Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի կողմից Արտեմիսյան համաձայնագրին միանալը. Պետքարտուղարություն

ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի միանալն Արտեմիսյան համաձայնագրին:

Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության հայտարարության մեջ:

«Երեկ Վաշինգտոնում ՆԱՍԱ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած արարողության ժամանակ Հայաստանը դարձավ «Արտեմիսյան համաձայնագրի» 43-րդ ստորագրողը։ Համաձայնագիրը ստեղծվել է 2020 թվականին Միացյալ Նահանգների և յոթ այլ երկրի կողմից՝ տիեզերքի հետազոտությունն ու օգտագործումը կարգավորող սկզբունքների գործնական փաթեթը հաստատելու համար:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական Մարթա Սանդոյանի, փոխդեսպան Արթուր Գրիգորյանի, Պետքարտուղարության քարտուղարի օգնականի պաշտոնակատար Ջենիֆեր Ռ. Լիթլջոնի և ՆԱՍԱ-ի ղեկավար Բիլ Նելսոնի ներկայությամբ ստորագրել է Համաձայնագիրը Հայաստանի անունից։

Հաղորդագրության մեջ նշված է, որ Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ ընդլայնված երկկողմ համագործակցությունը և աջակցում է վարչապետ Փաշինյանի ջանքերին՝ ուղղված Հայաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղությանն ու բարգավաճմանը։

«Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի՝ մյուս 42 պետություններին միանալը, հաստատելով կայուն քաղաքացիական տիեզերական գործունեության վերաբերյալ համաձայնագրերի սկզբունքներին: ԱՄՆ պետքարտուղարությունն ու ՆԱՍԱ-ն ղեկավարում են Միացյալ Նահանգների տեղեկատվական-կրթական աշխատանքը և համաձայնագրերի իրականացումը»,- նշված է փաստաթղթում:

Տեսանյութեր

Լրահոս