Ներկա փուլում Թուրքիայի նախապայմանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն է. Ռուբեն Սաֆրաստյան
Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների և ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի բյուջեով արտաքին քաղաքականության ոլորտում տարեկան կատարողականի հաշվետվության ընթացքում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել էր նաև հայ-թուրքական հարաբերություններին։
Ըստ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի, հայ-թուրքական հարաբերություններում ընթանում է առողջ երկխոսություն։
«Մենք պատրաստ ենք շարունակել այդ երկխոսությունը։ Ցավոք, կան նաև պայմանավորվածություններ, որոնցից հիմնականները դեռ կյանքի չեն կոչվել՝ պայմանավորված 3-րդ գործոններով»,- ասել է Արարատ Միրզոյանը։
Թուրքիայի նախագահը բազմիցս խոսել է իր առաջ քաշած նախապայմանների մասին, որոնք կատարելու դեպքում միայն Հայաստանը կարող է կարգավորել իր հարաբերությունները Թուրքիայի հետ։ Էրդողանը մշտապես խոսել է ՀՀ սահմանադրությունը փոխելու, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու, Արարատ լեռը ՀՀ խորհրդանիշներից հեռացնելու և այլ նախապայմանների մասին, մինչդեռ ՀՀ իշխանւթյունները հայտարարում են, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն ընթանում է առանց նախապայմանների։
Հայ-թուրքական հարաբերություններում առողջ երկխոսությունն ինչի՞ն կարող է վերաբերել և առհասարակ Թուրքիայի առաջ քաշած նախապայմաններից հետո Թուրքիայի հետ երկխոսությունը կարո՞ղ է առողջ լինել։
168.am-ի հետ զրույցում ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը խոսելով այս հարցերի շուրջ, ասաց՝ ներկա փուլում Թուրքիայի նախապայմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն է։
«Հիմա իրավիճակը Թուրքիայի և շատերի կողմից այնպես է գնահատվում, որ բանակցային գործընթացն ընթանում է առաջ, այդ պատճառով էլ Թուրքիան անում է համապատասխան հայտարարություններ։ Նախապայմանը, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է կնքեն խաղաղության պայմանագիր, և միայն դրանից հետո Թուրքիան պետք է մտածի հարաբերությունների կարգավորման մասին՝ մնում է, սա ակնհայտ է։
Դժվարանում եմ այս պահին ասել՝ մնացած նախապայմանները՝ կապված, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի», Ցեղասպանության միջազգային ճանաչման հետ, կլինեն ա՞յս փուլում, թե՞ դրանք Թուրքիան կթողնի հետագայի համար, որոշակի հնարավորություն տալով, որ բանակցային գործընթացը Հայաստանի և Թուրքիայի միջև շարունակվի, և փորձ անի այդ բանակցային գործընթացում պարտադրել մյուս պահանջները»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Ինչ վերաբերում է Մարգարայի անցակետի շահագործման հնարավորություններին, որը պատրաստ է նախորդ տարվա դեկտեմբերից, Ռուբեն Սաֆրաստյանը կրկնեց միտքը՝ մինչև Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրվի խաղաղության պայմանագիրը, այդ անցակետը չի շահագործվելու։ Սա ևս Թուրքիայի պահանջներից մեկն է։
«Մինչև այդ պայմանագիրը չստորագրվի, Թուրքիայի կողմից որևէ լուրջ քայլ՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, սահմանը բացելու, այդ անցակետը շահագործելու առումով, չի լինելու»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ռուբեն Սաֆրստայանի գնահատմամբ՝ ներկա փուլում Ադրբեջանը որևէ մտավախություն չունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ, որովհետև Թուրքիայի ու Ադրբեջանի ինտեգրումը բավականին խորացել է՝ մասնավորապես «Շուշիի» հռչակագիրը 2021 թվականին ստորագրելուց հետո։
«Ադրբեջանն ըստ էության ծառայում է Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության իրականացման համար՝ որպես միջոց ու գործիք։ Այնպես որ, Թուրքիայի կողմից որևէ քայլ, որը դեմ կլինի Ադրբեջանին, չի լինելու։ Սա բացառվում է, քանի որ նրանք ինչ-որ մի բան անելուց առաջ միասին քննարկում են»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը։