
«Երբ ճանաչում ես արմատներդ՝ սկսում ես հարգել ուրիշներին»․ Ալեսսանդրո Իենցին՝ մարդու իրավունքների վրա մշակույթի և արվեստի ազդեցության մասին
168TV-ն շարունակում է համագործակցությունը Մարդու Իրավունքների Գլոբալ Կամպուսի հետ՝ լուսաբանելով մարդու իրավունքների հետ կապված խնդիրները՝ ինչպես Եվրոպայում, այնպես էլ՝ ամբողջ աշխարհում։
Երկրորդ թողարկման շրջանակում մենք զրուցել ենք իրավաբան, դերասան Ալեսսանդրո Իենցիի հետ, որը նաև Raizes Teatro թատերական կազմակերպության հիմնադիրն է:
Ալեսսանդրո Իենցին իրավաբանական կրթություն ստացել է 2007 թվականին Պալերմոյի համալսարանում, իսկ հետագայում ստացել է մագիստրոսի աստիճան միջազգային հարաբերությունների և մարդու իրավունքների միջազգային պաշտպանության ոլորտում՝ Հռոմում։
«Մի քանի տարի որպես իրավաբան աշխատելուց հետո ցանկացա բացահայտել արվեստի, հատկապես՝ թատրոնի աշխարհը։ Այդ պատճառով սկսեցի աշխատել որպես պրոֆեսիոնալ դերասան՝ հեղինակավոր թատերախմբերից մեկում։ Ճամփորդում էի ամբողջ Եվրոպայով, և որոշ ժամանակ անց որոշեցի համադրել երկու ոլորտները՝ արվեստն ու իրավունքը։ Ես հասկացա արվեստի և թատրոնի ուժը՝ որպես մի լեզվով ամբողջ աշխարհում երկխոսություն ստեղծելու միջոց: Այդպես ստեղծեցի Raizes թատրոնը, որը գտնվում է Պալերմոյում, սակայն այժմ գործում է ամբողջ աշխարհով՝ արվեստի միջոցով խթանելով մարդու իրավունքները»,- 168TV-ի հետ զրույցում ասաց նա:
Մարդու Իրավունքների Գլոբալ Կամպուսի հետ համագործակցությունը սկսվել է 2021 թվականին, երբ Ալեսսանդրոն մասնակցել է Գլոբալ Կամպուսի կողմից կազմակերպվող մարդու իրավունքների կինո-դպրոցին:
«Այս փորձառությունից հետո Նյու Յորքում հաղթեցի միջազգային մարդու իրավունքների արվեստի փառատոնում և որոշեցի ստեղծել մի ծրագիր, որը կոչվում էր «Մարդու ազատություն»։ Դա մեկ տարվա ծրագիր էր՝ նվիրված մարդու իրավունքների խթանմանը արվեստի միջոցով։ Այդ պահից սկսած՝ մենք որոշեցինք խորացնել արվեստի և իրավունքի կապը։ Ամեն տարի մենք համատեղ կազմակերպում ենք միջազգային ներկայացումներ, մասնակցում ենք կարևոր համաժողովների։ Այս տարի, օրինակ, մենք բացեցինք Երեխաների իրավունքների համաշխարհային կոնգրեսը Մադրիդում»,- նշեց նա։
Raizes Teatro-ի ներկայացումները կենտրոնանում են այնպիսի թեմաների վրա, ինչպիսիք ենք՝ բնապահպանական խնդիրները, գենդերային հավասարությունը, հաշմանդամության և ներառականության հարցերը, արտահայտման ազատությունը, երիտասարդության իրավունքները, երիտասարդների ժողովրդավարական մասնակցությունը, փախստականների իրավունքները, ինչպես նաև թմրադեղերի անօրինական շրջանառության խնդիրը:
«Թեման կախված է այն փոփոխությունից, որը ցանկանում ենք իրականացնել։ Մեր առաքելությունն է՝ ստեղծել փոփոխություն, այդ թվում՝ համագործակցելով քաղաքական ինստիտուտների հետ, փոխելով օրենսդրական դաշտը և բարելավելով իրավական ստանդարտները։ Սիցիլիայում, օրինակ, մենք շատ ենք աշխատում միգրանտների համայնքների, հատկապես՝ առաջին սերնդի ներկայացուցիչների հետ։ Աֆրիկայից ժամանող շատ անչափահասներ անցնում են անապատը, ծովը՝ զրկված լինելով հիմնական իրավունքներից։ Երբ հասնում են այստեղ, չունեն կրթություն, չեն օգտվում պետական ծառայություններից։ Շատ կարևոր է նրանց ձայները վերածել երիտասարդ առաջնորդների ձայների, որոնք կարող են արտահայտել իրենց կարիքները և ներկայացնել դրանք ինստիտուտներին»,- ընդգծեց նա։
Միգրանտների իրավունքների հիմնական մարտահրավերներից նա առանձնացրեց կրթության խնդիրը: «Մենք պետք է ապահովենք այս մարդկանց կրթությամբ, որպեսզի նրանք կարողանան լիարժեք ինտեգրվել։ Նրանք պետք է սովորեն եվրոպական լեզուներ, հասկանան մեր մտածելակերպը և կարողանան համադրել իրենց մշակույթն ու արժեքները մեր համակարգի հետ։ Սա երկար ճանապարհ է, բայց հնարավոր է։ Պետք է կազմակերպել նրանց կեցությունը, աշխատանքն ու կրթությունը Եվրոպայում»,- ասաց մեր զրուցակիցը:
Ալեսսանդրո Իենցին հավատացած է՝ արտահայտման ազատությունը պետք է ծառայեցվի երկխոսություն ստեղծելուն, այլ ոչ թե պատեր կառուցելուն․ «Խաղաղության հասնելու համար պետք է տարբերակել արտահայտման ազատության սահմանափակումները՝ ազգային և միջազգային շրջանակներում։ Ազգային մակարդակում դրանք կախված են կառավարության որոշումներից՝ ինչն է թույլատրելի, ինչը՝ ոչ։ Այս պարագայում մենք կարող ենք ստեղծել երկխոսություն պետական ինստիտուտների, միջազգային կազմակերպությունների և կառավարությունների միջև»։
Նրա կարծիքով, մարդու իրավունքները՝ հատկապես արտահայտման ազատությունը, մշտապես պահանջում են աշխատանք․ «Արտահայտման ազատությունը պարզապես տեղեկատվություն տալու կամ տարածելու իրավունքը չէ։ Դա չի նշանակում տարածել կեղծ լուրեր կամ տեսակետներ, որոնք անընդունելի են։ Մենք պետք է աշխատենք ինքներս մեզ հետ՝ ճանաչենք մեր արմատները, մշակույթը, արժեքները, որոնք պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա»։
Նա շեշտեց՝ արվեստը շատ կարևոր է այս գործընթացում, քանի որ «այն կարող է հավասարակշռել մեր հոգին, օգնել վերագտնել մեր արժեքային համակարգը, ճիշտ ձևով արտահայտվել և կապ հաստատել մյուսների հետ»։
Մանրամասները՝ տեսանյութում