«Առաքելական եկեղեցին ապրիորի չի կարող պարտվել որևէ քաղաքական ուժի». Հովհաննես Գալստյան
Շարունակվում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիաները, հանրահավաքները՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ։
Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած մեծ հանրահավաքից հետո «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը բազմաթիվ բողոքի ակցիաներ է իրականացրել մայրաքաղաքում և մարզերում, բողոքի ակցիաներ են անցկացվել նաև տարբեր գերատեսչությունների շենքերի մոտ։ Իշխանությունների տարբեր պաշտոնյաներ հայտարարում են, թե շարժումը մարում է, սակայն քաղաքագետների և վերլուծաբանների պնդմամբ՝ իշխանությունները պարզապես անհանգստացած են, դրա վկայությունն են նրանց կիրառած մանիպուլյատիվ քարոզչական հնարքները, որը հանրության ուշադրությունը շեղելու նպատակ է հետապնդում: Այդուհանդերձ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է ակցիաները և հունիսի 9-ի երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա հերթական մեծ հանրահավաքը։
168.am-ի հետ զրույցում «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր, կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանն անդրադարձավ Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների որդեգրած քաղաքականությանը՝ մասնավորապես հիշեցնելով մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած խայտառակ միջադեպը, երբ ոստիկանական պատն արգելում էր Ամենայն Հայոց կաթողիկոսի մուտքը հուշահամալիր: Մեր զրուցակցի գնահատմամբ՝ իշխանությունը դա կատարել է գիտակցված։
«Եթե նույնիսկ Ամենայն Հայոց կաթողիկոսը պաշտոնապես հրաժարվի շարժմանն աջակցելուց, միևնույն է՝ հասարակության գիտակցության մեջ նստած է, որ այս իշխանությունների դեմ պայքարի է դուրս եկել Հայ Առաքելական եկեղեցին։ Ավելին՝ Առաքելական եկեղեցին ապրիորի չի կարող պարտվել որևէ քաղաքական ուժի, այսինքն՝ այս պայքարը, ուղղակի բացառվում է, ունենա այլ հանգուցալուծում, քան Կառավարության հրաժարականը և իշխանության հանձնումը։ Դա կլինի բանակցությունների միջոցո՞վ, թե՞ այլ ճանապարհով՝ չեմ կարող ասել»,- նշեց Հովհաննես Գալստյանը։
Ըստ կինոռեժիսորի, Առաքելական եկեղեցին մնացել է հայի ինքնության պահպանության վերջին հույսը, եկեղեցու հետ մնացել է նաև լեզուն։ Ուստի Առաքելական եկեղեցու շահերն այս պահին ամբողջովին նույնականացված են հայ ազգի շահերի հետ, քանի որ հայ ազգը կանգնած է գոյաբանական խնդրի առաջ։
«Առաքելական եկեղեցին իրեն դրել է զոհասեղանի վրա, ինչպես ասում է Բագրատ սրբազանը, հետևաբար՝ շարժումը չի կարող ունենալ այլ ելք, քան հաղթանակն է, սա պետք է ավարտվի իշխանական այս խմբակի հեռացմամբ։ Կրկնում եմ՝ այս շարժումը չի կարող պարտվել»,- շեշտեց Հովհաննես Գալստյանը։
Այս օրերին ընթանում են կինոռեժիսորի «Վերա» ֆիլմի նախնական նկարահանումները, այդ պատճառով գերզբաղված է և շարժման ոչ բոլոր ակցիաներին է կարողանում մասնակցել, թեպետ մեծ հանրահավաքներին պարտադիր մասնակցում է։
Իսկ ֆիլմը Մարտակերտի շրջանի Ակաբեկալանջ գյուղի երկու փոքրիկ երեխաների ողբերգական մահվան մասին է, երբ շրջափակման մեջ գտնվող արցախցի երեխաների մայրը՝ Վերան, փոքրիկներին տանն էր թողել ու գնացել էր Մարտակերտ սնունդ հայթայթելու: Հետո մոր հետևից դուրս եկած երեխաներին գտել էին մահացած ճանապարհին՝ ինչ-որ մեքենայի մեջ:
Այս ֆիլմը կինոռեժիսորի համար կարևոր նշանակություն ունի՝ ոչ միայն իր բովանդակությամբ, այլ նաև նրանով, որ այն ցուցադրվելու է Հայաստանից դուրս տարբեր երկրներում, որպեսզի միջազգային հանրությանը ներկայացվի Արցախում 2022 թվականի շրջափակման և դրան հաջորդած Ադրբեջանի ռազմական գործողությունների ողբերգական հետևանքները: