Աղետի գոտում երկաթուղու աշխատանքը վերականգնվել է
Աղետի գոտում երկաթուղու աշխատանքը վերականգնվել է։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Հեղեղումից կարճ ժամանակ անց` այսօր, արդեն մեզ հաջողվեց շահագործել Ալավերդիից դեպի Այրում վնասված երկաթգիծը։ Բեռնատար գնացքն անցել է նորոգված երկաթգծով։
Երկաթուղու աշխատանքը գործնականում վերականգնված է։
Շնորհակալություն «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ տնօրինությանն ու աշխատակիցներին ցուցաբերած աջակցության և երկաթուղու աշխատանքը կարճ ժամանակում վերականգնելու գործում ներդրած ջանքերի համար»,- նշել է նախարար Սանոսյանը:
Մայիսի 26-ին հորդառատ անձրևների և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են առաջացել։ Հեղեղումների հետևանքով ջրալցվել են տներ, շենք-շինություններ, քանդվել ճանապարհներ։ Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով կա 4 զոհ։