Շշմած էի. երկրի գլխավոր դատախազը Հ1-ի եթերում մարդ էր դատում. մարդուն դատարանը պիտի դատի. Հրայր Բալյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում հյուրն ամերիկահայ կոնֆլիկտաբան, միջազգային հակամարտությունների կարգավորման մասնագետ, իրավագիտության դոկտոր Հրայր Բալյանն էր:

Ամերիկահայ հայտնի կոնֆլիկտաբան, միջազգային իրավունքի, միջազգային հակամարտությունների կարգավորման և բանակցությունների մասնագետ (Conflict Resolution, International Law, Mediation), իրավագիտության դոկտոր Հրայր Բալյանը եղել է ԱՄՆ-ի 39-րդ նախագահ Ջիմի Քարտերի ելույթների հեղինակներից, նա 2008-2022թթ. եղել է «Քարտեր կենտրոնի» (The Carter Center) Հակամարտությունների լուծման ծրագրի տնօրենը:

Հրայր Բալյանը վերահսկելով ծրագիրը՝ մոնիթորինգի է ենթարկել ամբողջ աշխարհում առկա հակամարտությունները և համակարգել այդ կենտրոնի միջծրագրային ջանքերը Մերձավոր Արևելքում: Նա նաև դասավանդել է Էմորի համալսարանի իրավաբանական դպրոցում (Emory University School of Law):

1991 թվականից ի վեր Հրայր Բալյանն աշխատել է Բալկաններում, Արևելյան Եվրոպայում, նախկին Խորհրդային Միությունից անկախացած պետություններում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում՝ ծառայելով միջկառավարական կազմակերպություններում (ՄԱԿ և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն (the United Nations and the Organization for Security and Cooperation in Europe)) և ոչ կառավարական կազմակերպություններում («Միջազգային ճգնաժամային խումբ» և այլն (International Crisis Group and others)):

Կարդացեք նաև

Նա աշխատել է ընտրությունների կազմակերպման և վերահսկողության, մարդու իրավունքների և հակամարտությունների լուծման ոլորտներում:

Հրայր Բալյանը ստացել է իրավագիտության դոկտորի աստիճան Սան Ֆրանցիսկոյի «Ոսկե դարպաս» համալսարանում (Golden Gate University in San Francisco):

2009 թվականի մայիսին Նոր Անգլիայի քոլեջը (New England College) Հրայր Բալյանին շնորհել է իրավունքի դոկտորի աստիճան՝ պատվո աստիճան՝ «ողջ կյանքի ընթացքում բոլոր ժողովուրդների արժանապատվությանը, հարգանքին և ինքնորոշմանը նվիրվածության» և «միջազգային հակամարտությունները լուծելու անզիջում ջանքերի» համար:

Հարցազրույցի ընթացքում հեղինակավոր իրավաբանն անդրադարձել է նաև ներհայաստանյան իրավիճակին, իրավունքի ու իրավագիտության հետ կապ չունեցող գործընթացներին:

«Երրորդ շաբաթն է՝ Հայաստանում եմ, ամեն օր ձերբակալություններ ու խուզարկություններ եմ տեսնում… Երկու արքեպիսկոպոս է կալանավորվել։ Ինձ համար մտահոգիչ է, որ երկրի գլխավոր դատախազը Հանրային հեռուստաընկերությունում հարցազրույցի ժամանակ արդեն դատեց բոլոր կալանավորվածներին ու ոտնատակ տվեց անմեղության կանխավարկածը։ Մարդուն դատարանում պիտի դատեն, ոչ թե Հանրային հեռուստաընկերության տաղավարում։ Այդ մարդիկ այնտեղ չէին, չէին կարող իրենց իրավունքները պաշտպանել։ Դա անթույլատրելի է, ինչպե՞ս կարելի է նման բան թույլ տալ»,- ասաց Հրայր Բալյանը:

Նրա խոսքով՝ անընդունելի է այն բառապաշարը, որով երկրի ղեկավարն անվանում է Եկեղեցու սպասավորներին։ Չի կարելի արքեպիսկոպոսներին ասել «շնաբարո դուրսպրծուկ»դա ի՞նչ բառապաշար է…

«Չի կարող մարդու շապիկի վրա գրված Դաշնակցության «Մա՛հ կամ ազատություն» կարգախոսը հանցագործության տարր լինել։ Սա ի՞նչ անլուրջ վերաբերմունք է։

Ես կուզեի՝ ընդդիմությունը միասնականորեն պաշտպան կանգներ քաղաքական հալածվողներին։ Ես նախկին դաշնակցական եմ, բայց երբ հիմա տեսնում եմ՝ ՀՅԴ-ն հալածվում է, ասում եմ՝ ես ներկա դաշնակցական եմ, պաղեստինցին է հալածվում՝ ես պաղեստինցի եմ, ես բոլոր հալածվողների կողքին եմ»,- ասաց Հրայր Բալյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս