
Նախարարի աղետալի կադրային քաղաքականությունը՝ ադրենալինը կորտիզոլից չտարբերող հաղորդավար-տնօրեն, ստախոս փոխնախարար, քրեական անցյալով ՊԱԳ-ի պետ. Անուշ Պողոսյան
Անահիտ Ավանեսյանի կադրային քաղաքականության վնասներն առողջապահական համակարգը տեսնելու է դեռ տասնամյակներ։
Այս մասին 168TV-ի «Առողջ որոշում» հաղորդաշարի ժամանակ ասաց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը:
Այս անգամ նա անդրադարձել է, օրինակ՝ Սամվել Խարազյանի նշանակմանը Պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) պետ, որը 2016 թ. ձերբակալվել էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և կեղծ փաստաթղթերով վնաս պատճառելու կասկածանքով։
«Ի դեպ, այս գործով անցնող Նորա Փահլևանյանը, ով «հայտնի» է 2014-2015 թթ. առողջարանային կեղծ ուղեգրումների գործով, նշանակվեց «Արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի» պետ»,- ասաց Անուշ Պողոսյանը:
Վերջինիս խոսքով՝ Դատաբժշկական գիտագործական կենտրոնի ներկա տնօրենը՝ Արթուր Պետրոսյանը, ով մասնագիտությամբ կապ չունի դատաբժշկության հետ, մրցույթում չի կարողացել հաղթել և նորից նշանակվել է որպես պաշտոնակատար:
«Նա դատական բժշկության մեջ ունի անհայտ կենսագրություն: Միայն գիտենք, որ եղել է ոստիկանության հոսպիտալի, իսկ այնուհետև՝ ոստիկանության բժշկական վարչության պետ։ Պետրոսյանը փոխարինել է դատաբժշկության ոլորտի պրոֆեսոր Մհեր Բիշարյանին և պատկերացում չունի իր գործից»,- ասաց Անուշ Պողոսյանը:
ՀՎԿԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանն էլ, ըստ Անուշ Պողոսյանի, եղել է հաղորդավար, այնուհետ աշխատել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնում՝ որպես բժիշկ, հայտվել ինֆեկցիոն հիվանդանոցում՝ որպես տնօրեն, և կարճ ժամանակ հետո նշանակվել ՀՎԿԱԿ տնօրեն։
«Զրո փորձ և գիտելիքներ, որի ապացույցն էր Ազգային ժողովում նրա ելույթի ժամանակ պնդումը, որ ադրենալինը և կորտիզոլը նույն հորմոններն են։ Փոխնախարար Լևոն Հակոբյանը, ով Կարեն Կարապետյանի («Տաշիր գրուպ») միջնորդությամբ իր զինվորական ծառայությունն անցկացրել է ՊՆ շենքում, ապա նորից աշխատել «Տաշիր ինվեստ գրուպի» տնօրեն, այժմ առողջության փոխնախարար է արդեն երկրոդ անգամ. ժամանակին նրան հեռացրել էր Արսեն Թորոսյանը»,- ասաց առողջապահության ոլորտի մասնագետը:
Նա հիշեցրեց՝ 2024թ. դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր գյուղական ամբուլատորիաների անտրամաբանական օպտիմալացման ծրագիրը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը շատ վստահ պատմում էր, որ ինքն աշխատել է ՌԴ-ում՝ որպես ընտանեկան բժիշկ, և մասնակից է եղել մի շարք նմանատիպ բարեփոխումների:
«Փոխնախարարը հեգնում էր փորձառու մասնագետներին, որ ինքը բոլորից լավ է տիրապետում դրանց, քանի որ աշխատել է՝ որպես ընտանեկան բժիշկ: Եվ ահա պարզվում է, որ Արտակ Ջումայանը մասնագիտությամբ թերապևտ է, աշխատել է բացառապես մոսկովյան մի քանի պոլիկլինիկաներում և ախտորոշիչ կենտրոններում՝ որպես թերապևտ կամ ծառայության ղեկավար, ընդ որում՝ հաճախ միաժամանակ մի քանի աշխատատեղ է ունեցել: Նրա աշխատանքային գործունեությունը աղերս չի ունեցել գյուղական ընտանեկան բժշկության հետ, որի մասին արեստավարժ «ստում էր» փոխնախարարը»,- ասաց Անուշ Պողոսյանը:
Մարտունու ԲԿ-ի տնօրենը, վերջինիս խոսքով, այդ պաշտոնին նշանակվել է փաստաթղթերի կեղծմամբ, որի վերաբերյալ այս պահին հարուցված է քրեական գործ։
Մանրամասները՝ տեսանյութում:
Բաժանորդագրվեք յութուբյան մեր ալիքին https://www.youtube.com/@168amofficial, գրեք ձեր հարցերը ձեզ հուզող խնդիրների մասին: