Վաղ թե ուշ դա էլ կփակվի
Արտաքուստ ցույց տրվող բարձր աճերի ֆոնին՝ տնտեսությունը հասցրել են աղետալի վիճակի։ Հայտնի ու անհայտ օլիգարխներն ապրանքները մի տեղից բերում, մեկ այլ տեղ ծախում են ու դա համարում են տնտեսական աճ։
Սրանով են տնտեսական աճ ցույց տալիս։ Մարդկանց աչքերին թոզ են փչում։
Նման տնտեսական աճերի ազդեցություններն արդեն բացահայտ երևում են բյուջեի եկամուտների վրա, բյուջեի փողերը չեն կարողանում հավաքել։
Հույսը դրել էին ներմուծումների ու վերարտահանումների վրա, բայց դրանք էլ այլևս չեն բավարարում, չնայած շարունակում են մեծ տեմպերով ավելանալ։
Այս տարի էլ արտաքին առևտուրը շատ ակտիվ է։ Ավելի քան կրկնակի ավելացել է։ Ավելացել է՝ ինչպես ներմուծումը, այնպես էլ՝ վերարտահանվող ապրանքների քանակությունը։ Բայց անգամ այդ պայմաններում բյուջեի եկամուտները չեն ապահովվում։ Արդեն հսկայական ճեղք է առաջացել, որն ամսեամիս խորանում է, ձնագնդի նման մեծանում է։ Մեծանում է նաև բյուջեի ծախսերը կատարելու վտանգը։
Տնտեսությունը չի աշխատում, որպեսզի հավելյալ հարկեր գեներացվեն։ Էլ տեղ չմնաց, որ հարկային բեռ չավելացնեն, տույժ-տուգանքները չխստացնեն։ Չեն հասկանում, որ դրանով խեղդում են տնտեսությունը։
Առանց այդ էլ տնտեսությունը մի լավ օրի չէ։ Հասցրել են մի վիճակի, երբ բազմաթիվ ոլորտներ անկում են ապրում։
Այն էլ այնպիսի ոլորտներ, որոնք առանցքային նշանակություն ունեն տնտեսության համար։
Արդեն երկրորդ տարին է, աճ չկա հանքարդյունաբերության ճյուղում։ Մի շարք ընկերություններ ստիպված դադարեցրել են գործունեությունը, նաև փակվել։
Տնտեսության մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ հարկեր են գանձում։ Ոչինչ չեն անում ծանր պահերին օժանդակելու ու աջակցելու համար։
Իրականացված անմիտ հարկային քաղաքականությունը բերեց նրան, որ տնտեսության ու պետական բյուջեի համար հսկայական նշանակություն ունեցող ճյուղը ճգնաժամային իրավիճակում է հայտնվել։
Տարիներ շարունակ հանքարդյունաբերությունը եղել է բյուջեի եկամուտների ապահովման հիմնական ճյուղերից մեկը, հպարտանում էին, որ այս ոլորտի ընկերությունները մեծ հարկեր են վճարում, քաղաքական նպատակներով խեղդում էին՝ առանց հետևանքները հաշվի առնելու։
Հետևանքները տեսնում ենք՝ ինչպես ճյուղի անկման, այնպես էլ՝ պետական բյուջեի եկամուտների վրա ունեցած բացասական ազդեցության տեսքով։
Բայց խնդիրը միայն հանքարդյունաբերությունը չէ։ Արդյունաբերության բազմաթիվ ճյուղեր, որոշները՝ անգամ անցած տարվա անկումից հետո, նվազեցրել են արտադրության ծավալները։ Սննդամթերքի արտադրությունը, որը միշտ էլ եղել է տնտեսության ամենամեծ ու ամենակարևոր ճյուղերից մեկը, անկման մեջ է։ Նվազել է անգամ անցած տարվա նվազումից հետո։ Անկման տեմպը նույնիսկ խորացել է։
Ծխախոտի արտադրությունն է կրճատվել, հագուստինը, էլեկտրոնիկայինը, համակարգիչներինը։
Պաշտոնական վիճակագրության մեջ այլևս խոսք չկա Հայաստանում սկսված ավտոմեքենաների արտադրության մասին։ Այս տարի ոչ մի ավտոմեքենա չի արտադրվել։
Խոսքը հայտնի «Սեպուհների» մասին է, որ այդքան շահարկեցին։ Իբր ավտոմեքենաների արտադրություն են սկսել։ Չնայած իրականում ընդամենը հավաքման մի արտադրամաս էր բացվել։ Դա էլ չկարողացան պահպանել։ Ամիսներ հետո, ինչպես բազմաթիվ այլ նմանատիպ դեպքերում, արտադրությունը փակվեց ու դադարեցրեց գործունեությունը։ Դժվար էլ թե առաջիկայում վերսկսի աշխատել, ինչպես եղավ նույն հեռուստացույցերի, սառնարանների, լվացքի մեքենաների, կենցաղային այլ տեխնիկայի, գազի բալոնների և այլ արտադրությունների հետ։
Որպես այդպիսին՝ վերջին տարիներին Հայաստանում նոր արտադրություններ գրեթե չեն բացվում, բացվելուց էլ չեն կարողանում աշխատել։ Ինչպես բացվում, այնպես էլ արագ փակվում են։ Գովազդով ավարտվում են։
Ոչ մեկը չի ուզում ուսումնասիրել, հասկանալ, թե ինչո՞ւ արտադրությունները Հայաստանում չեն կայանում։ Եթե չեն կայանում, նշանակում է, ինչ-որ պատճառ պիտի լինի դրա համար։ Բայց պետքները չէ։
Արդյունաբերության մեջ պաշտոնապես 30 տոկոսին մոտ աճեր են գրանցվել։ Բայց տակը ոչինչ չկա, ընդամենը մեկ ապրանքատեսակ է՝ ոսկերչական արտադրանքը, որն այս տարի անգամներով ավելացել է։ Ո՞նց, ինչի՞ հաշվին, ոչ մի բացատրություն չկա։
Միայն ոսկեգործության արտադրանքի թողարկման աճն ավելին է, քան ամբողջ արդյունաբերությանը։
Ամբողջ արդյունաբերության արտադրանքն առաջին եռամսյակում ավելացել է 167 մլրդ դրամով, միայն ոսկեգործությանը՝ 175 միլիարդով։ Ամբողջը, մի բան էլ ավելին, եղել է ոսկեգործության հաշվին։
Սա նշանակում է, որ արդյունաբերության մյուս բոլոր ճյուղերում միասին՝ անկում է։ Արտադրության ծավալները բուն տնտեսության մեջ նվազում են։ Այն էլ՝ երկու տարվա կտրվածքով։
Հիշեցնենք, որ անցած տարի էլ արդյունաբերությունն անկումային էր մինչև այն պահը, երբ տարեվերջի երկու ամիսներին սկսվեց ոսկեգործության «փառահեղ վերելքը»։
Վիճակը գնալով սրվում է նաև ծառայությունների ոլորտում։ Որոշ առանցքային ճյուղերում սկսվել է արտադրության ծավալների անկումը։ Դա նկատելի է հատկապես ՏՏ-ում։
Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարում էր, թե ոլորտից արտահոսք չկա։ Դրսից տեղափոխվածները շարունակում են մնալ Հայաստանում, կեղծ տեղեկություններ են տարածում, թե գնացել են կամ գնում են։
Այնինչ՝ նույն պաշտոնական վիճակագրությունն է արձանագրել, որ ՏՏ-ում գործերը լավ չեն։ Անկում է գրանցվում։ Անկման տեմպերը գնալով խորանում են։
Այստեղ էլ ձախողեցին, չկարողացան գոնե այն հնարավորությունը, որն առաջացել էր դրսից բիզնեսի ու մասնագետների տեղափոխման արդյունքում, պահել։
Տրանսպորտային ծառայություններն են նվազել ավելի քան 17 տոկոսով։ Եվ դա՝ 14-15 տոկոսանոց տնտեսական ակտիվության, 30 տոկոսանոց արդյունաբերական աճերի պարագայում։
Մնացել է առևտուրը. վաղ թե ուշ դա էլ կավարտվի։ Իսկ մինչ այդ կկորցնենք նաև ներքին արտադրությունը, որն աստիճանաբար փոխարինվում է ներմուծմամբ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ