«ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական կապերը երբեք այսչափ ամուր չեն եղել». Անկարայում ԱՄՆ դեսպան
Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը հարցազրույց է տվել բրիտանական «Reuters» լրատվական գործակալությանը։ Դեսպանը մասնավորապես անդրադարձել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին և Թուրքիայի «BRICS»-ի անդամակցությանը և այլ հարցերի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական հարաբերություններն ամրապնդվում են և ՆԱՏՕ-ի ընդլայնումից և F-16 կործանիչների վաճառքի համաձայնագրից հետո Թուրքիան խարսխվել արևմուտքին։ ԱՄՆ Կոնգրեսի տեսակետը Թուրքիայի նկատմամբ նախկինի համեմատ ավելի լավն է։ ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական կապերը երբեք այսչափ ամուր չեն եղել»,- նշել է Ֆլեյքը։
Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման վերաբերյալ հարցին՝ դեսպանը նշել է, որ Վաշինգտոնում հաջորդ ամիս կկայանա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը լավ հնարավորություն է Բայդեն-Էրդողան հանդիպման համար։ Ֆլեյքը նաև հավելել է, որ մայիսին նախատեսված էր երկու երկրների նախագահների հադիպումը, որը Գազայի իրավիճակի հետ կապված դժվար քաղաքական շրջանում չեղարկվել է ժամանակացույցի անհամաձայնության պատճառով։
Անդրադառնալով Գազայի հարցին՝ դեսպանն ընդգծել է, որ ԱՄՆ-ն Թուրքիային խնդրել է հրադադարի շուրջ բանակցությունների ընթացքում ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին որոշ ուղերձներ փոխանցել։
Ֆլեյքը, պատասխանելով Թուրքիայի «BRICS» (միջազգային տնտեսական միություն) կազմակերպությանը անդամակցելու հարցին, նշել է.«Հույս ունեմ, որ Թուրքիան չի անդամակցի «BRICS»-ին, սակայն եթե դա տեղի ունենա կարելի է սպասել դիվանագիտական փոքր փոփոխությունների»։
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Չինաստան կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է դառնալ ,BRICS»-ի անդամ։ Այս հայտարարությանն անդրադարձել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը և նշել, որ ՌԴ-ն աջակցում է «BRICS»-ին միանալու Թուրքիայի հետաքրքրությանը։