Փաշինյանը շարունակում է «ուժերից զրկել» ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբին
Իշխանափոխությունից ամիսներ հետո Նիկոլ Փաշինյանը որոշել էր, որ Ոստիկանության զորքերը հայ-ադրբեջանական սահմանին պետք է մարտական հերթապահություն իրականացնեն և փոխարինեն ժամկետային զինծառայողներին: Եվ արդեն 2018 թվականի օգոստոսին սահման էր մեկնել ոստիկանների առաջին խումբը:
Բայց արդեն 2020 թվականի փետրվարին՝ 44-օրյա պատերազմից առաջ, հայտնի էր դարձել, որ ստեղծվելու է ազգային գվարդիա, և ոստիկանները սահման չեն մեկնելու:
Իսկ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը և ոստիկանական զորքերը մասնակցեցին մարտական գործողություններին: 2020 թվականի պատերազմի ընթացքում զոհվել է մոտ 7 տասնյակ ոստիկան, ընդ որում, ոստիկանության տվյալներով, 2020 թվականի նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում զոհվել է ոստիկանության զորքերի 39 ծառայող, ևս 4 ծառայող զոհվել է նոյեմբերի 5-ին Քարինտակի մատույցներում, իսկ սրանից առաջ հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տունը հակառակորդի կողմից թիրախավորման հետևանքով զոհվել էր 27 ոստիկան:
Եվ այս օրերին ԱԺ-ում քննարկվել է Կառավարության ներկայացրած՝ «Ոստիկանության գվարդիայի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենսդրական նախաձեռնության մեջ նշվում է, որ ներկայումս ոստիկանության զորքերի խնդիրները, գործունեության իրավական հիմքերն ու սկզբունքներն առավելապես կանոնակարգված են «Ոստիկանության զորքերի մասին» օրենքով։
«Այնուամենայնիվ, «Պաշտպանության մասին» օրենքը ոստիկանության զորքերը դասում է «այլ զորքերի» թվին, ինչի ուժով ոստիկանության զորքերի ղեկավարման և կառավարման գործառույթները խաղաղ ժամանակ օրենքով սահմանված կարգով իրականացնում է լիազոր մարմինը՝ ներքին գործերի նախարարությունը, իսկ ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ ոստիկանության զորքերն անցնում են զինված ուժերի հրամանատարության օպերատիվ ենթակայության ներքո։
Այլ զորքերի մեջ ներառվելու հետևանքով ոստիկանության զորքերի վրա տարածվում են նաև ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի և ՀՀ զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքի դրույթները։
Այս ամենից հետևում է, որ, ինչպես ոստիկանության զորքերը, այնպես էլ դրանց ծառայողներն ունեն երկակի կարգավիճակ, բացի այդ՝ այս ծառայությանը բնորոշ է՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին անվտանգության գործառույթների զուգակցումը, ինչը չի բխում ոստիկանության ընդհանուր խնդիրներից»,- ասվում է օրենսդրական փաթեթում:
Այսինքն, ոստիկանական գվարդիան այլևս չի ներառվելու «այլ զորքեր» օրենսդրական բնորոշման մեջ, այն լինելու է ամբողջովին նոր կառույց՝ չլինելով Ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը: Սա նշանակում է, որ գվարդիան հնարավոր պատերազմի դեպքում ևս չի մասնակցելու մարտական գործողությունների:
«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ «ՀՀ ԶՈւ ԳՇ-ն համակարգում է այլ զորքերի և ռազմական դրության ժամանակ ստեղծվող հատուկ ստորաբաժանումների զորահավաքային պատրաստությունը, վերահսկում է դրանց զորահավաքային պատրաստականությունը»:
Նշենք, որ նույն օրենքը հստակ սահմանում է. «Զինված ուժերը կազմված են զինվորական կառավարման կենտրոնական մարմնից՝ զինված ուժերի գլխավոր շտաբից, զինվորական կառավարման այլ մարմիններից, զորամիավորումներից, միավորումներից, զորատեսակներից և զորամասերից, զինվորական հաստատություններից և զինվորական այլ կազմավորումներից: Պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ զինված ուժերի կազմում ընդգրկվում են նաև այլ զորքերը, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերը»:
Այնուհետև օրենքի շարունակության մեջ՝ հոդված 18-ում, նշվում է.
1. «Այլ զորքերի ղեկավարման և կառավարման գործառույթները խաղաղ ժամանակ օրենքով սահմանված կարգով իրականացնում են համապատասխան պետական լիազոր մարմինները:
2. Այլ զորքերն իրենց իրավասությունների շրջանակներում`
1) մասնակցում են զինված ուժերի` իրենց մասով կիրառման պլանների մշակմանը և ապահովում դրանց կիրառումը.
2) զինված ուժերի կազմում մասնակցում են Հայաստանի Հանրապետության նկատմամբ անմիջական սպառնալիքի չեզոքացմանը կամ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակմանը դիմակայելուն.
3) մասնակցում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին.
4) պաշտպանության բնագավառում իրականացնում են սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
3. Այլ զորքերի համալրումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
4. Այլ զորքերի ստեղծումը, կառավարումը և գործունեությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենքների հիման վրա:
4. Այլ զորքերի նյութական միջոցների զորային պաշարների կուտակման պլանավորումը, շարանումը, տեղավորումը և պահպանումը խաղաղ ժամանակ իրականացնում են համապատասխան պետական լիազոր մարմինները, իսկ պատերազմի ժամանակ նյութական միջոցներով ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը»:
Օրենքում մի կետ կա, ինչն այսօր ԱԺ-ում առանձնացրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, համաձայն որի՝ ռազմական գործողությունների դեպքում գերագույն հրամանատարը ոստիկանության գվարդիային կարող է օգտագործել ռազմական դրությամբ պայմանավորված առաջադրանքներ տալու, բայց ռազմական դրության իրավական ակտերում, երբ փոփոխություն է առաջարկվում՝ գերագույն հրամանատարը բացառիկ դեպքերում ոստիկանության գվարդիային կարող է հանձնարարականներ տալ։
«Այսինքն, ամբողջությամբ մնում է գերագույն հրամանատարի քմահաճույքը, ցանկությունը՝ կհանձնարարի՞, թե՞ չի հանձնարարի։ Այնինչ, ամբողջ խնդիրը ինչպես եղել է նախկին օրենքում, միանգամից արձանագրվել է, որ ներքին զորքերը ՀՀ պաշտպանության իրականացման խնդիր ունեն»,- ընդգծել է նա:
Այն, որ ոստիկանական այս գվարդիան ստեղծվում է զուտ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ու իշխանությունը պահպանելու համար, դա անվիճելի է, և դա երևում է նրանց գործառույթներից: Բայց ցանկանում ենք հարցն այլ տեսանկյունից դիտարկել: Արդեն նշեցինք, որ ռազմական դրության ժամանակ «այլ զորքերն» անցնում են ԳՇ համակարգման և վերահսկման ներքո:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ սա հերթական քայլն է ինչ-որ առումով թուլացնելու ՀՀ զինված ուժերը և ԳՇ-ն նաև այս ճանապարհով: Կարո՞ղ ենք ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանն ուժային կառույցներին, այդ թվում՝ Զինված ուժերին լիովին չի վստահում կամ մտավախություններ ունի: Հնարավոր է:
Հիշեցնենք, որ այսօրինակ մտավախությունների տրամաբանության մեջ էր նաև բանակի կառավարման մոդելը փոփոխելու որոշումը, երբ ԳՇ պետը դարձավ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ՝ զրկված լինելով, սակայն, նրան փոխարինելու իրավասությունից, նման հնարավորություն է ունենալու քաղաքական տեղակալներից մեկը՝ վարչապետի առաջարկությամբ, ինչպես մոտ 2 տարի առաջ ԱԺ-ում ասել էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Եվ ոչինչ, որ սահմանադրությամբ ԳՇ պետի պաշտոնն ամենաբարձր զինվորական պաշտոնն է:
Իսկ բանակի կառավարման մոդելի փոփոխության մասին խոսում էին դեռ այն ժամանակ, երբ Պաշտպանության նախարար էր Վաղարշակ Հարությունյանը: Տարբեր տեղեկություններով, փորձ էր արվում ազատվել Օնիկ Գասպարյանից, քանի որ նա մի քանի անգամ մերժել էր Նիկոլ Փաշինյանին՝ զորքին մասնակից դարձնել ներքաղաքական պայքարին, իսկ Վաղարշակ Հարությունյանը հեշտ կառավարվող էր: Այն ժամանակ սա մնացել էր «թղթի վրա»:
2021 թվականի փետրվարին ԶՈՒ հայտնի հայտարարությունից հետո, թերևս, այս միտքը իշխանությունների մոտ է՛լ ավելի էր ամրապնդվել, թեպետ այն ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ռազմական դրության ժամանակ գործի չէր դրել իր լիազորությունները, այդ թվում՝ «այլ զորքերը» համակարգելու առումով: Ինչևէ, կառավարման մոդելի փոփոխությունն իր տրամաբանական վերջնագծին հասավ Սուրեն Պապիկյանի օրոք: Իսկ դրանից հետո աստիճանաբար ուժեղացվում է ՊՆ դերակատարումը, թուլացվում՝ Գլխավոր շտաբինը:
Մոտ մեկ ամիս առաջ 168.am-ն անդրադարձել էր այս խնդրին, երբ ՀՀ ԶՈՒ ԳՇ ուղիղ ենթակայությունից ՊՆ ուղիղ ենթակայությանն էին անցել սպառազինության վարչությունը և ոչ միայն:
Եվ հիմա ԳՇ ձեռքի տակից հանում են նաև «այլ զորքերը», իսկ նոր պատերազմ միանգամայն հնարավոր է…