խաղաղության համաձայնագիր ստորագրելու մասին, առանցքային է։
«Առանցքայինը խոսակցությունը ստորագրման և առկա խնդիրների մասին է։ Առանցքայինը Հայաստանի ուղղությամբ ակտիվությունից հետո զանգն է Ադրբեջան՝ փարատելու համար Բաքվի մտահոգությունները։ Կընդունվե՞ն արդյոք դրանք՝ չեմ կարող ասել, բայց Ադրբեջանը որոշակի անկախություն է պահպանում Արևմուտքից և Արևմուտքի հետ համագործակցում է, երբ հստակ պատկերացում ունի, որ ակնկալիքները կբավարարվեն։ Ուստի հեռախոսազրույցի վերաբերյալ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունում շեշտը, որ Ադրբեջանն է կազմել համաձայնագրի տեքստը, Ադրբեջանն է խաղաղություն հաստատել, թույլ է տալիս ենթադրել, որ դրանով Ադրբեջանը հաստատում է իր, կարելի է անգամ ասել, երաշխավորի դերակատարությունը ռեգիոնում։ Ուստի չեմ կարծում, որ համաձայնագիրը կարող է շատ մոտ ապագայում քննարկվել, սակայն ԱՄՆ-ը ցանկանում է դրանց մասնակցել, քանի որ առջևում ապաշրջափակման բանակցություններն են»,- ասաց նա։
Տարասովը նաև կարևոր համարեց ռուսական կողմի այն հայտարարությունը, որ ցանկություն կա բացելու գլխավոր հյուպատոսություն Սյունիքում մինչև տարեվերջ։
«Նման հյուպատոսություն Սյունիքում ունի նաև Իրանը։ ՌԴ-ն ցանկանում է բացել հյուպատոսարան ինչպես Սյունիքում, այնպես էլ Ղարաբաղում։ Կարծում եմ՝ սրանք ՌԴ-ի կողմից առանցքային որոշումներն են, որոնք արտացոլում են ՌԴ հետաքրքրությունները և ռեգիոնից չհեռանալու որոշումը»,- նկատեց վերլուծաբանը։