Բոլորը, բացի մեկից

Գործող իշխանություններն ամուր կպել են իրենց աթոռներից, թաքնվել են ոստիկանական մահակի ետևում և փորձում են ամեն գնով պահել իրենց աթոռները։

Վեց տարի միայն արհավիրք են բերել ու դեռ համարում են, որ իրենք մեղավոր չեն, չեն ուզում հեռանալ։ Համատարած բոլորը մեղավոր են, բացի մեկից, և այդ մեկն իշխանությունն է։ Որ երկիրը գտնվում է այս վիճակում, մեղավոր են նախկին իշխանությունները, եկեղեցին, նախկին գեներալները, զինվորակաները, ընդդիմադիրները, քաղաքական գործիչները, գիտնականները, ուսուցիչները, դերասանները, տնտեսագետները, բժիշկները, սովորական քաղաքացիները, բոլոր նրանք, ովքեր դեմ են իշխանությունների իրականացրած այն քաղաքականությանը, որը երկիրը կանգնեցրել է լինելիության խնդրի առաջ, բայց ոչ իրենք։

Իշխանությունն իրենք են, բոլոր լծակներն իրենց ձեռքում են, բայց մեղավորն ուրիշներն են, որ երկիրն այս վիճակում է։

Իշխանության եկած օրվանից միայն պատերազմներ են բերել, ասում են՝ մենք խաղաղության իշխանություն ենք, նախկինները՝ պատերազմի հրձիգներ։

Կարդացեք նաև

Ձախողում են բանակցային գործընթացը, երկիրը ներքաշում են պատերազմի մեջ, իրենց ապաշնորհությամբ պատերազմում պարտվում ենք, բոլորը մեղավոր են, իրենք՝ ոչ։

Նշաձողն իջեցնում են, Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս, ասում են՝ Արցախը նախկիններն են հանձնել։

Արցախը համարում են Ադրբեջանի տարածք, ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախն էլ հետ, Ադրբեջանը փակում է սահմանները, ասում են՝ ռուսներն են մեղավոր, որ թույլ են տվել Ադրբեջանին փակել Լաչինի միջանցքը։

Այդքանից հետո՝ Ադրբեջանը հարձակվում է մենակ ու անպաշտպան մնացած Արցախի վրա, անհավասար կռվում Արցախին թողնում են միայնակ՝ մի քանի անգամ ավել ադրբեջանական հրոսակների դեմ, հրաժարվում են երաշխավորի իրենց ստանձնած պարտավորություններից, մարդիկ ստիպված լքում են իրենց տունն ու տեղը, մեղադրում են Արցախի նախկին-ներկա ղեկավարներին ու արցախցիներն, որ չկարողացան պաշտպանել Արցախը, թողեցին-դուրս եկան։

Ասում են՝ մնայիք՝ Արցախը պաշտպանեիք։

Առանց կռվի հայկական հողերը, ճանապարհներն ինքնակամ  հանձնում են Ադրբեջանին, հետ են քաշում զորքերը, թույլ չեն տալիս կրակել, հետո մարդկանց մեղադրում են, որ չեն կատարել իրենց պարտականությունները։

Երկրի անվտանգության պատասխանատուն իրենք են, իրենք են պարտավոր ամրացնել երկրի սահմանները, կազմակերպել պաշտպանությունը, ոչիչն չեն կարողանում անել, էլի ուրիշներին են մեղադրում, ասում են՝ ՀԱՊԿ-ն է մեղավոր, ռուսն է մեղավոր, որ չեկան մեզ պաշտպանեին։

Հարաբերությունները փչացնում են դաշնակիցների հետ, լուտանքներ թափում, ցուցադրաբար դեմարշներ են կազմակերպում, կողմնորոշումներ են փոխում, մտնում աշխարհաքաղաքական խաղերի մեջ, հետո դժգոհում են, թե ինչո՞ւ չեն կատարում իրենց գործընկերային պարտավորությունները։

Որ թշնամին մտել է Հայաստանի տարածքներ, դիրքավորվել, նշանառության տակ առել հայկական բնակավայրերն ու կենսական նշանակության օբյեկտները՝ պարզվում է, բոլորը մեղավոր են, իսկ իշխանությունները բացարձակ մեղք չունեն։

Տավուշի գյուղերը, ճանապարհները, կամուրջները հանձնում են, ադրբեջանցիներին բերում նստացնում են մարդկանց քթի տակ, անվտանգության ոչ մի երաշխիք չեն տալիս, մեղադրում են քաղաքացիներին, որ ընդդիմանում են՝ ահաբեկում են, բիրտ ուժ են կիրառում, տարբեր ձևերով փորձում են լռեցնել։ Ասում են՝ դուք եք մեղավոր, որ սահմանն այդտեղով անցավ։ Եթե չբողոքեիք՝ կարող էր ավելի լավ լինել։ Բողոքեցիք՝ Ալիևը ջղայնացավ ու սահմանն այդտեղով անցկացրեց։

Խայտառակություն է, բայց սա է։

Երկրի առաջնային կարևորության խնդիրների ձախողումները փորձում են կոմպենսացնել կեղծ տնտեսական հաջողություններով, աննախադեպ աճերով։ Ստերով ու կեղծիքներով են լցնում մարդկանց գլուխները։

Համաշխարհային մակարդակի աճերից են խոսում, երբ տնտեսությունը կաթվածահար վիճակի են հասցրել։ Միայն հողերը չէ, որ հանձնել են, անվտանգային համակարգերը չէ, որ զրոյացրել են, նաև տնտեսությունն են ավերել։

Հարցրեք ցանկացած տնտեսագետի, որը մի քիչ տիրապետում է տնտեսական իրավիճակին, կասի, թե ուր է գլորվում մեր տնտեսությունը։

Այն աճերը, որոնք ցույց են տալիս, իրական տնտեսությունից դուրս են։ Իրական տնտեսությունը կործանել են։

Այս տարիների ընթացքում դժվար է հիշել մի արտադրական ձեռնարկության գործարկում, որը լավագույն դեպքում՝ մի քանի ամիս հետո չի փակվել։

Վերջին ամենաթարմ օրինակն ավտոմեքենաների արտադրությունն էր, որը բացվելուց կարճ ժամանակ անց, ինչպես սովորաբար լինում է, փակվեց։ Արդեն կես տարուց ավելի է, չի գործում։ Կասկած չկա, որ այլևս չի էլ գործելու, ինչպես նախկինում բացված նման մի քանի այլ արտադրություններ, որոնցով Հայաստանի և համաշխարհային շուկաները պիտի նվաճեին։

Տնտեսության վիճակը սարսափելի վատ է։ Եվ դա արտահայտվում է բազմաթիվ ոլորտներում արտադրության ծավալների կրճատման տեսքով։ Շատ ճյուղերում դա տեղի է ունենում նախորդ տարիների կրճատումներից հետո։ Արտադրության ծավալների կրճատման վրա՝ կրճատումներն են լինում։

Աճերն էլ, որոնք կան, այնպիսի ոլորտներում են, որոնք արդյունք չեն ստեղծում։

Ժամանակին մի բան լավ էին յուրացրել, հասարակության աչքը մտնելու համար ասում էին՝ տնտեսական աճը պիտի ներառական լինի, աճի բարիքները պետք է համաչափ բաշխվեն։

Հիմա տեսեք, թե ինչքանով են համաչափ բաշխել. իրենց եկամուտները շեշտակի ավելացրել են, ընդհուպ՝ միլիոնավոր դրամներով, իսկ հարյուր-հազարավոր սոցիալական անապահովների թոշակներն ու նպաստները բարձրացրել են ընդամենը մի քանի հազարով, հարյուր-հազարավոր աշխատողների աշխատավարձերը՝ նույնպես։ Այդ մի քանի հազար դրամն էլ համատարած թանկացումների բաժին է դարձել։

Սոցիալական բևեռացումը միայն խթանել են։ Արել են այնպես, որ հարուստներն ավելի հարստանան, աղքատներն ավելի աղքատանան։

Իշխանությունն իրենք են, լծակներն իրենց ձեռքում են, պետության կառավարումը համատարած ձախողել են, ու այդքանից հետո, բոլորը մեղավոր են, բացի իշխանությունից։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս