Մոսկվան հույս ունի՞ վերականգնել հարաբերությունները Երևանի հետ, եթե կառավարություն փոխվի. Ինտրիգային հարց Զախարովային

Շատերն ուզում են տապալել Երևանի և Մոսկվայի հարաբերությունները, և քիչ բան չեն արել դրանց վնասելու համար, սակայն Ռուսաստանն ամեն ինչ արել է, որ այդ փորձերն ապարդյուն լինեն, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում առկա իրավիճակին։

Նրա խոսքով՝ Հայաստանի և հայ ժողովրդի հետ հարաբերությունները միշտ առաջնահերթություն են եղել մի շարք պատճառներով՝ պատմական, տնտեսական, այդ թվում՝ աշխարհաքաղաքական:

«Դրանք միշտ կառուցվել են իրավահավասարության, շահերի փոխադարձ հաշվի առնելու, տարածաշրջանում իրավիճակի գիտակցման ըմբռնման վրա», – ասել է Զախարովան:

Նա կարծում է, որ ՌԴ-ի հասցեին երբեմն ոչ ադեկվատ և խիստ վիրավորական հայտարարությունները, երկկողմ կապերի խաթարմանն ուղղված ապակառուցողական միջոցառումները առաջին հերթին անդրադարձով հարվածեցին Հայաստանի ժողովրդին՝ խաթարելով տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը:

Այս կայունության մեջ ներդրվել, զոհաբերվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում ապրող բազմաթիվ մարդկանց, և ոչ փոքր չափով՝ Ռուսաստանի քաղաքացիներ զինծառայողների, սահմանապահների կյանքեր ու ճակատագրեր։

«Մենք մեր հարաբերությունները դուրս ենք բերում ցանկացած գահավիժումից, որի մեջ դրանք բազմիցս փորձել են մտցնել խելագար գլուխներ, որոնք ինձ թվում է, երբեմն կա՛մ ոչ մի բանի մասին չեն մտածել, կա՛մ պարզապես մտածել են փողի կամ սեփական հավակնությունների մասին», – ավելացրել է նա:

Նա հավաստիացրել է, որ Հայաստանի հետ Ռուսաստանը միշտ ընկերություն կանի, կզարգացնի հարաբերությունները, քանի որ խոսքը կոնկրետ, բացառիկ անձնավորությունների մասին չէ, որոնք որոշակի ժամանակահատվածներում հայտնվում են տարբեր երկրների քաղաքական երկնակամարներում: Խոսքը ժողովուրդների, երկու երկրների մասին է։

Տեսանյութեր

Լրահոս