Բաժիններ՝

ՄԱԿ-ը հայտնել է Իսրայելի և պաղեստինյան խմբավորումների կողմից պատերազմական հանցագործությունների կատարման մասին

2021 թվականին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված անկախ միջազգային հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ և՛ Իսրայելը, և՛ Պաղեստինի զինված խմբավորումները 2023 թ. հոկտեմբերից ի վեր գործողություններ են կատարել, որոնք կարելի է որակել որպես պատերազմական հանցագործություններ: Այս մասին նշված է հանձնաժողովի զեկույցում:

Ըստ զեկույցի՝ Իսրայելի իշխանությունները պատասխանատվություն են կրում 2023 թ. հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում ռազմական գործողությունների ու գրոհների ժամանակ կատարված «պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար»:

Փաստաթղթում նաև նշվում է, որ «պաղեստինյան զինված խմբավորումները պատասխանատվություն են կրում Իսրայելում կատարված պատերազմական հանցագործությունների համար»։

Զեկույցի համաձայն՝ Իսրայելի իշխանությունները, մասնավորապես, պատասխանատու են Գազայի հատվածում «սովի հետ կապված պատերազմական հանցագործությունների համար՝ որպես պատերազմ մղելու մեթոդ», ինչպես նաև սպանությունների, քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների վրա դիտավորյալ հարձակումների, բնակչության բռնի տեղահանման, սեռական բռնության, խոշտանգումների, կամայական ձերբակալությունների և անձնական արժանապատվության վրա ոտնձգությունների համար:

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա գրոհին, ապա, հանձնաժողովի կարծիքով, «ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը և պաղեստինյան վեց այլ զինված խմբավորումներ պատասխանատվություն են կրում պատերազմական հանցագործությունների՝ քաղաքացիական բնակչության վրա կանխամտածված հարձակման, սպանությունների կամ դիտավորյալ սպանությունների, խոշտանգումների, անմարդկային կամ դաժան գործողությունների, ինչպես նաև պատանդներ վերցնելու համար, այդ թվում՝ երեխաների։

Հանձնաժողովի զեկույցը հիմնված է տուժածների և վկաների հետ հարցումների վրա, որոնք անցկացվել են ինչպես հեռավար, այնպես էլ Թուրքիա ու Եգիպտոս փորձագետների ​առաքելությունների ժամանակ, ինչպես նաև բաց աղբյուրներից բազմաթիվ նյութերի ուսումնասիրության, արբանյակային նկարահանումների և դատաբժշկական եզրակացությունների վրա: Փորձագետներն ընդգծել են, որ Իսրայելի իշխանությունները խոչընդոտել են նրանց մուտքն օկուպացված պաղեստինյան տարածքներ և Իսրայել։

Փաստաթուղթը կներկայացվի հունիսի 19-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 56-րդ նստաշրջանում։

Գազայի հատվածում հակամարտությունը սկսվել է այն բանից հետո, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալները 2023 թ․ հոկտեմբերի 7-ին ներխուժեցին Իսրայել՝ սպանելով շուրջ 1200 մարդու, գերեվարելով ավելի քան 250-ին։ Ի պատասխան ներխուժման՝ Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում, որտեղ, ըստ տեղի իշխանությունների, զոհերի թիվը գերազանցել է 37 200-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս