
Կոտայքում և Արագածոտնում ապօրինի սևահողի տեղափոխման ու օդի աղտոտման համար տուգանվել է բեռնատարի 14 վարորդ

Հողի բերրի շերտի ապօրինի օգտահանման, պահպանման և տեղափոխման վերահսկողական շուրջօրյա միջոցառումների ընթացքում հունիսի 1-12-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է ապօրինի ձեռք բերված սևահող տեղափոխող բեռնատարի ևս 5 վարորդ:
«Կոտայքի և Արագածոտնի մարզերում «ԶԻԼ» և «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներն առանց թույլտվությունների փորձել են ապօրինի տեղափոխել ընդհանուր՝ 25.5 խմ սևահող։
Ստուգայցերի ընթացքում արձանագրվել է նաև առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր տեղափոխող 9 բեռնատար:
Բեռնատարները տեղափոխվել են ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ։
Վարորդների նկատմամբ կնշանակվեն վարչական տույժեր։
Միջոցառումները շարունակվում են ՀՀ բոլոր մարզերում»,- ասված է ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ: