Թուրքիան մեծացնում է Հայաստանում իր ազդեցության գոտիները. Վարուժան Գեղամյան

Արտաքին գործերի նախարարության 2023 թվականի բյուջեն Ազգային ժողովում ներկայացնող Արարատ Միրզոյանը բյուջեի արդյունքային ցուցանիշները ներկայացնելուց զատ, մայիսի 4-ին խոսեց նաև հայ-թուրքական բանակցությունների մասին՝ ընդգծելով. «Թուրքիայի հետ կա շատ-շատ առողջ երկխոսություն, կան պայմանավորվածություններ, որոնք, սակայն, կյանքի չեն կոչվել»։

Ինչպե՞ս է հնարավոր ունենալ պայմանավորվածությունների խախտում, բայց բանակցությունները համարել շատ-շատ առողջ, 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հետաքրքրվեցինք թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանից։

«Սխալ է Հայաստանի և Թուրքիայի միջև կատարվողը համարել բանակցություն. դրանք միակողմանի՝ Թուրքիայի կողմից Հայաստանի իշխանությանը փոխանցվող տեղեկատվության փոխանցում է և դրանց համահունչ ՀՀ դե ֆակտո իշխանության կողմից իրականացվող քայլեր են։ Այնպես չէ, որ կա բանակցություն, ինչը ենթադրում է երկու կողմերի միջև հավասարաչափ ներկայացվածություն, ոչ թե թուրքական պայմաններ և դրանք բավարարելու տեխնիկական հարցերի քննարկում։ Օրինակ՝ Տավուշի մարզում մեր երկրի անվտանգության գոտին փլուզվում է, մենք այդ հատվածում հայտնվում ենք շրջափակման մեջ, իսկ դա հայկական կողմը ներկայացնում է՝ որպես անվտանգության ռիսկերի մեղմացում, ողջունում են այդ գործընթացը Թուրքիան և Ադրբեջանը»,- ասաց Գեղամյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ Թուրքիան գնալով մեծացնում է իր ազդեցության գոտին Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանում, և ուշագրավ է, որ Թուրքիայի այդ քաղաքականությունը ողջունում է հավաքական Արևմուտքը։

«Թուրքիան ձգտում է ռազմավարական ինքնավարության, մեծացնում է իր վերահսկողության գոտին Հայաստանում։ Հարավային Կովկասում ինչ անում է, դա համընկնում է Արևմուտքի շահերի հետ։ Ուշագրավ է, որ այն ամենը, ինչ արվում է, արվում է խաղաղության անվան տակ, որը չկա։ Պատերազմից արդեն 4 տարի է անցել, ինչը բավականին ժամանակ էր որևէ հռչակագրային փաստաթուղթ կնքելու համար։ Թուղթը չկա, փոխարենը՝ կա խաղաղության պայմանագրի խայծը և դրանով անընդհատ Հայաստանից տարածքներ պոկելու մարտավարություն»,- ասաց թյուրքագետը՝ նշելով, որ խաղաղություն անունը կրող խայծն իրականում անընդհատ հեռանում է մեզնից, զուգահեռաբար՝ Հայաստանի իշխանությունն Ադրբեջանին և Թուրքիային տալիս է նրանց պահանջածը։

«Արդյունքում՝ Խաղաղության պայմանագիր կնքելու բան էլ չի մնալու»,- ասաց Գեղամյանը։

«Թուրքիայի համակարգմամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ շարունակում են վարել պատերազմ՝ ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաև քաղաքական, քարոզչական, գաղափարական և այլն. փաստացի բարոյական իմաստով ցանկանում են չեզոքացնել հայկական դիմադրությունը և նաև ստեղծել իրավական հիմքեր, որ հետո կարողանան դրան հղում անելով՝ ավելի շատ բան պոկել Հայաստանից։ Ամեն ինչ տանում է նրան, որ Հայաստանի իշխանությունը կարող է ներողություն խնդրել Խոջալուի, այսպես կոչված, ցեղասպանության համար, իսկ դրա հետևանքը լինելու է այն, որ ամեն մի արական սեռի հայ, որ 1992 թվականից իր պարտքն է կատարել հայրենիքին, դառնալու է Ալիևի համար թիրախ. Օրինակ, չի բացառվում, որ Թիֆլիս գնացող հային բռնեն և ասեն, որ կապված է Խոջալուում կատարվածի հետ։ Հայաստանի արական սեռի գրեթե բոլոր ներկայացուցիչները դառնում են Ադրբեջանի իրավական լեգիտիմ թիրախ, իսկ եթե կարծում եք, որ դա Ադրբեջանը չի անի, նայեք Ադրբեջանի բանտերում պահվող մեր հայորդիներին։ Սա նոր ոճի գաղութատիրություն է, հայը կախյալ վիճակում է՝ չգիտի, թե որտեղից կարող են իրեն ձերբակալել»,- ասաց Գեղամյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս