
Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին զեկույց է ներկայացրել իր տարածքի վրա իսրայելական հարձակումների մասին

Նյու Յորքում ՄԱԿ-ին կից Իրանի մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին զեկույց է ուղարկել՝ մանրամասն նկարագրելով անցյալ ամիս Իսլամական Հանրապետության դեմ պատերազմի ընթացքում Իսրայելի կատարած հանցագործությունները, հայտնում է Mehr-ը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին և Անվտանգության խորհրդի գործող նախագահ Ասիմ Իֆթիխար Ահմադին հասցեագրված նույնական նամակներում իրանական առաքելությունը ներկայացրել է հունիսյան 12-օրյա ռազմական ագրեսիայի ընթացքում տեղի ունեցած խախտումների, հատկապես կանանց և երեխաների մասով, սպառիչ հաշվետվություն։
Զեկույցն ուղարկվել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ երեխաների և զինված հակամարտությունների հարցերով հատուկ ներկայացուցչին, ինչպես նաև ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին (ՅՈՒՆԻՍԵՖ)։
Ըստ նամակին կից զեկույցի, հունիսի 13-ի վաղ առավոտյան սկսված իսրայելական հարձակումներին զոհ է դարձել 1100 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 132 կին և 45 երեխա։ Զեկույցում նշվում է, որ այդ հարվածները հասցվել են քաղաքացիական օբյեկտներին և կենսական նշանակության ենթակառուցվածքներին, այդ թվում՝ հիվանդանոցներին, լրատվամիջոցներին և խաղաղ ատոմային օբյեկտներին հարվածելու մտադրությամբ՝ ԱՄՆ-ի և մի շարք արևմտյան երկրների զգալի ռազմական, հետախուզական և քաղաքական աջակցությամբ։
Իրանի առաքելությունը կոչ է արել Անվտանգության խորհրդին ուշադրություն դարձնել իսրայելական ռեժիմի և նրա դաշնակիցների համակարգված անպատժելիության վրա՝ պահանջելով վճռական գործողություններ ձեռնարկել մեղավորների նկատմամբ։