ԱՄՆ վարչակազմը Հայաստանում ավելի մեծ իշխանություն ունի, քան հենց ԱՄՆ-ում. Արմեն Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Մնացական Միրզոյանը նրան հարցրել է.
«Ժողովրդի վրա կրակելը ինչո՞ւ չեն դատապարտում «ժողովրդավար» դեսպանատները»:
Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.
«Վաղուց պետք էր կոտրել սեփական վարդագույն ակնոցները և առերեսվել դառը իրականության հետ․ միջազգային քաղաքականությունը սեփական արժեքները սեփական շահերին մատաղ անելու մեջ է, այդ թվում՝ Հայաստանում։
Ի դեպ, հայտարարվող արժեքների և իրականացվող քայլերի միջև անդունդի վերածված խզումն է Եվրոպայում՝ աջերի, իսկ ԱՄՆ-ում՝ Թրամփի հաջողության պատճառը։
Եվ այդ խզումն իրենց մոտ առկա է բոլոր ուղղություններով` թե ներքին, թե արտաքին քաղաքականության մեջ։
Արևմուտքի բարոյական կոլապսի արձանագրումներից է նաև ԱՄՆ դեսպանատան արձագանքը Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանական վայրագություններին։ ԱՄՆ հիմնադիր հայրերը իրենց հիմնարար արժեքներով այլևս ակտուալ չեն ամերիկյան գործիքակազմի համար Հայաստանում։ Դրա փոխարեն փաստենք, որ ԱՄՆ գործող վարչակազմը Հայաստանում ավելի մեծ իշխանություն ունի, քան հենց ԱՄՆ-ում։
Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա նույն Եվրոպական շրջանակները Շառլ Միշելին համարում են ԵՄ ամենահաջող ղեկավարներից մեկը միության ողջ պատմության ընթացքում, իսկ Նիկոլը հենց Միշելին վստահեց հայ- ադրբեջանական բանակցությունների միջնորդի դերը, ինչի արդյունքում Արցախը հանկարծակի դարձավ Ադրբեջան։ Միշելի էքսպերիմենտը, ինչպես նրա պաշտոնավարումը կոչում են հենց եվրոպական մեդիաները, տապալված էր ԵՄ-ի համար, և կործանարար՝ Հայաստանի համար»: