
Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել․ ԱՆ

Երևան-Սևան ճանապարհին օրեր առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի կյանքը՝ չնայած բժիշկների ջանքերին, փրկել չի հաջողվել։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյան՝ հավելելով, որ տուժածներից մեկը շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը ծանր է։
Ծատրյանը նաև նշեց, որ մյուս 4 տուժածի առողջական վիճակը բավարար է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, հոսպիտալացվել է 5 քաղաքացի։