Պարտքի սպասարկման բեռը 314 տոկոսով ավելացել է

Վերջին տարիներին այնքան շատ ու այնքան թանկ պարտքեր են կուտակել, որ պարտքի սպասարկումը չափազանց ծանր բեռ է դարձել պետական բյուջեի վրա։

Կառավարության պարտքի տոկոսավճարը տարեսկզբի չորս ամիսներին անգամներով ավելացել է։

Պաշտոնական տվյալներով, չորս ամսում վճարվել է ավելի քան 135 մլրդ դրամ։

Սա համարժեք է 346 մլն դոլարի։

Կարդացեք նաև

Հիմա պատկերացրեք, թե ինչեր կարելի էր անել այդ գումարով, եթե այդքան պարտքեր չկուտակեին ու հիմա ստիպված չլինեին դրանց տոկոսների դիմաց 346 մլն դոլար վճարել։

Պարտքի տոկոսավճարը նախորդ տարվա համեմատ աստղաբաշխական աճ է գրանցել. ավելացել է գրեթե 236 մլն դոլարով։ Նախորդ տարվա առաջին չորս ամիսների գրեթե 110 մլն դոլարից հասել է 346 մլն դոլարի։

Մեկ  տարվա ընթացքում պարտքի տոկոսավճարը 314 տոկոսով ավելացել է։

«2023 թվականի հունվար-ապրիլ ամիսների համեմատ՝ կառավարության պարտքի սպասարկման ծախսերի 3,1 անգամ (92,3 մլրդ դրամ) աճը հիմնականում պայմանավորված է ԱՄՆ դոլար/ՀՀ դրամ փոխարժեքի, շրջանառության մեջ գտնվող գանձապետական պարտատոմսերի ծավալների, ինչպես նաև արտաքին պարտքի գծով լողացող տոկոսադրույքների աճով»,- արձանագրել է ֆինանսների նախարարությունը:

Բյուջեի հարկային եկամուտների ավելի քան 16 տոկոսը տարեսկզբի առաջին չորս ամիսներին հատկացվել է պարտքի սպասարկման համար։

Սա լուրջ ծանրություն է, որը մեկ տարվա ընթացքում եռապատկվել է՝ կառավարության իրականացրած պարտքային քաղաքականության պատճառով։ Բայց այդ մասին Նիկոլ Փաշինյանն ու կառավարության մյուս պատասխանատուները, բնականաբար, չեն խոսում։ Անցել են այն ժամանակները, երբ տեղի-անտեղի մեղադրանքներ էին հնչեցնում նախկինների նկատմամբ՝ պետությունը պարտքերի տակ թաղելու ու պարտքի բեռն ավելացնելու համար։

Հատկացված գումարների մեծ մասն ուղղվել է ներքին պարտքի տոկոսավճարները փակելուն։

Խոսքը գանձապետական պարտատոմսերի դիմաց ներգրավված միջոցների սպասարկման մասին է։

Վերջին տարիներին կառավարությունը փոխել է պարտքերի ներգրավման ռազմավարությունը։ Արտաքին էժան վարկերի ու փոխառությունների փոխարեն՝ մեծ տեմպերով ավելացնում է ներքին թանկ պարտքը։

Սա էլ դարձել է պետական բյուջեի վրա պարտքի սպասարկման ծանրացման հիմնական պատճառներից մեկը։

Տարեսկզբի առաջին չորս ամիսներին ներքին պարտքի սպասարկման համար վճարվել է ավելի քան 104 մլրդ դրամ կամ շուրջ 267 մլն դոլար։

Նախորդ տարի ներքին տոկոսավճարները կազմել էին ընդամենը 13,4 մլրդ դրամ, ինչը համարժեք էր 34 մլն դոլարի։

Ներքին պարտքի տոկոսավճարների սպասարկումն այս տարի ավելացել է գրեթե 8 անգամով։

Պատճառը գերազանցապես կառավարության քաղաքականությունն է, որը հանգեցրել է պարտքի կառուցվածքի էական փոփոխության։ Կառավարության ներքին ու արտաքին պարտքերը գրեթե հավասարվել են։

Վերջին տվյալներով, արտաքին պարտքը կազմել է 5,8 մլրդ դոլար, ներքին պարտքը՝ 5,7 մլրդ դոլար։

Մինչդեռ, 2-3 տարի առաջ ներքին պարտքի մասնաբաժինն անհամեմատ փոքր էր՝ տատանվում էր հազիվ 25-26 տոկոսի սահմաններում։

Կարճ ժամկետում կառավարությունը հասցրել է այն գրեթե կրկնապատկել, ինչի հետևանքով էլ այսքան ծանրացել է ներքին պարտքի սպասարկումը։

Ներքին պարտքը չափազանց թանկ պարտք է, որի ազդեցությունն ակնհայտ է պետական բյուջեի վրա։

Գանձապետական դրամային պարտատոմսերի դիմաց ներգրավված ֆինանսական միջոցների միջին գինն այս պահին հասնում է 10,7 տոկոսի։ Այն գրեթե 3 անգամով ավելի թանկ է արտաքին վարկերից ու փոխառություններից։

Չնայած դրան, կառավարությունը որոշել է պարտքերն ավելացնել թանկ փողերի հաշվին ու այսպիսի ծանրության տակ դնել պետական բյուջեն։

Եթե 2022թ. սկզբին ներքին պարտքը պակաս էր անգամ 2,6 մլրդ դոլարից, հիմա անցել է 5,7 միլիարդից։

Երկու տարում 3,1 միլիարդով ավելացել է՝ էապես ծանրացնելով պետական բյուջեի վրա կառավարության պարտքի սպասարկման բեռը։

Ի տարբերություն ներքինի, կառավարության արտաքին պարտքի սպասարկման գումարներն այս տարի շատ քիչ են ավելացել։ Անցած տարի արտաքին պարտքի սպասարկման համար տարեսկզբի չորս ամիսներին հատկացվել էր 29,7 մլրդ դրամ կամ շուրջ 76 մլն դոլար, այս տարի հատկացվել է 31,2 մլրդ դրամ կամ 80 մլն դոլար։

Արտաքին պարտքի սպասարկման ծանրացումը պետական բյուջեի վրա լրացուցիչ ընդամենը 1,5 մլրդ դրամ է արժեցել։

Մինչդեռ ներքին պարտքի տոկոսավճարներն ավելացել են գրեթե 91 մլրդ դրամով։

Այսքանից հետո, կառավարությունը շարունակում է մեծացնել ներքին պարտքը։

Տարեսկզբի առաջին չորս ամիսներին ներքին պարտքը ևս 384 մլն դոլարով ավելացել է։

Անցած տարվա վերջին կազմում էր 5 մլրդ 344 մլն դոլար, հիմա հասել է 5 մլրդ 727 միլիոնի։ Փոխարենը՝ արտաքին պարտքը նույնիսկ նվազել է։

Սա նշանակում է, որ կառավարությունն իրականացնում է էժան պարտքը թանկով փոխարինելու քաղաքականություն։ Այդ քաղաքականության հետևանքով էլ էապես բարձրացել է պարտքի գինը։ Եթե նախկինում կառավարության պարտքի միջին գինը տատանվում էր 4,5 տոկոսի սահմաններում, այժմ 7,2 տոկոս է։

Այս տարի ևս 0,2 տոկոսային կետով թանկացել է։

Թանկացել է՝ թանկ փողեր ներգրավելու պատճառով։ Մի կողմից՝ ասում են, թե բյուջեն փողի խնդիր չունի, իսկ մյուս կողմից՝ մեծաքանակ պարտքեր են վերցնում ու ավելացնում պետական բյուջեի պարտքային բեռը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս